Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականի երրորդ եռամսյակում շարունակել է շահութաբեր աճի միտումը՝ համախառն արդյունքներով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։
Շահույթի ծավալով առաջատար երեք բանկերը՝ Արդշինբանկը, Ամերիաբանկը և Ակբա բանկը, ցուցաբերել են ուժեղ աճ 2024-ի համեմատությամբ:
Արդշինբանկը մնում է անվիճելի առաջատարը զուտ շահույթի ցուցանիշով՝ 103,217 մլն դրամ։ Այս ցուցանիշը գրեթե կրկնակի գերազանցում է հաջորդող բանկի՝ Ամերիաբանկի շահույթը (51,046 մլն դրամ)։ Երրորդը՝ Ակբա բանկը, ավելի քան 26 միլիարդ դրամ շահույթ է գրանցել։
Ամենամեծ տոկոսային աճը գրանցել է Ամիօ բանկը։ 2024-ի 2,401 մլն դրամից նրա շահույթը 2025-ին հասել է 8,228 մլն դրամի, ինչը նշանակում է շահույթի գրեթե քառապատկում (ավելի քան 240% աճ)։
Էվոկաբանկը ցուցաբերել է զգալի աճի տեմպեր՝ 2024-ի 12,085 մլն դրամից հասնելով 18,943 մլն դրամի 2025-ին, ինչը կազմում է ավելի քան 56% աճ։ Սա նրան դարձնում է զուտ շահույթով 5-րդ խոշորագույն բանկը այս եռամսյակում։
Միաժամանակ՝ մի շարք բանկեր երրորդ եռամսյակում գրանցել են անկում՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
Ամենամեծ տոկոսային անկումը գրանցել է Արմսվիսսբանկը։ Նրա զուտ շահույթը նվազել է 8,244 մլն դրամից մինչև 6,173 մլն դրամ՝ մոտավորապես 25% անկում։
Զուտ շահույթի ծավալով ամենամեծ անկումը (դրամով) գրանցել է ՎՏԲ Հայաստան բանկը։ Շահույթը նվազել է 6,700 մլն դրամից մինչև 5,175 մլն դրամ, ինչը կազմում է մոտավորապես 1,525 մլն դրամի անկում։
Միջին օղակի բանկերից մի քանիսը, թեև ոչ կտրուկ, բայց գրանցել են շահույթի նվազում․ Ինեկոբանկը՝ 22,775 մլն դրամից 21,608 մլն դրամ, Կոնվերս բանկը՝ 12,929 մլն-ից մինչև 12,145 մլն դրամ, Արարատբանկը՝ 12,521 մլն-ից 12,001 մլն դրամ։ Այս բանկերը, չնայած նվազմանը, շարունակում են պահպանել իրենց դիրքերը լավագույն տասնյակում։
Եռամսյակի ընթացքում վնասով աշխատած բանկեր չեն արձանագրվել, և գործող բոլոր բանկերն էլ փակել են շրջանը դրական արդյունքով։ Առավել համեստ շահույթ են գրանցել «Արցախբանկը»՝ 3.6 միլիարդ դրամ, և «Բիբլոս բանկը»՝ 1.2 միլիարդ դրամ, սակայն երկուսն էլ ցուցադրել են աճ նախորդ տարվա համեմատ։
ՀՀ բանկային համակարգում շահույթի ուժեղ բևեռացումն ակնհայտ է։ Առաջատար երկու բանկերի (Արդշինբանկ և Ամերիաբանկ) զուտ շահույթը (154,263 մլն. դրամ) 2025 թվականին կազմում է ողջ համակարգի շահույթի զգալի մասը, ինչը ցույց է տալիս շուկայական հզորության կենտրոնացված լինելը փոքրաթիվ խոշոր խաղացողների ձեռքում։

Կարդացեք նաև՝
Հայաստանյան բանկերի շահույթը 2025-ի 1-ին կիսամյակում. առաջատարը նույնն է











