Կառավարության մայիսի 30-ին կայացած նիստում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է մաքսային ոլորտում օրինապահ հարկ վճարողի համակարգի ներդրման վերաբերյալ որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիր ստանալու չափորոշիչները։
Կառավարության նիստում որոշումն ընդունվել է միաձայն։
Հավաստագրի տրամադրմամբ տնտեսվարողները պարզեցված համակարգով կարող են օգտվել հետևյալ առավելություններից՝
- մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացում,
- մաքսային հսկողության առանձին ձևերի առաջնահերթ իրականացում,
- ապրանքների ավտոմատ բացթողնման ընթացակարգերի կիրառություն,
- մաքսային գործառնություններին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- նախնական հայտարարագրման ընթացակարգի կիրառության միջոցով ապրանքների բացթողում սահմանային մաքսային կետերում։
«Ներկայացնեմ, թե մաքսային ոլորտում ինչ չափանիշների պետք է համապատասխանեն տնտեսվարող սուբյեկտներն օրինապահ դիտվելու, հավաստագիր ստանալու համար և ինչ առավելություններից կարող են օգտվել: Անձը պետք է գործի ընդհանուր հարկման համակարգում, ԱԱՀ վճարող լինի, ժամկետանց պարտավորությունների բացակայություն պետք է լինի, հարուցված և չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների, սկսված և չավարտված մաքսային ստուգումների բացակայություն, տվյալ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթների բացակայություն և այլ մի քանի չափանիշ»,- իր ելույթում նշել է ՊԵԿ նախագահը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: