2023թ. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալն աճել է 220 մլրդ դրամով կամ 14%-ով, իսկ խոշոր հարկատուների տասնյակ են ներխուժել կենցաղային էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններ, ինչպես նաև «Վայլդբերիզը»,-տեղեկանում ենք ՊԵԿ հրապարակած տվյալներից:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։
Ինչպես 2022թ., 2023-ին ևս Հայաստանի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը սակայն, 2023 թվականին նախորդ տարվա համեմատ վճարել է գրեթե կրկնակի քիչ հարկ՝ 70,8 մլրդ դրամ: «Գրանդ Տոբակոն» ավելացրել է վճարված հարկերը շուրջ 7 մլրդ դրամով և ցանկում երկրորդն է: Հաջորդը ցանկի առաջին հնգյակի մշտական մասնակից «Գազպրոմ Արմենիան» է՝ 48 մլրդ դրամ հարկով:
2023թ. իր վճարած հարկերը մոտավորապես 2,5 անգամ ավելացրել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը վճարած 46 մլրդ դրամ հարկով Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուն է: Ցանկում հաջորդը նույնպես կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություն է՝ «Փրիթի Ուեյը», որը շուկայում ներկայանում է «Վեստա» խանութների ցանկով: Վերջինս վճարել է 33,2 մլրդ դրամ հարկ: Նախորդ տարի 346-րդ խոշոր հարկ վճարող «Վայլդբերիզը» սպասելիորեն ներխուժել է տասնյակ՝ 26,5 մլրդ հարկով:
Ցանկում հաջորդում են «Ամերիաբանկը» (25,7 մլրդ վճարած հարկ), «Արդշինբանկը» (24,8 մլրդ), «Սի Փի Էս Էներջի Գրուպը» (23,7 մլրդ) և «Ջեյ Թի Այ Արմենիան» (22,5):
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։