Microsoft-ի և ԱՄՆ-ի Քարնեգի Մելլոնի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել և պարզել, որ աշխատանքում AI-ի չափից ավելի օգտագործումը կարող է թուլացնել քննադատական մտածողությունը և բացասաբար ազդել ճանաչողական կարողությունների վրա՝ ներառյալ տեղեկատվությունը վերլուծելու կարողությունը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ապավինում են արհեստական բանականությանը, միայն ստուգում են՝ արդյոք չաթ-բոտի պատասխանները կիրառելի են, բայց չեն զբաղվում ավելի բարձր մակարդակի քննադատական հմտություններով, ինչպիսիք են տեղեկատվություն ստեղծելը, գնահատելը և վերլուծելը: Արդյունքում աշխատակիցները զրկվում են «դատողություն կիրառելու և ճանաչողական հմտությունները ամրապնդելու սովորական հնարավորություններից՝ թողնելով նրանց անպատրաստ ոչ սովորական իրավիճակներին»,- ասվում է հոդվածում։
Հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 319 մարդ, ով ինտելեկտուալ աշխատանք է կատարում և օգտագործում է նեյրոնային ցանցեր՝ նամակներ գրելու, հետազոտություններ կատարելու կամ տվյալների վիզուալիզացիայի համար գրաֆիկներ ստեղծելու նպատակով: Հարցվածներին խնդրել են կիսվել, թե որքանով են վստահ իրենց, արհեստական բանականության և նեյրոնային ցանցի արդյունքները գնահատելու իրենց կարողության մեջ:
«Չնայած AI-ը կարող է բարելավել արդյունավետությունը, այն նաև նվազեցնում է քննադատական ներգրավվածության մակարդակը, հատկապես սովորական կամ պակաս արժեքավոր առաջադրանքներում, որտեղ օգտվողները վստահում են AI-ին: Սա անհանգստություն է առաջացնում տեխնոլոգիայից երկարաժամկետ կախվածության և խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակության կորստի վերաբերյալ»,- նշել են գիտնականները։