Հայաստանի համար հարկային արդարության ամրապնդումն ու կրթության որակի բարելավումը կարող են կարևոր քայլեր դառնալ եկամուտների ավելացման և կայուն տնտեսական աճի ապահովման համար․ այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում։
Զեկույցում նշվում է, որ հարկային համակարգը պետք է հիմնվի համընդհանուր սկզբունքի վրա՝ բացառելով հատուկ արտոնություններ առանձին ոլորտների համար։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը վերջին տարիներին բարելավել է հարկերի հավաքագրման մակարդակը՝ 2021-2023 թվականներին ապահովելով հարկեր/ՀՆԱ-ի հարաբերակցության 24%-ին մոտ ցուցանիշ։ Սակայն այս ցուցանիշը դեռ չի հասել կառավարության ծրագրով նախատեսված 25%-ին։
Այս նպատակին հասնելու համար Համաշխարհային բանկը առաջարկում է ընդլայնել հիմնական հարկային ռեժիմը՝ ապահովելով ավելի շատ բիզնեսների համար համահարթ հարկում, սահմանափակել շրջանառության հարկի կիրառումը և թարմացնել թվային տնտեսության հարկման կանոնները։ Սա կարող է նպաստել ոչ միայն դեպի բյուջե ֆինանսական մուտքերի աճին, այլև խթանել գործարար միջավայրի արդարությունը և խրախուսել տնտեսական ակտիվությունը։