Ամփոփվել են «ԴԻՋԻԿՈԴ» ծրագրավորման 7-րդ մրցույթի արդյունքները

Վերջին լուրերը
Ամփոփվել են «ԴԻՋԻԿՈԴ» ծրագրավորման 7-րդ մրցույթի արդյունքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել իրենց ստեղծագործական ունակությունները: «ԴԻՋԻԿՈԴ»-ը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:

Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը և գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանին՝ նմանօրինակ ծավալուն և ժամանակակից պահանջներին համապատասխան գործընթացում մեծաթիվ պատանիներ ընդգրկելու համար:

«Սա այն բացառիկ միջոցառումներից է, որը խթանում է նաև հանրակրթության ոլորտի առաջընթացը՝ սովորողների շրջանում առաջնային հետաքրքրություններ զարգացնելու ուղղությամբ: «ԴԻՋԻԿՈԴ» մրցույթի մասնակիցների նոր մտահղացումները և ինժեներական հետաքրքիր բացահայտումները տպավորիչ են: ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործունեությունը և հույս հայտնում, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կիրառումն էական նշանակություն կունենա ուսհաստատություններում բնագիտական ոլորտի զարգացման և բարձր արդյունքներ գրանցելու առումով»,- նշել է Անուշ Լալազարյանը՝ շնորհավորելով ոչ միայն հաղթողներին, այլև արմաթցիների ողջ անձնակազմին և խմբավարներին:

Անուշ Լալազարյանը մրցույթի 9 հաղթողներին հանձնել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր՝ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով այդպիսի տպավորիչ և հեռանկարային միջոցառման համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը. «Մոտ 10-12 տարի առաջ մենք ունեինք երազանք, որն այսօր արդեն իրականություն է։ «Արմաթ»-ում սովորող 18.000 երեխաներ իրենց տաղանդի, մոտիվացիայի և նվիրվածության շնորհիվ հրաշքներ են գործում՝ գերազանցելով մեր բոլոր սպասելիքները։ Այսօր արդեն արմաթցիները մեր տեխնոլոգիական համայնքի լիիրավ անդամներն են, և ես ուրախ եմ, որ մենք միասին կարողացանք սա իրականություն դարձնել»:

Նշենք, որ այս տարի մրցույթն իրականացվել է նաև մարզային փուլերով՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Գորիսում: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 942 թիմ՝ ավելի քան 1000 աշակերտ՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից, Հնդկաստանից և ԱՄՆ-ից: Եզրափակիչ փուլում իր աշխատանքները ներկայացրել է 60 թիմ՝ 72 աշակերտ:

Մրցույթն անցկացվել է հետևյալ անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադայի ձևաչափով», «Սարքերի ինտեգրում՝ նոր տեխնիկական լուծում»:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները