2025 թվականի փետրվարին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 1.5% տարեկան հաշվարկով՝ նախորդ ամսվա 7.1%-ի համեմատ։ Համաշխարհային բանկի ապրիլի զեկույցի տվյալներով՝ աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի 26.6% կրճատմամբ, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, գունավոր մետաղների և հանքարդյունաբերության արտադրանքի նվազած ծավալներով։
Միևնույն ժամանակ, շինարարության և ծառայությունների ոլորտները շարունակել են դինամիկ աճը՝ ցուցաբերելով համապատասխանաբար 12.7% և 12.1% աճ։ Չնայած դրան՝ գործազրկության տարեկան մակարդակը 2024 թվականին բարձր է մնացել՝ կազմելով 13.9%, ինչը գերազանցում է 2023 թվականի 12.4%-ը։
Զեկույցում նշվում է, որ 2025 թվականի սկզբից միջին անվանական աշխատավարձերը աճել են 2%, սակայն սպառողական պահանջարկի վրա դրա ազդեցությունը սահմանափակ է եղել։ Դրան հակառակ՝ արտերկրից փոխանցված ոչ առևտրային դրամական փոխանցումները աճի միտում են ցուցաբերել՝ փետրվարին գրանցելով 29% ամսական աճ։ Առավելապես աճել են Ռուսաստանից եկող փոխանցումները՝ 34.9% ամսական աճով, իսկ այլ երկրներից փոխանցումները աճել են ավելի քան երեք անգամ։
Գնաճը մարտին հասել է 3.3%-ի՝ գերազանցելով Կենտրոնական բանկի սահմանած 3% թիրախը։ Գնաճի հիմնական շարժիչ ուժը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5.4% աճն է։ Սակայն ԿԲ-ը մարտի 18-ին որոշել է պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75% մակարդակում։
Արտահանման և ներմուծման ծավալները շարունակել են կրճատվել՝ պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կրճատմամբ։ Փետրվարին արտահանումը նվազել է 67.7%, իսկ ներմուծումը՝ 46%։ Հատկապես կրճատվել են պղնձի (45%) և ոսկու (93%) արտահանումները։ Փոխարենը աճ է գրանցվել գյուղատնտեսական արտադրանքի (90%), պատրաստի սննդամթերքի (42%) և սարքավորումների (22%) արտահանման հատվածներում։ 44% արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, 22%-ը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։
Տնտեսական վերլուծության համաձայն՝ դրամը փետրվարին մնացել է կայուն դոլարի նկատմամբ՝ ցուցաբերելով 1.3% արժևորում, բայց զգալիորեն թուլացել է ռուբլու նկատմամբ՝ 24.4% արժեզրկմամբ։ Միջազգային պահուստները մարտին հասել են 3.9 մլրդ դոլարի՝ ապահովելով 2.9 ամսվա ներմուծման ծածկույթ։
Բանկային համակարգում ավանդները փետրվարին աճել են 1% ամսական կտրվածքով, իսկ վարկերը՝ նվազել 0.1%-ով։ Տարեկան կտրվածքով ավանդները աճել են 14%, վարկերը՝ 26.2%։ Կապիտալի բավարարության մակարդակը կազմել է 20%, իսկ ոչաշխատող վարկերի մասնաբաժինը՝ 1.5%։
Պետական բյուջեն հունվարին ունեցել է շուրջ 100 մլրդ դրամի ավելցուկ, իսկ փետրվարին՝ 28.5 մլրդ դրամի դեֆիցիտ։ Տարվա առաջին երկու ամիսների արդյունքում արձանագրվել է 71.6 մլրդ դրամ (ՀՆԱ-ի մոտ 0.7%) բյուջետային ավելցուկ։ Փետրվարին հարկային եկամուտները աճել են 11%՝ ավելացման հիմնական աղբյուրները կազմելով ԱԱՀ-ի 15.4% և եկամտային հարկի 8.5% աճերը։ Ընդհանուր ծախսերը նույն ամիսը կրճատվել են 10.7%՝ հատկապես կապիտալ ծախսերի 36.7% նվազման պատճառով։