ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ՝ նախատեսվում է Պռոշյան բնակավայրում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կենտրոնական հատվածում, հիմնել Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն (ԱՏԳԿ)։ Այն սպասարկելու է նշված ճանապարհով իրականացվող արտահանման և ներմուծման հոսքերը։ Այս մասին հայտնում է panorama.am-ը։
Նոր կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը մաքսային բոլոր գործառույթների մեկտեղումն է մեկ մարմնում։ ՊԵԿ նախագահի պարզաբանմամբ՝ ներկայում գործառույթները տարանջատված են. մաքսային մարմինն իրականացնում է հայտարարագրումն ու փաստաթղթային հսկողությունը, սակայն բեռների փաստացի զննումը կատարվում է տերմինալներում, որտեղ լաբորատորիաներ չեն լինում։ ԱՏԳԿ-ն հնարավորություն կտա մեկ վայրում իրականացնել թե՛ ձևակերպումները, թե՛ բոլոր անհրաժեշտ մաքսային գործառույթները։
Ծրագրի իրականացման համար նախատեսված է 39 մլն եվրո վարկ՝ տարեկան 3% տոկոսադրույքով և 15 տարի ժամկետով, որից 4 տարին կլինի արտոնյալ շրջան։ Բացի այդ, Եվրոպական միությունը տրամադրել է 6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ։ Կենտրոնն ունենալու է կայանատեղի մոտ 408 մեքենայի համար։ Նույն տարածքում կառուցվելու է նաև ՊԵԿ նոր վարչական շենքը, ինչի համար սակայն վարկային միջոցներ չեն օգտագործվելու։












