Հաշվի առնելով առցանց ամրագրման կարևորությունն ու հարմարավետությունը այսօրվա կյանքում՝ ServiceTitan-ը ձեռք է բերում Schedule Engine ընկերությունը, հաղորդվում է հայկական հիմնադիրներով ընկերության կայքում:
ServiceTitan-ի հաճախորդների միայն 5 տոկոսն է նախորդ տարվա ընթացքում առցանց ամրագրում կատարել: Անհրաժեշտություն է առաջացել ընկերության ծառայությունների մատուցման համար ինտեգրել հեշտ կիրառելի, ինտուիտիվ առցանց ամրագրման համակարգ, որն էլ դարձել է Schedule Engine-ը ձեռք բերելու շարժառիթը: Սա թույլ կտա արագացնել ու ավելի արդյունավետ դարձնել տնային ծառայությունների մատուցումը ServiceTitan-ի հաճախորդներին:
«Ինչպես ServiceTitan-ը, Schedule Engine-ը ևս ստեղծվել է աշխատասեր մարդկանց ամենօրյա խնդիրները լուծելու ցանկության շնորհիվ: Առցանց ամրագրման տեխնոլոգիան այսօր պարտադիր է ցանկացած բիզնեսի համար, որը փորձում է ապահովել ժամանակակից ու անխափան սպառողական փորձառություն, իսկ Schedule Engine կարողացել էր կառուցել ամենազարգացած ու ամենաինտուիտիվ լուծումը, որ այս պահին կա»,-նշել է ServiceTitan-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Արա Մահդեսյանը:
ServiceTitan-ը ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին։ Ընկերությունն ունի ավելի քան 7 500 հաճախորդ ընկերություն։ Անցյալ տարի ընկերությունը ստացել է 700 միլիոն դոլար ներդրում, այժմ գնահատվում է 9,5 միլիարդ դոլար: Հիմնադիրներն են Վահե Կուզոյանը և Արա Մահդեսյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Գլենդելում։ Հայաստանյան գրասենյակը բացվել է 2018 թվականի դեկտեմբերին։
Ավելին ստարտափների, բիզնես էկոհամակարգի ու տեխնոլոգիական նորությունների մասին ընթերցե՛ք նաև մեր Տելեգրամյան ալիքում՝ անցնելով հղումով։