Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Web3 Foundation-ի հիմնադիր, Ethereum կրիպտոարժույթի համահիմնադիր և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետ Գևին Վուդին։
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը՝ կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի դերի ամրապնդմանը գլոբալ Web3 էկոհամակարգում, ինչպես նաև կրթական և մասնագիտական ներուժի զարգացմանը բլոկչեյնի ոլորտում։
Քննարկվել են նաև նոր ձևաչափերի ստեղծման հնարավորությունները՝ ուղղված ստարտափեերի ինկուբացիոն և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը։ Նախարար Հայրապետյանը նշել է, որ նման համագործակցությունը կարևոր քայլ է Հայաստանի ներգրավվածությունը բարձրացնելու և տեղական նորարարական միջավայրը զարգացնելու տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում Գևին Վուդը ներկայացրել է նաև Web3 համալսարան ստեղծելու մտադրությունը, որը նախատեսվում է դիտարկել որպես տեխնոլոգիական, կրթական և տնտեսական զարգացման նոր նախաձեռնություն։