Սեպտեմբերի 24-ին կայացել է «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 6-օրյա միջոցառման պաշտոնական բացումը։ Սփյուռքից ավելի քան 35 սփյուռքահայ ստարտափերներ Հայաստան են ժամանել՝ ներկայացնելու իրենց տեխնոլոգիական գաղափարները, զարգացնելու և վերածելու կայուն բիզնեսի հենց Հայաստանում։ Այս տարի ծրագիրն անցկացվում է հոբելյանական՝ 5-րդ անգամ:
Ծրագրին մասնակցելու համար այս տարի ստացվել է 64 հայտ՝ 20 երկրից, ընտրվել է 28 ստարտափ` 16 երկրից` Ռուսաստան, Վրաստան, Լիբանան, Քուվեյթ, Հունաստան, Լատվիա, Չեխիա, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա:
«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ:
Ծրագրի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես գալով` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է ներուժցիներին, նշել, որ այս ծրագիրը կարևոր քայլ է սփյուռքի հետ կամուրջներ ստեղծելու և համահայկական ներուժը Հայաստանում կենտրոնացնելու համար, ընդգծել՝ «Ներուժ»-ին մասնակցելը շատերի համար շրջադարձային որոշում է լինելու. տեղափոխվել Հայաստան և ներդրում ունենալ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում։
Մխիթար Հայրապետյանը կարևոր է համարել ներուժցիներին տեղեկացնել վերջին ամիսներին հայաստանյան տեխնոլոգիական կյանքի իրադարձությունները, ՀՀ կառավարության ապագա պլանները և երազանքները: Նախարարը խոսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը խթանող օրենսդրական և մի շարք այլ նախաձեռնությունների մասին և նշել, որ դրանց հիմքում Հայաստանը տեխնոլոգիական հաբի վերածելու գաղափարն է դրված։
Բացման խոսքով է հանդես եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Վերջինս, շնորհավորելով մասնակիցներին, նշել է, որ սփյուռքի ներուժը, որը դեռ գործուն ուժի չի վերածվել, չի կարելի վատնել, և պետությունը պատասխանատվություն է ստանձնում ստեղծել տարբեր մեխանիզմներ այդ ներուժն օգտագործելու՝ ի շահ մեր տնտեսության, գիտության և համընդհանուր բարօրության։
Հաջորդիվ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ նպատակները, վեցօրյա միջոցառման օրակարգը, այս տարվա նորամուծությունները։ Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի ներգրավումը ծրագրում, որը 6 օր շարունակ կաշխատի ծրագրի մասնակից ստարտափների հետ, իսկ միջոցառման ավարտից հետո՝ մեկ ամիս կաշխատի ծրագրի հաղթող ստարտափների հետ:
Միջոցառման ավարտին, «Plug and Play»-ի ներկայացուցիչ Ալֆրեդո Գոմես Սորիան խոսել է ընկերության նպատակների և գործունեության մասին, մանրամասներ ներկայացրել աքսելերացիոն ծրագրի թեմաներից և մենթորներից։