Ավստրալական Cortical Labs ստարտափը MWC 2025 ցուցահանդեսում ներկայացրել է աշխարհում առաջին սեղանի համակարգիչը՝ CL1, որն օգտագործում է մարդու ուղեղի կենդանի բջիջներ։ Համակարգը ոչ միայն պահպանում է բջիջների կենսունակությունը, այլև նպաստում է դրանց զարգացմանը՝ ինքնուսուցման միջոցով։ CL1-ը գործում է ինքնավար՝ առանց ավանդական հաշվարկային համակարգերին միացման։ Մասնագետները ենթադրում են, որ նման հարթակների վրա հիմնված արհեստական բանականությունը կլինի ավելի էներգաարդյունավետ և զարգացած։
Cortical Labs-ը հիմնադրվել է 2019 թվականին Մելբուռնում և այդ ժամանակից ի վեր աշխատում է «բջիջ-սիլիկոն» հիբրիդային հարթակի վրա՝ համագործակցելով Մոնաշի համալսարանի գիտնականների հետ։ Թեև ուղեղը չի կարող մրցել ավանդական սիլիկոնային պրոցեսորների հետ բարդ մաթեմատիկական հաշվարկներում, այն գերազանցում է բոլոր համակարգիչներին ինտուիտիվ լուծումների որոնման հարցում։ 2022 թվականին միայն Frontier համակարգիչը, որի արժեքը 600 մլն դոլար էր, կարողացավ առաջին անգամ գերազանցել մարդուն ինտուիտիվ հաշվարկներում։ Սա վկայում է, որ կենսաբանական հաշվարկային համակարգերը դեռ վաղ է դուրս գրել տեխնոլոգիական մրցակցությունից։
Տարիների զարգացման արդյունքում Cortical Labs-ը պատրաստ է զանգվածային արտադրության։ CL1-ը, որը ներկայացվել է MWC 2025-ին Բարսելոնայում, իրենից ներկայացնում է բիոռեակտոր, որը պահպանում է նյարդային հյուսվածքների կենսունակությունը՝ դրանք աճեցնելով սիլիկոնային չիպի վրա։ Նեյրոնների կոնկրետ քանակը կամ կազմությունը նախապես անհնար է կանխատեսել, սակայն տեխնիկական նկարագրություններում օգտագործվելու է ԿՕԵ (կոլոնիա-կազմող միավորներ) եզրը։
Մասնագետները դեռևս ամբողջությամբ չեն հասկանում, թե կոնկրետ ինչ բջիջներից է կազմված բիոլոգիական պրոցեսորը և ինչ համամասնությամբ պետք է դրանք ներկա լինեն։ Այժմ օգտագործվում են երկու մեթոդ՝ պլյուրիպոտենտ ստեմ բջիջների ստացում արյան բջիջներից (մարդու և կրծողների) և գենետիկ մոդիֆիկացիաներ։ Բջիջների զարգացման գործընթացը դեռևս ամբողջությամբ վերահսկելի չէ, ինչը բերում է արդյունքների տարբերակմանը։
Չնայած որոշ անհստակություններին, CL1-ը արդեն պատրաստ է կոմերցիոն ներդրման։ Cortical Labs-ը նախատեսում է համակարգիչները վաճառքի հանել 2025 թվականի երկրորդ կեսին՝ 35,000 դոլար մեկնարկային գնով, ինչը մոտ 2.5 անգամ էժան է առկա այլընտրանքներից։ Տարվա վերջում ընկերությունը կմեկնարկի CL1-ի ամպային կլաստերի փորձարկումը, որը բաղկացած կլինի 4 բաժանմունքից՝ յուրաքանչյուրում 30 համակարգիչ։ Սա կլինի աշխարհում առաջին փորձը՝ բիոհամակարգիչների կլաստեր ստեղծելու համար, որի արդյունավետությունը դեռևս դժվար է կանխատեսել։
Բացի հաշվարկային խնդիրներից, բիոհամակարգիչները կարող են հեղափոխություն կատարել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ուսումնասիրության մեջ։ Կենդանի մարդկանց վրա փորձարկումները անթույլատրելի են, իսկ նեյրոնային գաղութներով համակարգիչները կարող են ապահովել այլընտրանքային փորձարարական միջավայր։
