2024 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 57 775 գործարք է իրականացվել՝ 17%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Երևան քաղաքը շարունակում է գործարքների քանակով առաջատարը մնալ, նրան է բաժին ընկնում ընդհանուր գործարքների 28,9%-ը։ Երևան քաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, որին բաժին է ընկնում ընդհանուր գործարքների 16,5%-ը։
Իրականացված գործարքներում ամենամեծ մասնաբաժինն ունեն անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, որոնք թվով 13 131-ն են կամ ընդհանուր գործարքների 22,7%-ը։ Ընդ որում Երևան քաղաքում առուվաճառքի 4 294 գործարք է իրականացվել, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 3 278, իսկ գյուղական բնակավայրերում առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 5 559։
Երևան քաղաքում առուվաճառքի գերակշռող բաժինն ընկնում է բնակարանների առուվաճառքին՝ 8740 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 27,1%-ով։ Գործարքների աճող թվերն իրենց հետ բերել են նաև Երևան քաղաքում և ընդհանուր Հանրապետությունում բնակարանների գների աճի։
Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մետրի միջինացված արժեքները տատանվել են 219 300 ՀՀ դրամի (Նուբարաշեն վարչական շրջան, գոտի 11) և 1 126 700 ՀՀ դրամի (Կենտրոն վարչական շրջան, գոտի 1) միջակայքում՝ փաստում են ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Կենտրոն վարչական շրջանում գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 13,3%-ով, վարչական շրջանի առանձին գոտիներում աճը նույնիսկ հասել է 23,1%-ի։
Մարզերում նույնպես գրանցվել է բնակարանների գների աճ։ Ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր (բնակարանների միջին արժեքը 439 800 ՀՀ դրամ, 10,6%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում) և Աբովյան (բնակարանների միջին արժեքը 286 300 ՀՀ դրամ, 13,4%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքներում, ինչպես նաև Արմավիրի՝ Վաղարշապատ (բնակարանների միջին արժեքը 253 600 ՀՀ դրամ, 11,3%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքում։
Կարդացեք նաև՝
- Ի՞նչ փոփոխություններ սպասել անշարժ գույքի շուկայում
- Ինչպես վճարել եկամտային հարկն անշարժ գույքի վարձակալության վճարներից
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։