Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերել է 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու համար հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին։
Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, կարևոր է մասնակցել առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման կազմակերպմանն ու հիվանդությունների կանխարգելմանը։
«Երկրի ապագայի հանդեպ ամուր հավատը Բիբլոս Բանկ Արմենիան արտահայտում է ապագա սերունդներին աջակցելով: Լինի դա կրթություն, առողջապահություն, մշակույթ թե մեկ այլ ոլորտ, Բանկը պատրաստակամ է աջակցել ծրագրերի և հիմնադրամների, որոնց նպատակները համահունչ են իր տեսլականին: Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը մեզ համար բնական գործընկեր է՝ հաշվի առնելով հիմնադրամի պրոֆեսիոնալ թիմի նվիրվածությունն ու մեր երկրում երեխաների առողջության խթանմանն ուղղված անդադար գործը: Մենք գիտակցում ենք, որ բուժառուներն ունեն տարբեր կարիքներ, և այս միջոցները թույլ են տալիս նպատակային օգտագործել եղած ռեսուրսները՝ փոքրիկներին որակյալ բուժսպասարկում և խնամք տրամադրելու համար»,- ասաց Հայկ Ստեփանյանը։
Ըստ հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի, Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից ցուցաբերված վստահությունն ու համագործակցության պատրաստակամությունը պարտավորեցնող է։
«Բանկը մշտապես նման նախաձեռնությունների կողքին է եղել և տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ, որպեսզի առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներն ունենան առողջ միջավայր և հնարավորություն վայելելու իրենց անհոգ մանկությունը: Մենք դա շատ ենք գնահատում: Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից նվիրաբերված գումարն ուղղվելու է ՀՀ մարզերում առողջապահական ենթակառուցվածքներ ստեղծելու կարևոր ծրագրին»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիմնադրամի հիմնական ծրագրերն են առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բարձրորակ բուժման կազմակերպումը Հայաստանում և արտերկրում, գործընկեր հիվանդանոցների վերազինումը, երեխաների շրջանում ծանր հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ աշխատանքները, ինչպես նաև բժիշկների միջազգային վերապատրաստումը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: