Հայաստանում գործող ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված Three4ResilientArmenia աքսելերացիոն ծրագիրը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռներեցների կողմից հիմնադրված և շուկայում արդեն գործող բիզնեսների համար։
7-ամսյա ծրագիրը նպատակ ունի աջակցել մինչև 10 բիզնեսի՝ օգնելով նրանց ընդլայնել գործունեությունը, ամրապնդել ֆինանսական կայունությունը և պատրաստվել ներդրումներ ներգրավելուն։ Ծրագիրն իրականացվելու է առցանց և առկա ձևաչափերով՝ Impact Hub Երևանում։
Մասնակիցներին կտրամադրվի ռազմավարական փորձագիտական աջակցություն, ֆինանսական մենթորություն, բիզնեսի զարգացման վերաբերյալ դասընթացներ և ֆինանսավորման հնարավորություն։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև մենթորական հանդիպումներ, միջազգային առևտրային ցուցահանդեսների և ֆորումների մասնակցության հնարավորություն։
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների սոցիալական համակեցությանն ու տնտեսական ինտեգրմանը։
Ծրագրին կարող են դիմել Հայաստանում գրանցված այն ՓՄՁ-ները, որոնք ունեն շուկայում գործող ապրանք կամ ծառայություն, հաստատված վաճառքներ և հաճախորդների բազա, ինչպես նաև գործունեությունը ընդլայնելու հստակ ծրագիր։
Ընտրված մասնակիցները կստանան նաև ֆինանսական աջակցություն։ Նախատեսվում են միջինը 20 հազար եվրո դրամաշնորհներ 5 հաջողակ ՓՄՁ-ների համար, իսկ առանձնահատուկ արդյունքներ ցուցաբերած 1-2 մասնակից կարող է ստանալ մինչև 60 հազար եվրո դրամաշնորհ։ Բացի այդ, VIA Fund-ը կուսումնասիրի հաղթողներին անտոկոս վարկեր տրամադրելու հնարավորությունը։
Ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի օգոստոսի 27-ն է։ Աքսելերացիայի փուլը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի կեսից մինչև 2027 թվականի ապրիլը։
Դիմումների վերաբերյալ հաստատման կամ մերժման պատասխանները մասնակիցները կստանան ոչ շուտ, քան սեպտեմբերի 15-ը։











