Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2025 և 2026 թվականների համար։ Այս մասին նշվում է կազմակերպության հոկտեմբերյան World Economic Outlook զեկույցում։
Ըստ նոր կանխատեսման՝ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4,8%, մինչդեռ այս տարվա ապրիլյան զեկույցում ԱՄՀ-ն կանխատեսում էր 4,5% աճ։ Բացի այդ` հիմնադրամը սպասում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4,9%, որը կրկին բարձր է նախորդ կանխատեսումից (4,5%)։
Զեկույցում նշվում է նաև, որ գնաճը Հայաստանում 2025 թվականին կկազմի 3,3%, իսկ 2026 թվականին կդանդաղի մինչև 2,8%։
Հայաստանի պետական բյուջեում 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշը սահմանված է 5,1%, իսկ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 5,7–5,8%՝ կախված սցենարներից։
Տարբեր միջազգային կառույցներ ևս հրապարակել են իրենց կանխատեսումները Հայաստանի տնտեսության վերաբերյալ․
- Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է 5,5% աճ,
- Համաշխարհային բանկը՝ 5,2%,
- Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը՝ 5%,
- Ասիական զարգացման բանկը՝ 6%,
- Fitch Ratings գործակալությունը՝ 4,9%,
- իսկ ՄԱԿ-ը՝ 5,2% տնտեսական աճ։