Բրիտանական ռոբոտաշինության Engineered Arts ընկերությունը ներկայացրել է իր նոր ռոբոտին։ Նա շատ բնական դիմախաղ ունի։
Ըստ ստեղծողների՝ այն պատրաստվել է մարդու կերպարով և օժտված է մարդու դեմքի արտահայտություններով. այն հեշտությամբ ցուցադրում է այնպիսի հույզեր, ինչպիսիք են զարմանքը, հրճվանքը, դժգոհությունը և դրանց համապատասխան դեմքի արտահայտությունները։ Այն նույնիսկ ունի դեմքի կնճիռների բնորոշ ձև:
YouTube-ում տեղադրված տեսահոլովակում մշակողները ցույց են տվել, թե ինչպես է ռոբոտն արթնանում լաբորատորիայում շոկ արտահայտող միմիկաներով, ծամածռում է դեմքը, իսկ հետո զննում ձեռքերը:
Ameca-ն աշխատում է Engineered Arts-ի Tritium օպերացիոն համակարգով, որը ռոբոտաշինական ընկերություններին թույլ է տալիս փորձարկել իրենց տեխնոլոգիան՝ լինի դա արհեստական բանականություն, թե մեքենայական ուսուցում:
Համացանցում տարածված կարճ տեսանյութը դիտելուց հետո օգտատերերը ռոբոտին ոչ միանշանակ են արձագանքել: Չնայած այն հանգամանքին, որ Ameca-ն ստեղծվել է դեմքի հավատալի արտահայտություններով, այն վախեցրել է Twitter-ի օգտատերերին։ Նրանցից ոմանք հեգնանքով նշել են, որ նման զարգացումները կհանգեցնեն ռոբոտների ապստամբության։
Մեկ այլ օգտատեր հիշել է «Ես ռոբոտ եմ» ֆիլմը և Ameca-ին համեմատել ռոբոտի հետ, որը պատանդ էր պահում մի կնոջ։
Ameca-ն կցուցադրվի CES 2022 Invention Show-ում, որը տեղի կունենա 2022 թվականի հունվարին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։