Ալբանիայում կառավարությունը պատմական քայլ է արել․ պետական գնումների ոլորտի նախարար է նշանակվել արհեստական բանականության համակարգ։ Այդ որոշմամբ երկիրը դարձել է առաջինը աշխարհում, որտեղ կառավարության կազմում պաշտոն է զբաղեցնում ոչ թե մարդ, այլ վիրտուալ ԱԲ օգնական։
Պետական գնումների ընթացակարգերը վերահսկելու համար մշակված «Diella» անվանումով համակարգը, որը ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արև», պատասխանատու է լինելու բոլոր պետական տենդերների կազմակերպման համար։ Վարչապետ Էդի Ռաման ընդգծել է, որ այս քայլի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել հարյուր տոկոս թափանցիկություն և բացառել կոռուպցիոն մեխանիզմները։
Ըստ կառավարության ծրագրի՝ աստիճանաբար նախարարություններից կհանվի պետական գնումների մրցույթների արդյունքների որոշման գործառույթը և կփոխանցվի ԱԲ-ին։ «Diella»-ն ուսումնասիրելու է յուրաքանչյուր տենդեր՝ ապահովելով պայմանագրերի կնքման օբյեկտիվություն ու հավասար պայմաններ մասնավոր ընկերությունների համար։
Արհեստական բանականության այս համակարգը նոր չէ Ալբանիայի համար․ արդեն հունվարից այն գործում է պետական e-Albania հարթակում՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ձայնային հրամաններով օգտվել շուրջ 95% էլեկտրոնային ծառայություններից։ Պաշտոնապես նախարար նշանակվելը դարձել է հակակոռուպցիոն պայքարի նոր քայլ՝ նշանավորելով տեխնոլոգիաների ներգրավման աննախադեպ օրինակ պետական կառավարման մեջ։











