Հայաստանում գործում է հարկման 3 ռեժիմ, որոնք կտրուկ տարբերվում են իրարից: Հարկման ռեժիմը հարկերի հաշվարկման մոդել է, և, կախված ռեժիմից, վճարման ենթակա հարկերը կարող են անգամներով փոխվել: Այս ռեժիմներից ամենաերիտասարդը Միկրոձեռնարկատիրությունն է, որն իր հերթին եկավ փոխարինելու Ընտանեկան ձեռնարկատիրություն ռեժիմին: Այն ընդամենը 3 տարեկան է, սակայն, արդեն իսկ ենթարկվում է կտրուկ փոփոխությունների:
Ի՞նչ առավելություն էր տալիս բիզնեսին միկրոձեռնարկատիրության ռեժիմը
Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման հարմարավետ և պարզ պայմաններ: Մասնավորապես, միկրոձեռնարկատերերը տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսներ են, ովքեր չեն վճարում ոչ մի հարկ, իսկ աշխատակիցների աշխատավարձի համար վճարում են եկամտային հարկի ֆիքսված չափ՝ 5000 դրամ:
Միկրոձեռնարկատերը չի վճարում հետևյալ հարկատեսակները
- ԱԱՀ՝ ավելացված արժեքի հարկ
- Շահութահարկ
- Նախորդ երկուսին փոխարինող որևիցէ այլ հարկ, օրինակ՝ շրջանառության հարկ
Միկրոձեռնարկատերը վճարում է միայն իր աշխատողներին վճարվող աշխատավարձից պահվող հարկերը: Ըստ էության ամենամեծ արտոնությունը հենց այստեղ է, քանի որ ի տարբերություն մյուս հարկման ռեժիմներում գործող բիզնեսների, որոնք աշխատավարձը հարկում են 20% եկամտային հարկով, միկրոձեռնարկատիրոջ մոտ աշխատող աշխատակցի աշխատավարձից պահվում է ֆիքսված 5000 դրամ:
Այս արտոնության չափը պատկերացնելու համար բերեմ պարզ օրինակ, եթե աշխատակիցը պետք է առձեռն ստանա 200,000 դրամ աշխատավարձ, ապա նրա աշխատավարձը գրանցվում է 274,000 դրամ, իսկ միկրոձեռնարկատիրոջ մոտ այն գրանցվում է 221,579 դրամ /հաշվարկի առավել մանրամասիներին կարող եք ծանոթանալ այս հղումով/: Այսինքն, բիզնեսը ամեն ամիս յուրաքանչյուր աշխատակցի մասով կատարում է 52,421 դրամ խնայողություն:
Թեև Հայաստանում գործող բիզնեսների մեծ մասն իրենց եկամուտներին առնչվող հարկերը չեն թաքցնում, սակայն աշխատավարձերի մասով, փորձում են որոշակի «խնայողություններ» կատարել: Դրա մասին գիտեն բոլորը: Հենց այս խնդիրը լուծելու համար էլ պետությունը բիզնեսին առաջարկեց կտրուկ նվազեցնել աշխատակիցներից գանձվող հարկերը՝ ակնկալելով, որ փոքր և միկրո բիզնեսները կգրանցեն իրենց աշխատակիցներին և կհայտարարագրեն նրանց իրական աշխատավարձերը:
Հենց այդպես էլ եղավ: Բավականին շատ բիզնեսներ գնահատեցին նման հնարավորությունը և իրենց աշխատակիցների իրական աշխատավարձերը գրանցեցին: Հիմնական պատճառն այն էր, որ հարկային բեռը շատ չէր, չէր ազդում իրենց մրցունակության վրա, և շատերը գերադասեցին մի փոքր ավել հարկ մուծել և դառնալ բարեխիղճ հարկ վճարող:
Ի՞նչ է փոփոխվում 2023թ-ի հուլիսի 1-ից
Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունների փաթեթով այս հիանալի հնարավորությունը ու արտոնությունը վերանում է: Միկրոձեռնարկատերերը իրենց աշխատակիցների աշխատավարձը հարկելու են նույն կերպ, ինչպես մյուս հարկման ռեժիմում աշխատողները: Այս փոփոխությունը դեռ չի գործում և ուժի մեջ է մտնելու 2023թ-ի հուլիսի 1-ից: Վստահ եմ, որ շատերը դեռ տեղյակ էլ չեն, որ նման փոփոխություն է տեղի ունեցել:
Կարդացե՛ք նաև՝
- Ընդամենը 1 նախադասությամբ բիզնեսները ստիպված կլինեն տարեկան մոտ 10 մլրդ դրամ հավելյալ հարկ վճարել
- Պաշտպանել բիզնեսին իր իսկ հաշվապահներից. Կառավարության նոր որոշումը
- 2022թ. խոշոր հարկատուները
Ի՞նչպես կարձագանքի բիզնեսը
Կանխատեսում եմ, որ Միկրոձեռնարկատերերի մեծ մասը կփոխի իր վարքագիծը: Առնվազն կնվազի, ինչու ոչ, կզրոյանա միկրոձեռնարկատերերի կողմից գրանցվող լրացուցիչ աշխատատեղերը: Մյուսները աստիճանաբար «աշխատանքից կազատեն» կամ «աշխատավարձերը կնվազեցնեն», որպեսզի հարկային բեռը պահեն նախկին մակարդակին մոտ:
Բնականաբար, այդ ամենը հասկանում է նաև հարկային մարմինը, ուստի տարածքային տեսուչները, օպերվարչությունը և վերլուծական բաժինը ակտիվ աշխատանքներ կտանեն այս երևույթը կանխելու համար: Արդյունքում որոշ բիզնեսներ կտուգանվեն, կամ չկարողանալով իրենց բիզնես մոդելը փոխել, կսնանկանան: Այս կանխատեսումը գուցե չափազանց վատատեսական է, բայց հիմնվում եմ ինձ հասանելի տվյալների վրա և կարող եմ պնդել, որ շատ բիզնեսներ, եթե չօգտվեն այդ հարկային արտոնությունից, կդառնան վնասաբեր կամ կունենան չափազանց փոքր շահութաբերություն, որն ավելի ցածր կլինի, քան միջին աշխատավարձը:
Փոփոխության գլոբալ ազդեցությունը բիզնես-պետություն համագործակցության վրա
Բազմաթիվ առիթներով և տարբեր հարթակներում պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ պետություն-բիզնես համագործակցությունը պետք է կառուցվի երկարաժամկետ և փոխադարձ վստահության վրա: Հաճախ երկրի առաջին դեմքերը հիշատակում են գրանցված աշխատողների քանակի աճը և տպագրված ՀԴՄ կտրոների քանակի աճը՝ պայմանավորելով այն պետության և իշխանության նկատմամբ վստահության աճով:
Իրականում պետությունը բիզնեսին խոստանում և տալիս է արտոնություն, բոլոր հարթակներից կոչ անում վստահել և դուրս գալ ստվերից, իսկ հետո՝ գործընթացի կեսից, արագ փոխում խաղի կանոնը, դրանով հիմնականում խնդիրներ ստեղծելով հենց նրանց համար, ովքեր առաջինն են արձագանքել նման կոչերի: Այս ամենը էականորեն նվազեցնում է ապագայում նոր կոչերին արձագանքելու հավանականությունը:
Վլադիմիր Շատվերովը Team2B-ի տնօրենն է:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: