Meta-ն պետք է դատարան ներկայանա՝ համաձայն ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի (FTC) կողմից ներկայացրած հայցի, գրում է The Verge-ը։
Meta-ն մեղադրվում է մրցակցության անհավասար պայմաններ ստեղծելու և, գնելով Instagram-ը և WhatsApp-ը, սոցիալական ցանցերի շուկայում գերիշխող դիրք գրավելու մեջ։
FTC-ին նույն մեղադրանքով հայց էր ներկայացրել Meta-ի դեմ դեռևս 2020 թվականին: Դատավոր Ջեյմս Բոասբերգը 2021 թվականին մերժել էր FTC-ի հայցը, որից հետո դաշնային գործակալությունը փոփոխված բողոք էր ներկայացրել և գործը վերականգնվել էր:
2023 թվականի գարնանը Meta-ն կրկին խնդրեց դատարանին մերժել FTC-ի հայցը, բայց Բոասբերգը վճիռ կայացրեց հօգուտ FTC-ի, չնայած նա մերժեց նաև այն պնդումը, որ Meta-ն գործել է անբարեխիղճորեն։
Այժմ FTC-ն կփորձի ապացուցել, որ Meta-ն գործել է անբարեխիղճորեն, և, գնելով Instagram-ն ու WhartsApp-ը, վնասել է շուկայում մրցակցությանը և սպառողներին: Իսկ Meta-ի խոսնակ Քրիստոֆեր Սգրոն վստահություն է հայտնել, որ ընկերությունը դատարանում կապացուցի, որ Instagram-ի և WhatsApp-ի ձեռքբերումը «շահավետ» են եղել օգտատերերի համար։
Նշենք, որ չնայած FTC-ի հակամենաշնորհային հայցը ներկայացվել է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ակնկալվում է, որ այժմ նրա վարչակազմն ավելի մեղմ դիրքորոշում կընդունի այս հարցի շուրջ։ Հատկանշական է նաև, որ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն, այլ առաջատար խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ միասին, «բարելավում» է իր հարաբերությունները Թրամփի հետ, ով էլ իր հերթին, ակնկալվում է, որ պաշտոնից կհեռացնի FTC-ի ղեկավար Լինա Խանին։