Երևանը շարունակում է բարձրացնել իր դիրքերը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների ցանկում։ OneTwoTrip առցանց ծառայության տվյալներով՝ Հայաստանի մայրաքաղաքը դարձել է առավել տարածված քաղաքներից մեկը, որտեղ ռուսաստանցիները նախընտրում են հանգստանալ ընկերական կամ ընտանեկան խմբերով։
Վիճակագրության համաձայն՝ Երևանի բաժին է ընկնում արտերկիր մեկնող հինգ և ավելի անձից բաղկացած խմբերի հյուրանոցային ամրագրումների 2,5%-ը։ Այս ցուցանիշով այն զիջում է միայն Դուբային (7,3%), Ստամբուլին (5,3%), Շանհային (3,3%) և Մինսկին (2,9%)։ Ամրագրումների շրջանում Երևանի մասնաբաժինն աճել է 19%-ով։
Ռուս զբոսաշրջիկների մեծ մասը, ովքեր ճանապարհորդում են խմբերով, արտերկրում նախընտրում են չորս աստղանի հյուրանոցներ․ այս ամրագրումները ընդհանուրի մեջ կազմում են 33,7%։ Նրանց հաջորդում են հյուրատներն ու բնակարանները (24,9%), հետո՝ հինգ աստղանի հյուրանոցները (23,7%)։ Երեք աստղանի հյուրանոցների բաժին է ընկնում 15,5%, երկու աստղանի՝ 1,8%, իսկ մեկ աստղանի հյուրանոցներին՝ ընդամենը 0,4%։