E-draft հարթակում տեղադրվել է ՀՀ տարածքում գործող՝ մասնագիտական աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող ՓՄՁ սուբյեկտներին հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն ուղղված հարցի քվեարկությունը։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության մի շարք տեսակների կազմակերպումը՝ դրանց հարկումը տեղափոխելով հարկման ընդհանուր համակարգ:
Ըստ խորհրդի անդամների, նախագծի խնդիրն այն է, որ ծառայություն մատուցողների ավելացված արժեքի հարկային դաշտ անցնելը անհատներին ու փոքր բիզնեսներին կանգնեցնելու է ծառայությունների գնի ավելացման խնդրի առաջ։ Նախագիծը սեպտեմբերի 18-ին քննարկվեց Փոքր Եվ Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ենթախորհրդի Նիստում՝ Էկոնոմիկայի նախարարությունում։ Այն առաջարկվել է Ֆինանասների նախարարության կողմից: Այստեղ կա ռիսկ, որ ֆիզիկական անձինք և փոքր բիզնեսները, ցածր գնային դիապազոններում, ոչ մեծ բարդության ծառայություններ են սպառում և նրանց համար բավականին զգալի գնաճ կարող է տեղի ունենալ։
Հարցը՝ Ենթախորհրդի նիստում քննարկելուց հետո, քննարկվեց սեպտեմբերի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ Խորհրդի նիստին: Նիստի արդյունքներով որոշվեց`
– դիտարկել շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսվարողների համար վարչական ծախսերի գծով ծախսագրման հնարավորությունը,
– դիտարկել ցանկի որոշ գործունեության տեսակների վերանայման հնարավորությունը
– ձևավորել աշխատանքային խումբ` ՓՄՁ Խորհրդի անդամների, IC Armenia -ի, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների և Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի անդամներից բաղկացած` քննարկելու նիստի ժամանակ բարձրացված խնդրահարույց ուղղությունները:
Մանրամասներին ծանոթացեք մեր ռեպորտաժում՝ ստորև