ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին:
Մրցույթի նպատակներն են`
- զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,
- ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
- խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց համար կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք՝
- կունենան կիրառական նշանակություն,
- ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
- գաղափարը պետք է ունենա հանրային մասնակցության բաղադրիչ:
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
- հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
- փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,
- մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։
Անվանակարգերում ներառված են՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (մասնավորապես՝ մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա, աստղագիտություն, էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա),
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն (մասնավորապես՝ ռոբոտատեխնիկական համակարգեր),
- Մանկավարժական տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ մանկավարժական, պատմական, բանասիրական և հոգեբանական գիտություններ),
- Ռազմական անվտանգության համակարգեր, (մասնավորապես՝ ռազմական, տեխնիկական գիտություններ),
- Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (մասնավորապես՝ կենսաբանական, գյուղատնտեսական, քիմիական գիտություններ, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկա, նյութագիտություն):
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ համաձայն ներկայացված ձևաչափի:
Մրցույթին մասնակցության հայտերը կընդունվեն 2024 թվականի մայիսի 10-ից մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը ներառյալ։ Նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: