Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Google-ը նախատեսում է մինչև 40 միլիարդ դոլարի ներդրում կատարել արհեստական բանականությամբ զբաղվող Anthropic ընկերությունում։ Գործարքի շրջանակում ընկերությունը կտրամադրի $10 մլրդ անմիջապես, իսկ ևս $30 մլրդ այն դեպքում, եթե ստարտափը հասնի նախապես սահմանված ցուցանիշներին։
Բացի ֆինանսական ներդրումից, Google-ը նաև կհատկացնի շուրջ 5 գիգավատ հաշվարկային հզորություն իր ամպային ենթակառուցվածքից՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Այս քայլը ընդլայնում է նախկինում հայտարարված համագործակցությունը, որը ներառում է նաև չիպերի արտադրող Broadcom-ը։
Ներդրումային հայտարարությունը հաջորդել է Anthropic-ի նորագույն AI մոդելի՝ Mythos-ի ներկայացմանը, որը ընկերության ամենահզոր համակարգերից է։ Ըստ ընկերության՝ մոդելը զգալի ներուժ ունի հատկապես կիբերանվտանգության ոլորտում, սակայն չարաշահման ռիսկերի պատճառով դրա հասանելիությունը ներկայում սահմանափակ է։
Anthropic-ը երկար ժամանակ համագործակցում է Google-ի հետ և մեծապես կախված է նրա ամպային ծառայություններից, մասնավորապես՝ TPU (Tensor Processing Unit) պրոցեսորներից, որոնք համարվում են Nvidia-ի լուծումների հիմնական այլընտրանքներից։
AI ոլորտում մրցակցությունը գնալով սրվում է, և առաջատար դիրք զբաղեցնելու համար ընկերությունները մեծապես կախված են հաշվարկային հզորություններից։ OpenAI-ն արդեն ձևավորել է բազմամիլիարդանոց համագործակցությունների ցանց՝ ամպային մատակարարների և չիպ արտադրողների հետ, այդ թվում՝ ընդլայնելով համագործակցությունը Cerebras-ի հետ։
Վերջին ամիսներին Anthropic-ը ակտիվորեն փնտրում է նոր ռեսուրսներ՝ արձագանքելով նաև Claude մոդելի օգտագործման սահմանափակումների վերաբերյալ աճող դժգոհություններին։ Ընկերությունը արդեն համագործակցում է CoreWeave-ի հետ տվյալների կենտրոնների հզորություններ ձեռք բերելու ուղղությամբ, ինչպես նաև ներգրավել է լրացուցիչ $5 մլրդ ներդրում Amazon-ից և պատրաստվում է ևս $20 միլիարդ տրամադրել հետագայում՝ կախված կոմերցիոն որոշակի թիրախների իրագործումից։
Եթե փետրվարին Anthropic-ի գնահատականը կազմում էր շուրջ $350 մլրդ, ապա այժմ ներդրողները ընկերությունը գնահատում են մինչև $800 մլրդ կամ ավելի։ Ըստ առկա տվյալների՝ ընկերությունը քննարկում է նաև բորսա դուրս գալու հնարավորությունը արդեն այս տարվա հոկտեմբերին։












