«Լավ ղեկավարն ինքը չի պահանջում հարգանք, այլ վաստակում է այն՝ իր վերաբերմունքով ու գործելաոճով»․ Էդիտա Այվազյան

Վերջին լուրերը
«Լավ ղեկավարն ինքը չի պահանջում հարգանք, այլ վաստակում է այն՝ իր վերաբերմունքով ու գործելաոճով»․ Էդիտա Այվազյան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիզնեսում հաջողելու համար անհրաժեշտ են  հարմարվողականությունը, վերլուծական մտածողությունը և համբերությունը։ Ահա այս հատկանիշներն է կարևորում բիզնեսում F.fect Studio-ի հիմնադիր և տնօրեն Էդիտա Այվազյանը, ով երկար տարիներ հայրենիքում գործունեություն ծավալելուց հետո իր մասնագիտական հմտություններն ու գաղափարները փորձում է իրացնել արդեն ԱՄՆ-ում։ Էդիտան «Մարքեթինգի Ամերիկյան Ասոցիացիայի» և «Եվրոպական սոցիալական մարքեթինգի ասոցիացիայի» անդամ է հանդիսանում, ունի ավելի քան 10 տարվա փորձառություն տարբեր ոլորտներում՝ ղեկավարելով  30-ից ավելի թվային արշավներ և կառավարելով  փոքր ու միջին ձեռնարկությունների բրենդերի ընդլայնումը։ 

How2B-ին տված հարցազրույցում Էդիտան մեզ հետ կիսվեց բիզնեսում հաջողելու, մենթորության դժվարությունների, Հայաստանում և ԱՄՆ-ում բիզնեսների զարգացման տեմպի, մարտահրավերների և մի շարք այլ թեմաների մասին։

Էդիտա, ո՞րն էր այն վճռորոշ պահը, երբ հասկացաք, որ պետք է ստեղծեք ձեր սեփական բիզնեսը։

— Որոշիչ պահը եկավ, երբ զգացի, որ իմ փորձն ու գիտելիքները բավարար են ոչ միայն աշխատելու, այլ նաև իրական արժեք ստեղծելու համար։ Տարիների ընթացքում տեսել էի, թե ինչ դժվարությունների են հանդիպում բիզնեսները թվային մարքեթինգում, և հասկացա, որ կարող եմ օգնել նրանց ավելի հեշտ ու արդյունավետ կառավարել այն՝ օգտագործելով արհեստական բանականության ու տվյալների ուժը։ Այդպես էլ ծնվեց F.fect Studio-ի գաղափարը։

— Ինչպիսի՞ հատկանիշներ են պետք այս գործում հաջողելու համար։

— Այս գործում հաջողելու համար կարևոր են հարմարվողականությունը, վերլուծական մտածողությունը և համբերությունը։ Մարքեթինգն ու տեխնոլոգիաները շատ արագ են փոխվում, ուստի պետք է միշտ պատրաստ լինել սովորելու և նոր բաներ փորձելու։ Կարևոր է նաև տվյալների հետ աշխատելու կարողությունը՝ հասկանալու, թե ինչ է իրականում պետք լսարանին, բայց միևնույն ժամանակ չկորցնել ստեղծարար մտածողությունը, որովհետև թվերն առանց լավ պատմության ազդեցություն չեն ունենա։ Եվ վերջում՝ համբերություն, որովհետև հաջողությունը չի գալիս միանգամից, այն կառուցվում է փորձի, սխալների և շարունակական զարգացման միջոցով։

«Լավ ղեկավարն ինքը չի պահանջում հարգանք, այլ վաստակում է այն՝ իր վերաբերմունքով ու գործելաոճով»․ Էդիտա Այվազյան

— Իսկ թիմի հետ աշխատանքային հարաբերություններում ի՞նչ մոտեցում պետք է ցուցաբերի լավ ղեկավարը։ 

— Կարծում եմ, որ լավ ղեկավարի կարևոր հատկանիշներն են վստահությունը, ճկունությունը և անկեղծությունը։ Վստահությունը՝ թիմին ազատություն տալու և նրանց կարողություններին հավատալու համար։ Ճկունությունը՝ տարբեր մարդկանց հետ աշխատելու և փոփոխվող իրավիճակներին արագ արձագանքելու համար։ Իսկ անկեղծությունը՝ առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու և բաց ու արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։ Լավ ղեկավարն ինքը չի պահանջում հարգանք, այլ վաստակում է այն՝ իր վերաբերմունքով ու գործելաոճով։

— Լինելով ընկերության հիմնադիր՝ ի՞նչ մարտահրավերների եք հանդիպել կառավարման և մենթորության ոլորտներում։

— Կառավարման ամենամեծ մարտահրավերը հավասարակշռություն պահելն է՝ ազատություն տալ թիմին, բայց նաև ապահովել, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ զարգանա։ Մենթորության տեսանկյունից դժվարությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր մոտեցումները, և կարևոր է գտնել ճիշտ ձևը՝ նրանց օգնելու զարգանալ առանց պարտադրելու սեփական տեսլականը։ Երբեմն պետք է թողնել, որ մարդիկ սխալվեն ու սովորեն, ինչը հեշտ չէ, բայց երկարաժամկետում ավելի արդյունավետ է։

— Ի՞նչը ստիպեց Ձեզ Հայաստանից տեղափոխվել ԱՄՆ։ 

— ԱՄՆ տեղափոխվելու որոշումը հեշտ չէր, բայց հիմնական շարժառիթը ավելի լայն հնարավորություններն էին տեխնոլոգիաների ու բիզնեսի զարգացման համար։ Հայաստանում ես արդեն կառուցել էի մասնագիտական հիմք, բայց ուզում էի տեսնել, թե ինչպես է աշխատում շուկան ավելի մեծ ու մրցակցային միջավայրում, որտեղ նորարարությունը հիմնական շարժիչ ուժն է։

— Իսկ ինչպիսի՞ն էր ԱՄՆ-ում հաստատվելու և ձեռներեցությամբ զբաղվելու Ձեր փորձը։ Պատմե՛ք ընթացքի և դժվարությունների մասին։

— Հաստատվելու ընթացքը լի էր նոր մարտահրավերներով՝ շուկայի, բիզնես մշակույթի ու մարքեթինգային մոտեցումների տարբերությունները, կապերի բացակայությունը, մրցակցային դաշտում տեղ գտնելու դժվարությունները։ Սկզբում ամեն ինչ ավելի բարդ էր թվում, բայց ժամանակի ընթացքում սովորեցի, որ ամենակարևորը հարմարվելու կարողությունն է։ Պետք էր ոչ միայն կիրառել ունեցածս գիտելիքները, այլ նաև արագ սովորել ու փորձարկել նոր մեթոդներ՝ հասկանալու, թե ինչն է իրականում աշխատում այստեղ։ Հաջողության հասնելու ամենամեծ դասը դարձավ այն, որ ԱՄՆ-ում ամեն ինչ հնարավոր է, եթե պատրաստ ես դուրս գալ հարմարավետության գոտուց, համառորեն աշխատել և ճիշտ մարդկանց հետ կապեր ստեղծել։ Այս փորձառությունն ինձ ոչ միայն որպես ձեռներեց, այլև որպես մարդ փոխեց՝ սովորեցնելով լինել ավելի ճկուն, նախաձեռնող և համարձակ։

Ի՞նչ առավելություններ ունի ԱՄՆ-ի բիզնես միջավայրը Հայաստանի բիզնես միջավայրի համեմատ։

— ԱՄՆ-ի բիզնես միջավայրի ամենամեծ առավելությունն անսահման հնարավորություններն են։ Այստեղ շուկան մեծ է, մրցակցային, բայց միևնույն ժամանակ բաց նորարարությունների համար։ Բիզնես սկսելու գործընթացը պարզեցված է, ներդրումներ գտնելը ավելի իրական է, և եթե ունես լավ գաղափար ու ճիշտ ռազմավարություն, կարող ես արագ մեծանալ։ Հայաստանում առավելությունը ավելի ջերմ ու համայնքային բիզնես միջավայրն է, որտեղ հարաբերությունները հաճախ կառուցվում են վստահության վրա։ Բայց շուկան փոքր է, և նորարարական լուծումների ընդունումը երբեմն ավելի դանդաղ է ընթանում։ ԱՄՆ-ում հաջողելու համար պետք է պատրաստ լինել արագ փոփոխությունների, խորը տվյալների վերլուծության և շարունակական զարգացման։ Իսկ Հայաստանում հաջողության բանալին հաճախ անձնական կապերն ու հարաբերություններն են։ Երկու շուկաներն էլ ունեն իրենց յուրահատկությունները, պարզապես գործելու մոտեցումը տարբեր է։

— Իսկ ի՞նչ խնդիրներ են Հայաստանում բիզնեսների կայացմանը խոչընդոտում։

— Հայաստանում բիզնեսի կայացմանը խոչընդոտող ամենամեծ խնդիրները հիմնականում կապված են շուկայի չափի, ֆինանսավորման հասանելիության և նորարարությունների ընդունման տեմպի հետ։ Հայաստանի շուկան սահմանափակ է, և նույնիսկ հաջող բիզնեսների համար հաճախ դժվար է մասշտաբային աճ ապահովել առանց միջազգային ընդլայնման։ Ստարտափների և նոր ձեռնարկությունների համար դժվար է ներդրումներ ներգրավել, քանի որ վենչուրային կապիտալը և “angel” (հրեշտակ, — խմբ․) ներդրողները դեռ չեն զարգացել այնպես, ինչպես ավելի խոշոր շուկաներում։ Շատ բիզնեսներ դեռ նախընտրում են աշխատել ավանդական մեթոդներով և դանդաղ են ընդունում նորարարական լուծումները, ինչն էլ սահմանափակում է արագ աճի հնարավորությունները։ Չնայած վերջին տարիներին բարեփոխումներ են կատարվել, պետական կարգավորումները երբեմն դանդաղեցնում են բիզնեսի գործառնությունները, և որոշ ոլորտներում դեռևս առկա են վարչարարական բարդություններ։ Թեև Հայաստանում շատ տաղանդավոր մասնագետներ կան, շատերը նախընտրում են աշխատել միջազգային ընկերությունների համար կամ տեղափոխվել արտերկիր, ինչը սահմանափակում է որակյալ կադրերի հասանելիությունը տեղական շուկայում։ Այս ամենի արդյունքում` Հայաստանում բիզնես սկսելն ու կայացնելը պահանջում է ճկունություն, ստեղծարար մոտեցում և հաճախ նաև միջազգային համագործակցության հեռանկար։

«Լավ ղեկավարն ինքը չի պահանջում հարգանք, այլ վաստակում է այն՝ իր վերաբերմունքով ու գործելաոճով»․ Էդիտա Այվազյան

— Պատմե՛ք, խնդրում եմ, F.fect Studio-ի մասին։ Ի՞նչ գործիք է այն և ի՞նչ է իրենից ներկայացնում։

— F.fect Studio-ն օգնում է բիզնեսներին ստեղծել, պլանավորել և կառավարել content-ը՝ օգտագործելով արհեստական բանականություն, ինչը խնայում է նրանց ժամանակն ու բարձրացնում արդյունավետությունը։ F.fect Studio-ն գեներացնում է content-ը․ ԱԲ-ն օգնում է գրել գրավիչ տեքստեր, առաջարկել թեմաներ և օպտիմալացնել գրառումները։ Հարթակը ստեղծում է վիզուալներ․օգտագործում ենք ԱԲ գործիքներ՝ ստեղծելու որակյալ նկարներ, դիզայններ և գրաֆիկաներ։ Ինչպես նաև ապահովում է ավտոմատացված հրապարակում․ հնարավորություն ենք տալիս պլանավորել ու հրապարակել content-ը միաժամանակ տարբեր հարթակներում՝ Instagram, Facebook, TikTok, LinkedIn, X, Pinterest, YouTube և Google My Business։

— Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսել ապագայում F.fect Studio-ի համար։

Ապագա տեսլականն է, որ F.fect Studio-ն դառնա «խելացի թվային մարքեթինգի օգնական», որը կկատարի ոչ միայն հրապարակումները, այլև վերլուծությունը, պլանավորումը և ռազմավարության մշակումը՝ օգնելով բիզնեսներին խնայել ժամանակ, ռեսուրսներ և աճել արագ ու արդյունավետ։

— Ձեր գործունեության մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ արհեստական բանականությամբ կառավարվող մարքեթինգին։ Քանի՞ տարի է՝ այս ոլորտում եք և ի՞նչն է Ձեզ այնտեղ գրավել։

Արհեստական բանականությամբ կառավարվող մարքեթինգի ոլորտում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց թվային մարքեթինգի և տվյալների վրա հիմնված ռազմավարությունների հետ աշխատում եմ ավելի քան յոթ տարի։ ԱԲ-ի ինտեգրումն իմ աշխատանքի մեջ սկսվեց, երբ նկատեցի, թե որքան արագ է զարգանում տեխնոլոգիան և ինչպիսի հնարավորություններ է տալիս այն մարքեթինգային գործընթացները ավտոմատացնելու, օպտիմալացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ինձ հատկապես գրավեց տվյալների ու տեխնոլոգիաների համադրությունը մարքեթինգում։ Երբ տեսա, թե ինչպես է ԱԲ-ը փոխում ոլորտը, դարձնելով այն ավելի խելացի, արագ ու արդյունավետ, հասկացա, որ ուզում եմ այդ փոփոխությունների մաս դառնալ։

Գաղտնիք չէ, որ արհեստական բանականությունն արագորեն զարգանում է։ Ինչո՞ւ է այսօր կարևոր օգտագործել ԱԲ-ի հնարավորությունները բիզնեսում։

— Այսօր արհեստական բանականությունը ոչ թե պարզապես գործիք է, այլ խաղի նոր կանոն՝ բիզնեսում։ Այն վերափոխում է ոչ միայն մարքեթինգային գործընթացները, այլև որոշումների կայացման և հաճախորդների հետ փոխհարաբերությունների ձևաչափը։

ԱԲ-ի օգտագործումը բիզնեսում կարևոր է երեք հիմնական պատճառներով. Առաջինը ժամանակի ու ռեսուրսների խելացի կառավարումն է։ ԱԲ-ն ավտոմատացնում է կրկնվող գործընթացները՝ թույլ տալով թիմերին կենտրոնանալ ավելի ստեղծագործական ու ռազմավարական խնդիրների վրա։ Հաջորդ պատճառը լսարանի մասին ավելի խորը պատկերացում կազմելն է։ ԱԲ-ն վերլուծում է տվյալները, կանխատեսում սպառողների վարքագիծը և առաջարկում անհատականացված լուծումներ, ինչը մեծացնում է ներգրավվածությունն ու հավատարմությունը։ Եվ մյուս պատճառը հարմարվելու և մրցակցելու հնարավորությունն է։ Աշխարհն արագ է փոխվում, և ԱԲ-ն օգնում է բիզնեսներին ավելի արագ արձագանքել փոփոխություններին, կանխատեսել միտումները և մնալ մրցակցային շուկայում։

Այսօր ԱԲ-ն այլևս ընտրություն չէ, այն անհրաժեշտություն է։ Այն բիզնեսները, որոնք պատրաստ են ընդունել այս փոփոխությունը, ոչ միայն կհարմարվեն ապագային, այլև կձևավորեն այն։ 

— Իսկ մասնավորապես, մարքեթինգում՝ ի՞նչ դեր ունի ԱԲ-ն և ի՞նչ նոր հնարավորություններ է այն ստեղծում ոլորտում։

ԱԲ-ն վերափոխում է մարքեթինգը՝ այն դարձնելով ավելի խելացի, կանխատեսելի և արդյունավետ։ Այն վերլուծում է սպառողների վարքագիծը, կանխատեսում միտումները և օգնում ընդունել տեղեկացված որոշումներ։ Թույլ է տալիս յուրաքանչյուր հաճախորդի հետ շփվել անհատականացված մակարդակում՝ առանց ավելորդ ռեսուրսների։ Մարքեթինգը դառնում է ավելի ճկուն, քանի որ ԱԲ-ն կրճատում է կրկնվող աշխատանքը։ Ինչպես նաև այն օգնում է բովանդակություն ստեղծել, բայց վերջնական շեշտը մնում է մարդու ստեղծարար որոշումների վրա։ Կարծում եմ՝ մարքեթինգի ապագան ոչ թե մարդկանց կամ ԱԲ-ի մասին է, այլ դրանց համադրության՝ տվյալների ուժն ու մարդկային ինտուիցիան միավորելու համար։ 

— Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մասնագետը ԱԲ-ի դարաշրջանում պահանջված մնալու համար։

— Պահանջված մնալու համար ԱԲ դարաշրջանում կարևոր է ունենալ հարմարվող մտածողություն․ տեխնոլոգիան արագ է փոխվում, և սովորելու պատրաստակամությունը դառնում է հիմնական հմտություն։ Վերլուծական մոտեցում․ տվյալները շատ են, բայց կարևորն է հասկանալ դրանց իմաստը և ճիշտ օգտագործել դրանք։ Ստեղծարարություն․ ԱԲ-ն օգնում է ավտոմատացնել գործընթացները, բայց նոր գաղափարներ առաջ բերելն ու բովանդակությանը հոգի հաղորդելն անհնար է առանց մարդու։ Մարդկային հմտություններ․ ԱԲ-ը կարող է կատարել տեխնիկական աշխատանքը, բայց հաղորդակցությունն ու ազդեցիկ պատմություններ պատմելու ունակությունը կմնան առանցքային։ Ինչպես նաև անհրաժեշտ է մտածել ոչ թե ԱԲ-ի դեմ, այլ ԱԲ-ով․ տեխնոլոգիան օգտագործողն է դառնում ուժեղ, ոչ թե նա, ով փորձում է շրջանցել այն։

— Որո՞նք են այն տարածված թյուրըմբռնումները, որոնք բիզնեսներն ունեն ԱԲ-ով կառավարվող մարքեթինգի վերաբերյալ։

— Տարածված թյուրըմբռնումներից է այն, որ ԱԲ-ը փոխարինում է մարդկանց։ Իրականում, ԱԲ-ն ավտոմատացնում է կրկնվող աշխատանքը, բայց ռազմավարությունն ու ստեղծարարությունը մնում են մարդու ձեռքում։ Հաճախ նշում են նաև, որ ԱԲ-ն ինքնուրույն որոշումներ է կայացնում, սակայն այն վերլուծում է տվյալները և առաջարկում լուծումներ, բայց վերջնական որոշումը միշտ մարդն է ընդունում։ 

Շատերը կարծում են, որ ԱԲ-ը շատ թանկ է։ Իսկ իրականում, այն կրճատում է ժամանակի ու ռեսուրսների ծախսը, ինչը երկարաժամկետում ավելի շահավետ է։ Ինչպես նաև կարծիք կա, որ ԱԲ-ը ստեղծում է անշունչ, անհատականություն չունեցող բովանդակություն։ Սակայն ճիշտ կիրառման դեպքում ԱԲ-ը կարող է օգնել ստեղծել եզակի ու տվյալակենտրոն բովանդակություն՝ հարմարեցված բրենդի ձայնին։

— Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն ձեռնարկատերերին, ովքեր դեռևս կասկածում են ԱԲ-ի արդյունավետության վրա։

— Եթե դեռ կասկածում եք ԱԲ-ի արդյունավետությանը, փորձեք այն որպես գործիք, ոչ թե փոփոխություն։ Սկսեք փոքր քայլերով, չափեք արդյունքները և կենտրոնացեք թվերի վրա։ ԱԲ-ն փոխարինող չէ, այլ օգնական՝ բիզնեսն ավելի խելացի ու արդյունավետ դարձնելու համար։ Որքան շուտ ընդունեք նորարարությունը, այնքան մեծ կլինի Ձեր մրցակցային առավելությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները