Ուորեն Բաֆեթը համարվում է մեր ժամանակների ամենահաջողակ ներդրողը։ Նա ամերիկացի բիզնես մագնատ է, ղեկավարում է Բերքշիր Հեթուեյ ընկերությունը և հանդիսանում վերջինիս ամենամեծ բաժնետերը։Նրա ռազմավարությունն ու փիլիսոփայությունը մեծապես ազդել են ներդրումների նկատմամբ մարդկանց ընկալմանն ու մոտեցմանը:Այս բլոգում ներկայացնում ենք Բաֆեթի ներդրումային խորհուրդները, որոնք վստահաբար կօգնեն բարելավելու ձեր ներդրումային փորձառությունը։
Խորհուրդ 1. Եղեք համբերատար
Ուորեն Բաֆեթը համբերության մարմնացումն է ներդրումների աշխարհում և գիտի՝ ինչպես ճիշտ ներդրումներ կատարել: Նա հայտնի է «Բաժնետոմսերի շուկան գումարը անհամբերներից համբերատարներին փոխանցելու միջոց է» խոսքերով։ Այս ոլորտում ամեն ինչ ճիշտ հնարավորություններին սպասելու և շուկայի կարճաժամկետ տատանումներից թևաթափ չլինելու մասին է: Բաֆեթի հաջողությունը հաստատում է այն, որ կարևոր է որոշումներին հավատարիմ մնալ և թույլ տալ, որ ձեր ներդրումներն աճեն ժամանակի ընթացքում։
Խորհուրդ 2. Ներդրեք այն ոլորտում, որի մասին գիտելիքներ ունեք
Բաֆեթի փիլիսոփայությունը պարզ է. հավատարիմ մնացեք այն ամենին, ինչից տեղեկացված եք: Բաֆեթը հայտնի է նրանով, որ խուսափում է ներդրումներ կատարել մի ոլորտում, որից անտեղյակ է: Փոխարենը, նա կենտրոնանում է այն ընկերությունների վրա, որոնք ունեն պարզ, հասկանալի բիզնես մոդելներ և ուժեղ մրցակցային առավելություններ: Այսպես Բաֆեթը նվազագույնի է հասցնում ռիսկերը և առավելագույնի հասցնում իր շահույթը:
Խորհուրդ 3. Նախապատվությունը տվեք ողջամիտ արժեքներին
Բաֆեթի ներդրումային մոտեցումը կենտրոնացած է արժեքի վրա։ Նա փնտրում է բարձրորակ ընկերություններ, որոնք իրենց բաժնետոմսերը վաճառվում են խելամիտ արժեքով։ Նա կենտրոնանում է կայուն մրցակցային առավելություններով և երկարաժամկետ աճի ներուժով ընկերություններ գտնելու և դրանց արժեթղթերում ներդրումներ կատարելու վրա:
Խորհուրդ 4. Ունեցեք երկարաժամկետ հեռանկարներ
Բաֆեթի ամենահայտնի ներդրումային ռազմավարություններից մեկը երկարաժամկետ ներդրումներ կատարելն է: Բաֆեթը ներդրումներ է կատարում այնպիսի ընկերությունների բաժնետոմսերում, որոնց վստահում է և կարծում է, որ դրանք երկարաժամկետ աճ են գրանցելու։ Բաֆեթը կարծում է, որ երկարաժամկետ ներդրումները ավելի մեծ օգուտներ կարող են տալ։Այս մոտեցումը համբերություն է պահանջում, բայց կարող է զգալի արդյունք տալ:
Խորհուրդ 5. Կենտրոնացեք շուկայական տատանումների նկատմամբ ներքին արժեքի վրա
Բաֆեթը հստակ տարբերակում է գինը և արժեքը: Գինն այն է, ինչ դուք վճարում եք, իսկ արժեքը՝ ինչ դուք ստանում եք: Չնայած կարճաժամկետ հեռանկարում շուկան կարող է տատանվել, բիզնեսի ներքին արժեքն այն է, ինչը, ի վերջո, որոշում է դրա երկարաժամկետ հաջողությունը: Բաֆեթը ներդրողներին խորհուրդ է տալիս կենտրոնանալ ընկերության հիմնական արժեքի վրա, այլ ոչ թե ֆոնդային շուկայի ամենօրյա տատանումների:
Խորհուրդ 6. Ստանդարտներից դուրս մտածեք
Ներդրումների նկատմամբ Բաֆեթի մոտեցումն առանձնացնում է մեծամասնության մոտեցումներից: Նա չի վախենում դեմ գնալ և ներդրումներ կատարել ոչ այնքան հայտնի ընկերություններում կամ ոլորտներում: Դրանով նա հաճախ է գտնում հնարավորություններ, որոնք ուրիշներն անտեսում են, ինչը երկարաժամկետ հեռանկարում մեծ եկամուտներ է ապահովում: Բաֆեթի նման մտածելակերպը մեզ հուշում է, որ երբեմն լավագույն ներդրումներն այն ներդրումներն են, որոնք մյուսները վախենում են կատարել:
Խորհուրդ 7. Խուսափեք պարտքից
Բաֆեթը զգուշանում է ավելորդ վարկերից։ Նա հավատացած է, որ պետք է ներդրում կատարել կանխիկով, այլ ոչ թե օգտագործել վարկային գումարներ, քանի որ դա կարող է մեծացնել կորուստները՝ շուկայի անկման ժամանակ։
Խորհուրդ 8. Մի փորձեք կանխատեսումներ անել
Բաֆեթը համոզված է, որ անհնար է կանխատեսել ֆոնդային շուկայի կարճաժամկետ տատանումները: Փոխարենը նա խորհուրդ է տալիս ներդրողներին կենտրոնանալ հուսալի ընկերություններ և գրավիչ գներով արժեթղթեր գնելու, դրանք երկարաժամկետ պահելու վրա: Նա ասում է, որ շուկայական վերելքների և անկումների ժամանակ ներդրումներ կատարելով՝ ներդրողները կարող են խուսափել շուկայական թակարդներից և փոխարենն օգուտ քաղել։
Խորհուրդ 9. Դիվերսիֆիկացիան չպետք է շեղի ձեզ
Չնայած դիվերսիֆիկացիան կարևոր է, Բաֆեթը կարծում է, որ այն չպետք է շեղի ներդրողներին: «Դիվերսիֆիկացիան պաշտպանություն է անտեղյակությունից: Այս սկզբունքը չպետք է առաջնային լինի, եթե գիտես, թե ինչ ես անում»։ Բաֆեթը նախընտրում է իր ներդրումները կենտրոնացնել մի քանի առավել հեռանկարային գաղափարների վրա և կենտրոնանալով իր լավագույն գաղափարներին՝ նա առավելագույնի է հասցնում գերշահույթներ ստանալու հնարավորությունը՝ միաժամանակ կառավարելով ռիսկերը:
Խորհուրդ 10․ Կարևորեք գիտելիքի ուժը
Բաֆեթն իր օրվա զգալի մասը տրամադրում է ընթերցանությանը։ Տեղեկացված մնալը և շարունակական ուսուցումը կարևոր է ներդրումային խելացի որոշումների կայացման համար:
Եզրակացություն
Այս 10 ներդրումային խորհուրդների միջոցով մենք սովորում ենք ոչ միայն հաջողակ ներդրումների սկզբունքները, այլ նաև որդեգրում այն մտածելակերպը, որն անհրաժեշտ է շուկայում հաջողելու համար։
Բաֆեթի խորհուրդները հաշվի առնելով կարող եք զգալի նվազեցնել ռիսկերը և հասնել ձեր երկարաժամկետ ֆինանսական նպատակներին։
Ինչպե՞ս կատարել ներդրում
Կարող եք անվճար բրոքերային հաշիվ բացել Unibank Invest-ի միջոցով և սկսել իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Բրոքերային հաշիվ բացելու համար կարող եք լրացնել առցանց հայտը կամ զանգահարել +374 43 004 382 հեռախոսահամարով։