ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH»-ի համատեղ «Աքսելերացիոն ծրագիր»-ը մեկնարկել է մասնակցության հայտադիմումների ընդունման փուլը: Ծրագրի շրջանակում կիրականացվի 26 շաբաթյա «Աքսելերացիոն ծրագիր»՝ նախատեսված Հայաստանում գործող ոլորտային սկսնակ ընկերությունների համար:
Այս շաբաթների ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացման, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է հայաստանյան բոլոր այն սկսնակ տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք նպատակ ունեն զարգանալու, ներգրավելու վենչուրային կապիտալ ներդրումներ և ամրապնդելու իրենց ներկայությունը համաշխարհային շուկաներում։
Plug and Play Tech Center-ն աշխարհում բարձր հեղինակություն վայելող նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու համար տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հղումով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: