Հոկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցավ «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ Ավստրիական Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի (ICMCI) նախաձեռնությամբ, 2024 թվականի մրցանակաբաշխությունը անցկացվեց գործարար խորհրդատվության միջազգային ամենահեղինակավոր՝ CMC համաժողովի շրջանակներում, որն անց էր կացվում Երևանում հոկտեմբերի 7-11-ը։
Արդեն 11-րդ անգամ անցկացվող «Կոնստանտինուսը» մրցանակներ էր սահմանել խորհրդատվական ոլորտում նորարարական լուծումներ առաջարկող ծրագրերի համար, և հաղթող ճանաչվեցին 9 երկրներից ներկայացված նախագծեր։ Այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև հայկական ընկերություններ ու նախաձեռնություններ։ Ժյուրիի անդամները նախագծերը գնահատել են հետևյալ առաջնահերթություններով՝ կոմերցիոն հեռանկար, ռազմավարական կարողություն, ստեղծագործականություն նորարարական լուծումներում, արդյունավետություն և համապատասխանություն միջազգային զարգացման ծրագրերին։
Հաղթող նախագծերի թվում էին առաջատար խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ
«Ավենյու քընսալթինգ գրուպի» և «ԱՄՊԵՐԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Հայաստանում օրգանական պարարտանյութերի ոլորտի գնահատում և աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ծախս-շահույթ և արժեշղթայի ուսումնասիրությունների գործում» (Assessment of organic origin fertilizers sector status in Armenia and support to the GoA with cost-benefit and VC studies) նախագիծն արժանացավ Հայաստանի ազգային հաղթողի կոչմանը։ Նախագիծն անկյունաքարային է հայաստանյան օրգանական գյուղատնտեսության կայուն և արդյունավետ զարգացման գործում, հատկապես՝ օրգանական պարարտանյութերի արտադրության և օգտագործման բնագավառներում։ Այն իրականացվել էր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) երևանյան գրասենյակի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համահեղիկանությամբ։
Գերմանական «Dr. Christoph Nussbaumer Strategy Consultants GmbH» ընկերության «Ճգնաժամի մեջ գտնվող տնից դեպի բարձրակարգ բնության հանգստավայր» (From a Country House in Crisis to a Successful Nature Resort) նախագիծը և իտալական` «SGC GRECU CONSULTING PARTNERS SRL U.S.» ընկերության հեղինակած «Արդյունաբերական գործարանի վերափոխում. նրբագեղ և արդյունավետ դիզայն՝ կանաչ հետքով և արդյունաբերություն 4.0 սկզբունքների պատրաստմամբ» (Redesign of the Industrial Plant: Lean Efficient Layout with Green Footprint and preparation of Industry 4.0 principles) նախագծերը կիսեցին «Կոնստանտինուս» ոսկե մեդալը։
Իսկ իտալական «CONSIBREMA նախագիծ. երբ հանդիպում են եկեղեցին և կառավարումը» (CONSIBREMA Project. When the Church and Management Meet) նախագիծն արժանացավ արծաթե մեդալի։
Այս տարի ոսկե և արծաթե մեդալների, ինչպես նաև ազգային չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին 11 նախագծեր աշխարհի 9 երկրներից։
Այս տարի, առաջին անգամ, Հայաստանը ներկայացված էր նաև միջազգային ժյուրիի կազմում՝ հայաստանյան խորհրդատվական համայնքի երկու ներկայացուցիչներով։ IMC Armenia գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը և IMC Armenia-ի խորհրդի անդամ Նիկա Մանուկովան, այլ երկրների ժյուրիի անդամների հետ միասին, մասնակցել են մրցույթին ներկայացված նախագծերի գնահատման գործընթացին։
«Կոնստանտինուսը» խորհրդատվական ոլորտում գերազանցությունն ընդգծող միջազգային մրցանակ է, որի նպատակը տեղական և միջազգային նորարարական խորհրդատվական նախագծերի հանրահռչակումն է՝ նպաստելով ոլորտի առաջընթացին։ «Կոնստանտինուսը» նաև հարթակ է միջազգային համագործակցության համար, որտեղ համախմբվում են ոլորտի առաջատար փորձագետներն ու նախագծերի հեղինակները։ Թեկնածուների համար այս մրցանակը կարող է կարևոր գործիք դառնալ հաճախորդ-խորհրդատու կապի ամրապնդման, ինչպես նաև իրենց նախագծերի միջազգային ճանաչման բարձրացման գործում։
Միջազգային CMC համաժողովը հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի նշանակալի իրադարձություններից մեկն է, որը նախաձեռնել էր Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Armenia)։ Այս տարի համաժողովն անցկացվեց Հայաստանում, հոկտեմբերի 7-11-ը, իր հարկի տակ հյուրընկալելով համաշխարհային լավագույն խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների ու հեղինակավոր խոսնակների։
2024 թվականին համաժողովը «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագրի ներքո անդրադառձավ ոլորտի մի շարք զարգացումների, այդ թվում՝ խորհրդատվության, թվայնացման, շրջակա միջավայրի, կայունության, բիզնես միջավայրի և մի շարք այլ ուղղություններով։
Համաժողովի շրջանակում Հայաստան էին ժամանել ոլորտի առաջատար մասնագետներ ինչպիսիք էին ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը, առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը, գործարար Դեյվիդ Յանգը և շատ ուրիշներ։
Միջազգային CMC համաժողովը կառավարման խորհրդատուների ամենամյա միջոցառում է, որը նպատակ ունի խթանելու գիտելիքի փոխանակումը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և ստեղծելու մասնագիտական աճի համար բարենպաստ միջավայր ոլորտի մասնագետների և բիզնես էկոհամակարգի համար։ Համաժողովի հարուստ օրակարգը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսի ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների և բիզնեսի այլ ներկայացուցիչների համար։
Համաժողովը բաղկացած էր բազմատեսակ միջոցառումներից՝ ելույթներ, հանդիպումներ, վարպետության դասեր առաջատար դեմքերից, փոխգործակցության հնարավորություններ ոլորտի առաջատար մասնագետների, ընկերությունների և կառույցների հետ։