Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը հեռակա կերպով անջատել է իր Cybertruck կիբերբեռնատարը: Կադիրովի հաղորդագրության համաձայն, «նվիրված» Cybertruck-ը, որը նրանք ուղարկել էին Ուկրաինայի դեմ պատերազմին, հեռակա կերպով անջատվել է: Կադիրովը նշել է, որ մեքենան հիանալի կերպով կատարում էր մարտական առաջադրանքները, ցուցադրում էր մանևրներ և իրականացնում էր անձնակազմի լավ պաշտպանություն:
Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր՝ Մասկը նրան «նվիրել է» էլեկտրական մեքենա: Ամերիկացի միլիարդատերը հայտարարությանն ի պատասխան գրել էր, որ ոչինչ չի նվիրել, և որ իր մեքենան կարելի է գնել ցանկացած վայրում:
Bloomberg-ի հաղորդմամբ, Պենտագոնը և SpaceX-ը արգելափակել են Starlink տերմինալները, որոնք ռուսներն օգտագործում էին Ուկրաինայի դեմ պատերազմում: Ամսագրի տվյալներով, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն ակտիվորեն ներգրավված էր Ուկրաինայի կառավարության և Իլոն Մասկի ընկերության հետ աշխատանքներում՝ ռուսական զորքերի կողմից արբանյակային ինտերնետի տերմինալների անօրինական օգտագործմանը հակազդելու համար: