2025 թվականի հունիսի 24-ին պաշտոնապես հրապարակված նոր օրենսդրական կարգավորումներով (ՀՕ-175-Ն) էական լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում՝ ուղղված կրիպտոակտիվների կարգավորմանը հարկային դաշտում:
Օրենսգրքում այժմ հստակ սահմանվել է կրիպտոակտիվի հասկացությանը՝ հիմնված «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի դրույթների վրա: Այսուհետ կրիպտոակտիվ են համարվելու ոչ միայն փոխարինելի կրիպտոարժույթները, այլև եզակի (NFT) կրիպտոակտիվները, ինչպես նաև ապակենտրոնացված համակարգում որպես պարգևատրում ստեղծվող կրիպտոակտիվները: Սահմանումից բացառվում են որոշակի ֆինանսական գործիքները՝ արժեթղթերը, ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերը և բանկային ավանդները:
Կրիպտոակտիվների ձեռքբերման արժեքը կորոշվի ՀՀ կառավարության կողմից հաստատված բորսաների հրապարակած գների հիման վրա՝ օգտագործելով տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը:
Նոր կարգավորումներով կրիպտոակտիվների օտարման եկամուտների և ձեռքբերման ծախսերի փաստաթղթավորումը կարող է իրականացվել ոչ միայն հաշվարկային, այլ նաև այլ հիմնավորող փաստաթղթերով: Սա նկատելիորեն հեշտացնում է գործարքների հարկային ճանաչման գործընթացը:
Նախատեսվում են հետևյալ հարկային դրույթները.
- կրիպտոակտիվի օտարումը հստակ ներառվել է եկամտահարկի ենթակա գործառնությունների ցանկում,
- եզակի և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվների (այդ թվում NFT-ների) և ապակենտրոնացված համակարգերում որպես պարգևատրում ստացվող կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների համար սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ,
- կրիպտոակտիվների միջոցով ծառայությունների մատուցումը համարվում է հարկվող գործարք։
Օրենքը նույնպես անդրադառնում է այս ոլորտում գործող սուբյեկտների վերահսկողությանը՝ ընդգրկելով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներին ապահովագրական բրոկերների կարգավորման տրամաբանության մեջ:
Նշված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասներորդ օրը՝ 2025 թվականի հուլիսի 4-ից: Այս օրենսդրական փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտը իրավական դաշտում կարգավորելու և դրանց հարկման պարզ ու կանխատեսելի մեխանիզմներ սահմանելու համար: