Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Advance Armenia Los Angeles Gala-2023 միջոցառման ընթացքում 1 մլն դոլարի չափով նվիրատվություն է հավաքել, որը կուղղվի Հայաստանում արհեստական ինտելեկտի (AI) զարգացմանն ուղղված նախագծերին։
«Մեր անհավանական աջակիցների շնորհիվ մենք հավաքել ենք գրեթե 1 միլիոն դոլար, որը կօգնի իրականացնելու մեր առաքելությունը՝ վերափոխել և հզորացնել գիտական հետազոտությունները Հայաստանում:
Այս նշանակալից ներդրումն ուղղակիորեն կընդլայնի երկու հիմնական նախագծերի՝ ADVANCE հետազոտական դրամաշնորհի և Generation AI կրթական ծրագրի հնարավորությունները»,- ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
ADVANCE նախագիծը նպատակ ունի համապարփակ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանում գործող հետազոտական խմբերին, որոնք ղեկավարվում են միջազգային անվանի գիտնականների կողմից:
«Generation AI» ծրագրի նպատակն է ուսանողներին մոտիվացնել արհեստական ինտելեկտի ոլորտում հետազոտություններ և կարիերա իրականացնելու համար: Նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մշակված ծրագիրը ներդնել Հայաստանի հանրակրթական դպրոցների պաշտոնական ուսումնական ծրագրում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: