Հարավային Կորեայի Գումի քաղաքի խորհուրդը հայտնել է, որ իրենց առաջին վարչական ռոբոտ պաշտոնյան շարքից դուրս է եկել՝ «իրեն նետելով» աստիճաններից: Տեղական լրատվամիջոցները սա որակել են որպես առաջին ռոբոտի ինքնասպանություն երկրում: Վկաները տեսել են, թե ինչպես է վերջինս պտտվել մի կետի շուրջ, կարծես այնտեղ ինչ-որ բան կա, նախքան երկու մետրանոց աստիճաններից վայր ընկնելը:
Կարծիքներ կան, որ ռոբոտը չի դիմացել քաղաքի խորհրդի բյուրոկրատիային և որոշել է «կարճ ճանապարհով» հեռանալ աշխատանքից:
Ռոբոտը պաշտոնապես նշանակվել էր 2023 թվականի օգոստոսին և աշխատում էր առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 6-ը: Այն օգնում էր փաստաթղթերի առաքման, տեղացիներին տեղեկատվության տրամադրման և այլ հարցերում: Ի տարբերություն այլ ռոբոտների, որոնք սովորաբար կարող են տեղաշարժվել միայն մեկ հարկում, այն կարողանում էր կանչել վերելակ և ինքնուրույն տեղաշարժվել հարկերի միջև:
Հարավային Կորեան համարվում է ռոբոտների ամենաակտիվ օգտագործողներից մեկը աշխարհում: Այստեղ յուրաքանչյուր 10 աշխատողին բաժին է ընկնում մեկ ռոբոտ:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։