Հայաստանը կրկին միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում է․ հոկտեմբերի 9-ից 11-ը BANA Angels-ի նախաձեռնությամբ անցկացվեց Investor Tour 2025-ը։ Այս տարի ծրագրին մասնակցեց 60-ից ավելի ներդրող 12 երկրներից, ինչը վկայում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի նկատմամբ միջազգային ներդրումային հետաքրքրության զգալի աճի մասին։
Տուրի ընթացքում ներդրողները հանդիպումներ ունեցան հայկական ստարտափների, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ, մասնակցեցին pitching սեսիային և ոլորտային քննարկումներին։ Հատուկ ծրագրի շրջանակում նրանք այցելեցին մի շարք առաջատար ընկերությունների գրասենյակներ՝ PicsArt, ServiceTitan, Adobe Armenia, NVIDIA Armenia և ԹՈՒՄՈ կենտրոն, և ծանոթացան Հայաստանում ձևավորվող նորարարական լուծումներին ու տեխնոլոգիական հնարավորություններին։

«Investor Tour 2025-ը գերազանցեց սպասելիքները։ Ծրագրի մասնակիցների թվի կրկնապատկումը հստակ ազդանշան է, որ Հայաստանը դառնում է ճանաչված և գրավիչ ուղղություն միջազգային ներդրողների համար։ Այս տուրը ոչ միայն ցույց տվեց մեր էկոհամակարգի ներուժը, այլև հիմք դրեց կոնկրետ համագործակցությունների համար։ Արդեն ունենք հետաքրքրություն խորացնելու գործընկերությունը, և ակտիվ բանակցություններն այդ ուղղությամբ շարունակվում են», — նշեց BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։
Տուրի շրջանակում ներդրողները մասնակցեցին նաև DigiTec 2025 համաժողովին և էքսպոյին, որտեղ ներկայացված էին Հայաստանի նորագույն տեխնոլոգիական լուծումները։ Տուրի մշակութային մասը հնարավորություն տվեց հյուրերին բացահայտելու Հայաստանի պատմական վայրերն ու ավանդական խոհանոցը։
«Հայաստանը շարունակում է դիրքավորվել որպես տեխնոլոգիաների և նորարարության կենտրոն։ Միջազգային ներդրողների հետ նման փոխգործակցությունները ոչ միայն ամրապնդում են մեր էկոհամակարգը, այլև ստեղծում նոր զարգացումների հիմք», – ընդգծեց Formula VC-ի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։
Investor Tour 2025-ի արդյունքներով մի շարք ներդրողներ և ստարտափներ արդեն սկսել են քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները։ Միջոցառումը կարևոր քայլ էր Հայաստանի միջազգային ներդրումային վարկանիշը բարձրացնելու և տեղական նորարարական բիզնեսների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։
Investor Tour 2025-ը կազմակերպվել է BANA Angels-ի կողմից՝ Formula VC վենչուրային ֆոնդի, uGlobally, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կողմից, RECONOMY և Helvetas միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) աջակցությամբ: