WITSA-ն հայտարարել է 2024 թվականի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների անունները

Վերջին լուրերը
WITSA-ն հայտարարել է 2024 թվականի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների անունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Նորարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA), հայտարարել է Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակակիրների (WITSA Global Innovation and Tech Excellence Award) անունները:

Ավելի քան 50 երկրներից ստացված 130 հայտերից մրցանակ ստացան 21 անհատներ, կազմակերպություններ և նախագծեր, որոնք էականորեն նպաստել են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Հաղթողները ցուցադրել են գերազանցություն՝ մարդու կյանքի բարելավման գործում թվային նորարարությունների և պետական ու մասնավոր ոլորտների արդյունավետ համագործակցությանը իրականացմամբ։

WITSA-ի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակները շնորհվում են տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում նկատելի ներդրումներ կատարած անհատներին և կազմակերպություններին: Մրցանակները նպատակ ունեն ցուցադրելու տեխնոլոգիաների վերափոխիչ ուժը տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, կիբերանվտանգության, արհեստական բանականության (ԱԲ), առողջապահության, կրթության, ֆինանսների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Agenus Inc. բիոտեխնոլոգիական ընկերության տնօրեն Դր․ Գարո Արմենն արժանացավ WITSA-ի պատվավոր անդամի (WITSA EMINENT PERSON AWARD) կոչմանը։ 2010 թվականից WITSA-ն շնորհում է այս ամենաբարձր պարգևը, որը կոչված է պատվելու և ճանաչելու այն անհատներին, որոնք էական և խորապես դրական փոփոխություններ են բերել այլոց կյանքում։ Agenus Inc.-ը նպատակ ունի նորարարական իմունաթերապիաներ մշակել քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Agenus-ի ամենախոշոր նվաճումներից մեկը BOT/BAL համակցված թերապիայի մշակումն է, որը ցույց է տվել բացառիկ հաջողություններ դժվար բուժվող քաղցկեղների, այդ թվում՝ մետաստատիկ հաստաղիքային քաղցկեղի դեմ պայքարում։ Այս թերապիան վերակենդանացնում է իմունային համակարգի բնական կարողությունը՝ պայքարելու քաղցկեղի դեմ, ինչը մեծ առաջընթաց է քաղցկեղների բուժման գործում, որոնք նախկինում համարվում էին անհաղթահարելի։

«Սա շատ պարտավորեցնող է ինձ համար։ Քաղցկեղը դարձել է աճող համաշխարհային մարտահրավեր, և մեր ամենօրյա աշխատանքում կարիք կար լուծումներ գտնելու դրա դեմ պայքարի ուղղությամբ։ Մենք քաղցկեղի կանխարգելման և բուժման կենտրոններից առաջարկներ էինք ստանում՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների շրջանում, քաղցկեղի վաղ հայտնաբերման լուծումներ մշակելու ուղղությամբ։ Շուրջ 20 տարի է, ինչ մենք աշխատում ենք Հայաստանի գյուղերում և այսօր մեր ծրագրերը հասանելի են ավելի քան 100 գյուղերում։ Հայաստանում WCIT2024/DigiTec-ը կարևոր դեր է խաղում այս ամենի հանրայնացման գործում՝ ցուցադրելով հաջողված գործիքներ, որոնք ապացուցում են, որ տեխնոլոգիաները կարող են դառնալ հզոր միջոց և ինտեգրվել կյանքի բոլոր ոլորտներում»,- նշել է Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը։

Երեք տարբեր մայրցամաքներից ընտրված 21 անհատներ ու կազմակերպություններ արժանացան 2024 թվականի WITSA Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակի, ներառյալ՝ WITSA-ի նախագահի հատուկ մրցանակն ու WITSA-ի պատվավոր անդամի մրցանակը: WITSA-ն համարվում է գլոբալ թվային տեխնոլոգիաների արդյունաբերության հանրայնացման ամենահայտնի կառույցը, որը ներկայացված է 80 անդամ երկրներում և տնտեսություններում:

WITSA-ի մրցանակները հանրաճանաչում են պետական և մասնավոր համայնքների արդյունավետ համագործակցությունները, որոնք արհեստական բանականության, մեծ տվյալների և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների հիման վրա ստեղծում են թվային լուծումներ։ Մրցանակակիրների թվում էին շարժական էլեկտրոնային դրամապանակի, երթևեկության կառավարման և անվտանգության բարելավման համար առաջադեմ լուծման, ԱԲ-ով աշխատող ճանապարհորդության պլանավորման նախագծի, ԱԲ-ի օգտագործմամբ հեռավար զննումն ու ավտոմատացումը հեշտացնելու համար հեռաբժշկության նորարարական համակարգի և մի շարք այլ նորարարական նախագծեր։

«Մեծ պատիվ է մեզ համար հյուրընկալել WITSA-ի Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակաբաշխությունը WCIT2024/DigiTec-ի օրերին։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, ինչպես նաև Գարո Արմենին։ Պարոն Գարո, դուք հսկայական աշխատանք եք կատարում քաղցկեղի բացահայտման և բուժման գործում։ Վստահաբար կարող ենք ասել, որ տեխնոլոգիաները էապես փոխում են մարդկանց կյանքի որակը»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվում է WCIT2024/DigiTec-ը, որի մասին ավելի շատ մանրամասներ կգտնեք How2B-ի ռեպորտաժում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները