Microsoft-ը փակել է Skype-ը՝ ավելի քան 20 տարվա աշխատանքից հետո

Վերջին լուրերը
Microsoft-ը փակել է Skype-ը՝ ավելի քան 20 տարվա աշխատանքից հետո
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ մայիսի 5-ից Skype մեսենջերը դադարում է գործել։ Օգտատերերին նախօրոք է ընկերությունը տեղեկացրել այս մասին ու առաջարկել տեղափոխվել Teams հարթակ՝ պահպանելով կոնտակտները և հաշիվները։ Իսկ եթե չեն ցանկանում տեղափոխվել այլ հարթակ, ընկերությունը հնարավորություն է տալիս ներբեռնել հաղորդագրությունների արխիվները։

Skype-ը համարվում է աշխարհի ամենահայտնի մեսենջերներից մեկը, որը ստեղծվել է 2003 թվականին էստոնացի ծրագրավորողների թիմի կողմից՝ շվեդական Tele2 ընկերության նախկին աշխատակիցներ Նիկլաս Զենստրեմի և Յանուս Ֆրիսի մասնակցությամբ։ 2011 թվականին Microsoft-ը գնեց Skype-ը՝ վճարելով 8,5 միլիարդ դոլար։

Microsoft-ն այս տարվա փետրվարին էր հայտարարել Skype հարթակի աշխատանքների դադարեցման մասին։ Ընկերությունը պնդում է, որ աշխատակիցների կրճատում չի սպասվում, իսկ ընկերության թիմն ամբողջապես կտեղափոխվի աշխատելու Teams ծառայության համար։

Վերջինս թիմային համագործակցության հավելված է, որը մշակվել է Microsoft-ի կողմից՝ որպես Microsoft 365 արտադրանքների ընտանիքի մաս։ Այն առաջարկում է աշխատանքային տարածքի չատ և տեսազանգեր, ֆայլերի պահեստավորում, ինչպես նաև սեփական և երրորդ կողմի հավելվածների ու ծառայությունների ինտեգրում։

Նշենք, որ Skype-ը փոխել է հեռախոսային հաղորդակցության աշխարհը, սակայն վերջին տարիներին այն չէր կարողանում բավականաչափ արագ զարգանալ նորագույն տեխնոլոգիաների հետ։ Skype-ի ստեղծողները Kazaa ֆայլերի փոխանակման ծրագրի հեղինակներն են։ 1999 թվականին շվեդական Tele2 ընկերությունում որոշում էր կայացվել ստեղծել EveryDay.com կոչվող զվարճալի հարթակը։ Հետագայում այդ նախագիծը դարձավ Skype-ը։

Microsoft-ը հիմա ողջ ուշադրությունը նախատեսում է սևեռել Teams ծառայության վրա, որը վերջին տարիներին ավելի լայն տարածում է գտնում և օգտագործվում տարբեր ընկերությունների կողմից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները