Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականին ցուցադրել է բարձր շահութաբերություն և ամուր ֆինանսական դիրքեր։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Երևան այցից հետո հրապարակած հաղորդագրությամբ ընդգծել է, որ Հայաստանի բանկերը պահպանել են կայուն կապիտալի և իրացվելիության բուֆերներ։
«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային հաշվետվության համաձայն՝ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 11.97 տրիլիոն դրամ՝ աճելով 20.15 տոկոսով, իսկ վարկային պորտֆելը հասել է 7.16 տրիլիոն դրամի՝ գրանցելով 28.89 տոկոս աճ։ Համախառն պարտավորությունները կազմել են 9.94 տրիլիոն դրամ (աճ՝ 20.09%), իսկ ընդհանուր կապիտալը՝ 2.03 տրիլիոն դրամ (աճ՝ 20.44%)։
ԱՄՀ-ի գնահատմամբ՝ նման ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանի բանկային համակարգը կարողացել է պահպանել ֆինանսական կայունություն և հարմարվել տնտեսական միջավայրի փոփոխություններին՝ միաժամանակ պահպանելով բարձր շահութաբերություն։