Չոր և կարմիր աչքեր, ցավող մեջք, սխալ դիրք ու սրանից առաջացող դեմոտիվացիա աշխատանքի հանդեպ: Այցելում ենք տարբեր բժիշկների, օգտագործում մեջքն ուղիղ պահող գոտիներ, աչքերի արհեստական արցունքի կաթիլներ, բայց սա էլ այն ժամանակ, երբ միայն հիշում ենք:
Խնդիրը լուծելու համար, օգնության է եկել հայկական Bliink-ը: Այն արհեստական բանականությամբ աշխատող հավելված է, որն օգնում է համակարգչից օգտվողներին խուսափել աչքերի և կեցվածքի հետ կապված առողջական խնդիրներից։
Ինչպե՞ս
Երբ աշխատում ենք համակարգչի առջև, արհեստական բանականության ալգորիթմը որոշում է, թե ինչքան ենք հեռու համակարգչից և արդյոք ճիշտ անկյան տակ ենք նստած: Այն չի նկարում օգտատիրոջը, այլ պարզապես վերցնելով կոորդինատները, հասկանում է, թե մարդն ինչ դիրքով է աշխատում: Իսկ աչքի թարթելը որոշում է մոտ մեկ տասնյակ առանցքային կետերով, որի հիման վրա հասկանում է՝ արդյոք օգտատերը ճիշտ է աշխատում, թե՝ ոչ:
Պարբերաբար ստուգելով՝ համակարգը ուղարկում է հիշեցումներ, երբ օգտատերը սխալ դիրքով է նստում կամ բավականաչափ չի թարթում աչքերը: Այս փոքր հիշեցումները օգնում են խուսափել հետագայում առողջական մեծ խնդիրներից և բարձրացնում են աշխատունակությունը։
Bliink-ը հնարավորություն է տալիս օգտատիրոջը ընտրել ծանուցման պարբերականությունը (օրինակ` մեկ ժամում 10 անգամ), ինչպես նաև էկրանի վրա դրա դիրքն ու չափսը:
Գաղափարը
Bliink-ի համահիմնադիրներից Նաիրի Բաղդասարյանն ինչ-որ ժամանակ սկսեց բողոքել տեսողությունից, սկզբում աչքերի չորություն, հետո կարմրություն ու դրանից երեք տարի անց, տեսողության վատթարացում: Բժշկի մոտ այցելությունից հետո վարկածը հաստատվեց՝ խնդիրն առաջացել է համակարգչից և տարբեր էլեկտրոնային սարքերից:
«Սկսեցի աչքի արցունքներ ու տարբեր միջոցներ օգտագործել, բայց խնդիրն այն էր, որ գրեթե միշտ մոռանում էի և օգտագործում այն ժամանակ, երբ էլի աչքերս ցավում էին: Հետո սկսեցի այլ լուծումներ օգտագործել, օրինակ հեռախոսի վրա հիշեցումներ էի դնում, որ աչքերս թարթեմ, բայց աշխատելու ժամանակ, երբ գալիս էին հիշեցումները, մկնիկով skip էի անում ու շարունակում աշխատանքս: Հետո բժշկական միջոցներն էլի մոռանում էի օգտագործել: Ուսումնասիրեցի թեման, տեսա, որ բազմաթիվ մարդիկ ունեն այս խնդիրը: Պատճառն այն է, որ համակարգիչները եկել են մեր կյանք, իսկ մենք պատրաստ չենք եղել այդ կտրուկ փոփոխությանը»,- նկատեց Նաիրին:
Ուսումնասիրելով խնդիրը, ինքն իր համար պարզեց նաև մեջքի խնդիրը, որն էլ ի հայտ է գալիս, երբ երկար ժամանակ ճիշտ դիրքով չի աշխատում:
«Գաղափար առաջացավ, որ եթե կողքից որևէ մեկն ինձ նայեր ու պարբերաբար հուշեր կեցվածքիս կամ աչքերս թարթելու մասին, ու դա աներ ոչ թե, ենթադրենք, յուրաքանչյուր 10 կամ 30 րոպեն մեկ, այլ երբ նկատեր, որ ուղիղ չեմ նստած կամ աչքերս երկար ժամանակ չեմ թարթել, ապա հետագա խնդիրներից կխուսափեի»,- պատմեց Նաիրին:
Ինքը՝ Նաիրին, երկար ժամանակ զբաղվել է արհեստական բանականությամբ, ու հասկացավ, որ, տեսախցիկի միջոցով կարող է լուծել հարցը:
«Այդ ինչ-որ մեկը, ով պետք է նստեր ու նայեր ինձ, կարող է լինել համակարգիչս: Ընկերներիս հետ կիսվեցի գաղափարով, որոշները հավանեցին, որոշները չէ: Մտածեցի, որ անգամ եթե մեծ պրոդուկտ չստանամ, ապա նվազագույնը կօգտագործեմ ինքս ինձ համար: Հետո գտա պրոդուկտի համահիմնադիրներին, որոնք ունեին ճիշտ նույն խնդիրը: Առաջարկեցի և սկսեցինք: Ես զբաղվում եմ արհեստական բանականության մասով, իսկ ընկերներս կենտրոնացան հավելվածի վրա»,- պատմեց Նաիրին:
Կարդացե՛ք նաև՝ Իր տեսակի մեջ առաջինը. հայկական Docus-ի նպատակն է փրկել կյանքեր՝ հասանելի դարձնելով բարձրորակ բժշկություն
Ընթացքը
Նաիրին համահիմնադիրներին ընտրելուց, կարևորել է նրանց նպատակասլացությունն ու ամբիցիոզ լինելը:
«Շատ կարևոր էր, որ նրանք նույնպես հավանեին գաղափարը, այլ ոչ թե պարզապես աշխատեին: Մեկ տարի աշխատեցինք, տարբեր աքսելերացիոն ծրագրերի մասնակցեցինք, իսկ այս տարվա սեպտեմբերին պրոդուկտը հրապարակեցինք»,- պատմեց Նաիրին:
Վերջին երկու շաբաթում, արդեն հիսուն հոգի ներբեռնել է ծրագիրը, որոնց համահիմնադիրները չեն ճանաչում: Դրանից զատ, մոտ հինգ հարյուր հոգի այցելել է կայք:
Պրոդուկտի առավելությունները և վաճառքը
Bliink-ն իր տեսակի մեջ միակն է, որը վերահսկում է և՛ աչքերը, և՛ մեջքը: Լինելով լոկալ՝ հավելվածը աշխատում է ավելի արագ և user frendly է:
Մասնագետներն օգտատերերի feedback-երի հիման վրա մշտապես թարմացնում են ծրագրի աշխատանքը, իսկ այս պահին AI թիմն աշխատում է ալգորիթմների ճշտության զարգացման վրա:
Հետագայում հիմնադիրները կաշխատեն ծրագիրը հասանելի դարձնել հեռախոսների և պլանշետների համար, որը կօգնի առավելապես երեխաներին՝ խաղ խաղալու ժամանակ:
Bliink-ն այս պահին դեռ աշխատում է միայն Windows օպերացիոն համակարգով: Համահիմնադիրները նախատեսում են մոտ ապագայում այն հասանելի դարձնել նաև macbook-ի համար:
Պրոդուկտը գործակցում է ընկերությունների հետ, որոնք, գնելով Bliink-ի բաժանորդագրություն, կարող են նպաստել իրենց աշխատակիցների առողջության բարելավմանը՝ բարձրացնելով նաև նրանց աշխատանքի արդյունավետությունը:
Bliink-ն առաջարկում է տարեկան ու ամսական բաժանորդագրություն և երկու շաբաթ անվճար փորձարկելու հնարավորություն:
Կարևոր փաստեր
- Փորձագետներն ապացուցել են, որ ճիշտ դիրքով աշխատանքը բարձրացնում է աշխատունակությունը 20 տոկոսով:
- Առողջ աչքի համար մեկ րոպեում անհրաժեշտ է թարթել 10-15 անգամ:
- Երբ 21 օր կրկնում եք նույն գործողությունը, այն դառնում է սովորույթ:
Կարդացե՛ք նաև՝ Գտնել վստահելի բժիշկ ու այցելել առանց հերթի. Doctor Yan
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։