Դոլարի անկումը վնասում է մեր երկրի բազմաթիվ ոլորտներին՝ տուրիզմ, արտահանում, ՏՏ, գյուղատնտեսություն, ներդրումային ոլորտ և այլն, How2b.am-ի հետ զրույցում ասել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:
Oրեր առաջ, հայաստանյան 4 բիզնես ասոցիացիաները՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՏՀՏ գործատուների միությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը եւ «Մանթաշյանց» գործարարների միությունը ձեւավորել են կոալիցիա և համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Տասնյակ ոլորտներ են տուժում արտարժույթի տատանումից: Միակ շահողն այս պարագայում ներկրողն է: Ապրիլից առ ասյօր դոլարի կուրսը տատանվել է մոտ 20-30 տոկոս, ու եթե միջինացնենք, հենց այդքան էլ կազմում է տուժած ընկերությունների կորուստը դոլարի տատանումից»,- ասաց Վահրամ Միրաքյանը:
Կարդացեք նաև՝ «Ընկերությունների մեծ մասը կործանման եզրին են, սա դրամի պատմության ամենակտրուկ տատանումն էր». Հայկ Չոբանյան
Նրա դիտարկմամբ, ամենամեծ հարվածներից մեկը դոլարի տատանման հետևանքով կրում է ներդրումային ծրագրերը, քանի որ պայմանագրեր են խզվում, և այն ներդրումները, որոնք պիտի արվեն՝ չեն արվում:
«Պատկերացրեք, որ պայմանական մեկ միլիոն դոլարի ներդրում պետք է լիներ, հիմա նույն ներդրումային պրոցեսը դարձել է 1 միլիոն 200 հազար դոլար: 20 տոկոս թանկացել է, քանի որ նույն արժույթը Հայաստանում արժե մեկ միլիոն երկու հարյուր հազար: Ես այդպիսի մի քանի պրոեկտ գիտեմ, որ կուրսի տատանման պատճառով ներդրում չի եղել»,-ասաց Միրաքյանը:
Նրա խոսքով, արտարժույթի փոփոխության պատճառով ամենածանր դրության մեջ են հայտնվել փոքր ընկերությունները, քանի որ մեծ ընկերությունները սեփական ռեսուրսի հաշվի որևէ լուծում գտնում են:
«Խոշոր ընկերությունները բազմաթիվ կրճատումներ են անում իրենց ծախսերում, աշխատողներին են ազատում, որպեզսի դիմանան, իսկ փոքր ընկերությունները չունեն դրա հնարավորությունը: Մինչև հիսուն հոգանոց ընկերությունների մոտ ավելի կրիտիկական է վիճակը , իրենք մեծ շահույթ չունեին: Ունենում էին 20 տոկոս շահույթ, հիմա այդ քսան տոկոսը կորցրեցին: Այժմ դրանցից շատերը փակվում են, կամ օր օրի սպասում են փակվելուն»,- նկատեց Վահրամ Միրաքյանը:
Նրա դիտարկմամբ, եթե այս ընկերությունները փակվեն, ապա կթուլանա տնտեսությունը, որն էլ իր հերթին այլ հետևանքներ կունենա:
«Սրա համար Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, օրինակ հավելյալ դրամ ներմուծի շուկա: Մենք լուծումների մասին գրավոր փաստաթուղթ ենք ներկայացրել, բայց Կառավարությունը ոչինչ չի անում: Ըստ էության թվում է թե խնդրի ընկալում կա Կառավարության կողմից, բայց որևէ լուծումների չեն գնում ու չենք հասկանում, թե ինչն է պատճառը, որ չեն ուզում կարգավորած լինեն այս հարցը»,- ասաց Միրաքյանը:
Բանախոսի կարծիքով, լուծումներից մեկն էլ այն է, որ պիտի սուբսիդավորեն արտահանողներին կուրսի տատանման չափով:
«Պետությունն ունի այդ հնարավորությունը, այո, ունի քանի որ, հարյուր միլիոն դոլար ավել շահույթ է ստացել ինֆլյացիայի՝ գնաճի պատճառով: Այդ գումարները կարող են ուղղել սուբսիդավորման պրոեկտների վրա, իսկ փոխհատուցումը պետք է լինի ապրիլ ամսվանից»,- ասաց Վահրամ Միրաքյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։