Benivo-ն 2015թ. Հայաստանում գրասենյակ է հիմնել 2015 թվականին, և այժմ ունի 54 աշխատակից: 12 մլն դոլար ներդրում ներգրավելուց հետո ընկերության ընթացիկ և ապագա ծրագրերի մասին է պատմել գործադիր տնօրեն Նիցան Յուդանը:
Benivo-ն ներդրում է ստացել
Updata Partners-ը 12 մլն դոլար է ներդրել Benivo-ում, որպեսզի խթանի ընկերության աճն՝ ընկերությունում ներդրված ընդհանուր գումարը հասցնելով $30 միլիոնի:
«Մեզ անհրաժեշտ չէր այդ գումարը: Ընդունեցինք միջոցները, որպեսզի թույլ տանք մեզ ավելի արագ աճել: Գումարը կներդնենք Հայաստանում, որպեսզի այստեղ մեծացնենք մեր թիմը և ներգրավենք ավելի շատ մասնագետների տեխնոլոգիաների ոլորտ», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Բենիվոյի գործադիր տնօրեն Նիցան Յուդանը:
Վերջին 7 տարում ընկերության տեխնոլոգիաների 100%-ը հիմնվել են Հայաստանում, և այդ միտումը կշարունակվի: Benivo-ն գրանցված է Հայաստանում, նախորդ տարի ընկերությունը կրկնապատկել է իր եկամուտը, իսկ այս տարի՝ եռապատկել:
«Մենք հպարտ ենք, որ Benivo-ի տեխնոլոգիան 100%-ով ստեղծվել է Հայաստանում: Տեխնոլոգիան այն թեման է, որի օգնությամբ կարելի է գրավել աշխարհի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ, ցույց տալ նրա ներուժն ու մտավոր հնարավորությունները»,- ասել է նա:
Ներդրումները կօգտագործեն
Բենիվոն գումարը կօգտագործի ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանում եւ Հնդկաստանում թիմերը մեծացնելու համար, ինչպես նաեւ կօգնի ընկերությանն իրագործել թիմերի տեղափոխության ավտոմատացման ապահովման միասնական լուծումներ ստեղծելու իր տեսլականը։
Ընկերությունը մեկ հարթակում ամբողջական լուծում է առաջարկում այն ընկերությունների համար, որոնք թիմերի գլոբալ տեղափոխությունների (Global mobility) ավտոմատացման եւ ծրագրերի կառավարման կարիք ունեն:
Բենիվոյի առաքելությունն է օգտագործել տվյալներն եւ օգնել գլոբալ տեղափոխվող թիմերի առաջնորդներին նոր արժեքներ ստեղծել իրենց կազմակերպությունների համար: Ներդրումների միջոցով, Բենիվոն իր նորագույն տեխնոլոգիան հասանելի կդարձնի ավելի շատ կազմակերպությունների և կշարունակի արագ զարգացումը:
Ընկերության հաճախորդներն ու Հայաստանը
Բենիվոյի հաճախորդներն այնպիսի կազմակերպություններ են, ինչպիսիք են՝ Google, Mondelez, General Electric, Phillips 66, Unity, Wayfair, CGI, Bloomberg եւ 50 այլ ընկերություն:
«Հայաստանում աշխատելու պատասխանն ինձ համար շատ պարզ է. այստեղ ես գտա թիմ՝ լավագույն հնարավորություններով և ոչ միայն: Սա կարևոր հնարավորություն է, քանի որ մենք աշխատում ենք աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ, և մեր նպատակն է ավելացնել նրանց իրազեկվածությունը Հայաստանում գոյություն ունեցող տաղանդների և մտավոր ունակությունների մասին: Մեր գործունեությունն ուղղված է ոչ միայն Benivo թիմի բարեկեցությանը, այլև այլ ընկերություններում Հայաստանի հնարավորությունների մասին իրազեկվածության ավելացմանը», – նշեց ընկերության տնօրենը:
Նրա խոսքով, 7 տարի առաջ ընկերությանն անհրաժեշտ էր ներգրավել ավելի շատ ծրագրավորողների և մասնագետների տեխոլոգիաների ոլորտում, որոնք Լոնդոնում բավարար չէին: Այդ իսկ պատճառով կադրեր էին որոնում Ուկրաինայում, Իսրայելում, Չինաստանում, և հենց այդ ժամանակ նրան առաջարկեցին դիտարկել Հայաստանը: Ի վերջո, անցկացվեցին հարցազրույցներ բոլոր 4 երկրների թեկնածուների հետ:
«Շատ էի տպավորվել Հայատանում բնակվող մարդկանց տաղանդով և մարդկային հնարավորություններով, որակներով ու մշակութային առանձնահատկություններով: Մենք աշխատանքի ընդունեցինք ծրագրավորող Գոհար Աղաբաբյանին, իսկ Հայաստանից երկրորդ աշխատակիցը Շուշան Պետրոսյանն էր» – պատմեց նալ հավելելով, որ երկուսն էլ այժմ շարունակում են իրենց կարիերան ընկերությունում, ավելի բարձր հաստիքներով:
Յուդանն ընդգծեց նաև, որ Benivo-ի տեխնոլոգիաների և ղեկավարության օղակներում շատ կանայք են աշխատում:
Ընկերության առաջխաղացումը
Benivo-ի տրամադրած տվյալներն օգնում են ինչպես հաճախորդ ընկերություններին, այնպես էլ նրանց աշխատակիցներին:
«Մեր տվյալները հաճախորդ ընկերություններին կօգնեն հասկանալ, թե որքան են նրանք ծախսել մեկ աշխատակցին այլ երկիր տեղափոխելիս, որ երկիրն է ամենալավը կամ որ ուղղությունն է ավելի լավը մարդկային կապիտալը տեղափոխելու համար: Բացի այդ, նրանք կարող են համեմատել տվյալները և հասկանալ, թե որքան ժամանակ կպահանջվի աշխատակցին կամ թիմին այլ երկիր տեղափոխելու համար»,- ասաց նա:
Աշխատակիցների համար այդ տվյալներն օգտակար կլինեն, օրինակ՝ հաշիվ բացելու համար լավագույն օտարերկրյա բանկ ընտրելիս՝ նրանք կարող են ամփոփ տեղեկություն գտնել տարբեր բանկերի մասին:
«Այլ երկիր տեղափոխվելիս ամենաբարդը որոշումների ընդունումն է այն հարցերում, որոնցից այդքան էլ լավ տեղյակ չես: Եվ մենք տեղեկատվություն ենք տրամադրում այլ մարդկանց փորձից, օրինակ՝ այն մասին, թե որտեղ կարելի է ապրել, որ դպրոց ուղարկել երեխային, որքան վճարել այս կամ այն իրերի համար»,- տեղեկացրեց նա:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։