ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին։
Սամանթա Փաուերը նշել է, որ ՀՀ կառավարությունը նվիրումով է մոտենում թվայնացմանը, տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը՝ ցանկանալով իրականություն դարձնել դրանց հետ կապված իրենց տեսլականը։
ՄԶԳ տնօրենն ընդգծել է, որ Amazon Web Service-ը Հայաստանին կօգնի արագորեն զարգացնել և թվայնացնել իր համակարգերը՝ տրամադրելով վերապատրաստման ծառայություններ ամպային հաշվարկների, կիբեռանվտանգության ոլորտներում՝ օգնելով Հայաստանին կառուցել իր ինքնիշխանությունը։ Այդ նախաձեռնությունը միջազգային գործարար համայնքի կողմից կարող է ավելի շատ հետաքրքրություն բերել դեպի Հայաստան, որը կստեղծի նաև նոր աշխատատեղեր, կօգնի ընտանիքներին, որպեսզի ավելի մեծ գումարներ սկսեն վաստակել։
Փաուերի խոսքով՝ այս ամենն արվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ օգնելու Հայաստանին կառուցելու արդյունավետ և երկարատև ժողովրդավարություն, որը կծառայի հայ ժողովրդին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը և Ամերիկայի ժողովրդին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
«Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաներն արագ փոխում են մեր ապրելակերպը, թվայնացումը դարձել է շարժիչ ուժ տնտեսությունն ու նորարարությունը խթանելու և կայուն զարգացում ապահովելու գործում», – ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ թվային վերափոխման ճանապարհին Հայաստանը խորապես կարևորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներդրումը հատկապես ծառայությունների օպտիմալացման, թվայնացման, կիբեռանվտանգության ուղղությամբ:
«Ծառայությունների օպտիմալացման ու քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով մենք սկսել ենք կիրառել տարբեր արդի մեթոդաբանություններ և վերջինիս գործիքակազմերով ներկայումս բարելավում ենք «ապրանքների ներմուծման» և «բիզնեսի գրանցման ու իրավունքների պաշտպանության» և այլ ընթացակարգեր: Արդյունքում կունենանք ամբողջությամբ թվայնացված ծառայություններ, որոնք հասանելի կլինեն քաղաքացիների համար ծառայությունների մատուցման ազգային հարթակում:
Մեր համատեղ աշխատանքի նշանակալի ձեռքբերումը եղել է ծառայությունների մատուցման հարթակի բջջային տարբերակի նախատիպի մշակումը: Այս նորարարությունն ավելի է մոտեցնելու ծառայությունները մեր քաղաքացիներին՝ ապահովելով կենսական ծառայություններից ցանկացած ժամանակ ցանկացած վայրում օգտվելու հնարավորություն»:
Իր խոսքում Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաև վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ամպային առաջինը» քաղաքականությանը, որով ամպային առաջադեմ ենթակառուցվածքների զարգացման համար իրավական հիմք է դրվել։ Նախարարը վստահաբար նշել է, որ այս հարցում ևս Հայաստանը կհամագործակցի ամերիկյան գործընկերների հետ՝ ապահովելու պետական և մասնավոր հատվածում կարողությունների զարգացումը՝ ամպային տեխնոլոգիաներին անցնելու նպատակով:
Եզրափակելով խոսքը Մխիթար Հայրապետյանն ընդգծել է Միացյալ Նահանգների հետ գործընկերության կարևորությունը Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման գործում՝ ի շահ ավելի դիմակայուն և տեխնոլոգիապես զարգացած Հայաստանի:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: