Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՄՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ
- Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ.
- Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ։
«Հանձնաժողովը հիշյալ գործով դիտարկել է նաև առաքումներ իրականացնող մի շարք միջազգային ընկերությունների կայքէջերում («www.fedex.com», «www.dhl.com», «www.ebay.com») առաքման ժամկետների վերաբերյալ դրույթները, Վրաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների պրակտիկան, ինչպես նաև «գորշ պատկեր» (dark pattern) անվանումով ինստիտուտը, որը, ի թիվս այլնի, ներառում է առաքման ժամկետները սպառողին ապակողմնորոշող՝ ոչ ճշգրիտ կամ ոչ պարզ ձևով ներկայացնելու իրավիճակները»,- նշված է հաղորդագրությունում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: