«Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը կրող Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ ինովացիոն ֆորումը հատկապես երկու առումով է շատ կարևոր. առաջին կարևոր ձեռքբերումը գիտելիքի փոխանակումն է, իսկ երկրորդը՝ հարաբերություն ստեղծել միջազգային ասպարեզի գիտնականների հետ:
FAST նախագահ Արմեն Օրուջյանը կարծում է, որ դժվար կլինի երիտասարադներին, ուսանողներին տանել դուրս: Դրա փոխարեն փորձում են այնպես անել, որ գիտությունը գա այստեղ:
«Թեև Հայաստանը զարգանալու պոտեցյալ ունի, սակայն դեռ բավականին աշխատանք կա անելու մրցակցության ասպարեզում։ Առանց ինստիտուցիոնալ զարգացման դժվարանալու է պայքարը թե գիտության ասպարեզում, թե սահմաններին»,- ասաց Օրուջյանը:
Անդրադառնալով ուղեղների արտահոսքին, նա նկատեց, որ խնդիրն ակտուալ է ամբողջ աշխարհում.
«Մարդիկ միշտ գնում են այնտեղ, որտեղ կան հնարավորություններ։ Եթե այդ հնարավորությունների ճանապարհը չենք ստեղծում, նրանք հեռանում են այլ երկիր։ Պետք է մտածել, թե ինչ հնարավորություններ կարելի է ստեղծել: Ապագայում պիտի նայենք ոչ թե երկրից հեռացող երիտասարդներին, այլ հակառակը, ամբողջ աշխարհից նկատեն, թե Հայաստանն այնպիսի տեղ է, որ գան և իրացնեն այստեղ ստեղված հնարավորությունները»,–ասաց նա։
Անդրադառնալով արհեստական բանականության զարգացմանը, Օրուջյանը շեշտեց, որ արհեստական բանակնության մեջ չեմպիոն չկա:
«Այն, որ ԱՄՆ–ն, Չինաստանը ոլորտում ծախսում են միլիարդներ, չի որոշում, թե արհեստական բանակնության մեջ իրենք են լիդեր դառնալու: Այն իրավիճակում, որ գտնվում ենք պարզ է, որ դրական չի կարող լինել, բայց պետք է աշխատանքներ իրականացնել և հենց այսօր պետք է ներդրում անել վաղվա համար»,- ասաց Օրուջյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։