Մայիսի 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 21-րդ համագումարը:
Պաշտոնական մեկնարկը տրվեց ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Համագումարին մասնակցեցին ինչպես Միության անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը համագումարի մասնակիցներին ու հյուրերին ներկայացրեց միության ռազմավարական և գործառնական զեկույցները։ Այնուհետև աշխատանքային խմբերի ղեկավարներն ամփոփեցին միության ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները (կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն, էլեկտրոնային կառավարում)։
«Ավելի քան 20 տարի ԱՏՁՄ-ն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի խորհրդանիշը, թիկունքը և աջակիցն է։ Միությունը մշտապես առաջնորդել է Հայաստանի ՏՀՏ ոլորտը, ոլորտի զարգացման ծրագրերի մշակումից մինչև շահերի պաշտպանություն։ 2012 թվականից իրականացնում ենք տեխնոլոգիական կրթության խոշորագույն՝ «Արմաթ» ազգային ծրագիրը, որը պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է։ Միության այս տարվա կարևոր ռազմավարական ծրագրերից է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրումը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Համագումարի ավարտին տեղի ունեցան ԱՏՁՄ վարչության և նախագահի ընտրությունները: Նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը։
«Մեծ պատիվ է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվելը։ ԱՏՁՄ-ն Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միությունն է` 120-ից ավել անդամներով։ Մեր գործունեությունն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ` կրթությունից մինչև թվայնացում և ռազմարդյունաբերություն, ուստի միությունը եզակի դերակատարում ունի։ Այս տարի շուրջ 20 նախագծեր ենք իրականացնելու, այդ թվում` ավանդական ԴիջիԹեք ցուցահանդեսը և համագումարը, որոնց ընթացքում սպասում ենք տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող հյուրերի արտերկրից», – նշեց ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ վարչության անդամ ընտրվեցին Արմեն Քոչարյանը (VOLO), Արման Պողոսյանը (Instigate), Արտավազդ Մինասյանը (Krisp), Խաչատուր Նազարյանը (VMWare), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Վահագն Պողոսյանը (E-Hayq), Սաթենիկ Մնացականյանը (Leviathan), Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Հայկ Եսայանը (Telecom Armenia), Սոֆի Մեհրաբյանը (Macadamian AR), Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile) և Գոռ Վարդանյանը (Fimetech)։ Վարչության վերստուգող ընտրվեց Արման Աթոյանը (iX-Tech)։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։