Ո՞ր երկրներն ունեն կյանքի լավագույն և վատագույն մակարդակները

Վերջին լուրերը
Ո՞ր երկրներն ունեն կյանքի լավագույն և վատագույն մակարդակները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից մայիսի 6-ին հրապարակված վերջին զեկույցը ցույց է տալիս, որ համաշխարհային մակարդակով կենսամակարդակի բարելավման տեմպերը զգալիորեն դանդաղել են կորոնավիրուսի համավարակից հետո: 2023 թվականին արձանագրվել է Human Development Index-ի (մարդկային զարգացման ինդեքս) ամենադանդաղ աճը՝ 1990 թվականից ի վեր, երբ սկսվել է այս ցուցանիշի հաշվարկը: Համաշխարհային վարկանիշում, որն ընդգրկում է 193 երկիր և հաշվի է առնում կյանքի տևողությունը, կրթությունը և եկամուտները, Հայաստանը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը՝ կիսելով այն Բարբադոսի հետ:

Իսլանդիան գրավել է առաջին հորիզոնականը՝ գերազանցելով Շվեյցարիային, որը բաժանում է 2-րդ տեղը Նորվեգիայի հետ: Իսլանդիայում ծնված երեխան ունի ավելի քան 82.7 տարի ապրելու և 18.9 տարի կրթություն ստանալու հեռանկար, իսկ մեկ շնչին ընկնող միջին եկամուտը կազմում է 69,117 դոլար: Հյուսիսային երկրները, ինչպես սպասվում էր, առաջատար դիրքեր են զբաղեցնում վարկանիշում՝ Դանիան 4-րդ տեղում է, իսկ Շվեդիան կիսում է 5-րդ տեղը Գերմանիայի հետ:

Հարևան երկրների համեմատությամբ Հայաստանը (69-րդ տեղ) գտնվում է բավարար մակարդակում և զգալիորեն գերազանցում է Ադրբեջանին, որը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ կիսելով այն Մեքսիկայի հետ՝ չնայած նավթային ներուժին: Վրաստանը գտնվում է 57-րդ հորիզոնականում և վերջին տարիներին արձանագրել է նշանակալի առաջընթաց կյանքի տևողության (74.5 տարի) և կրթության (16.8 տարի) ցուցանիշներով: Ռուսաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը և թեև նախկինում գտնվում էր «շատ բարձր մարդկային զարգացման» խմբում, վերջին տարիներին արձանագրել է դանդաղ, բայց կայուն անկում՝ պայմանավորված միջազգային մեկուսացմամբ և տնտեսական մարտահրավերներով:

Զուտ տնտեսական ցուցանիշները միակ որոշիչ գործոնը չեն կյանքի որակի գնահատման մեջ: Օրինակ, ԱՄՆ-ը, որը կիսում է 17-րդ հորիզոնականը Լիխտենշտեյնի և Նոր Զելանդիայի հետ, ունի զգալի ներքին անհավասարություն: Բրաունի համալսարանի հետազոտողների ղեկավարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ամերիկայի ամենահարուստ քաղաքացիների մահացության ցուցանիշը համադրելի է Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի ամենաաղքատ բնակիչների ցուցանիշների հետ:

Վարկանիշի ստորին հատվածում հիմնականում Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրներն են: Ամենացածր՝ 193-րդ հորիզոնականում գտնվում է Հարավային Սուդանը, որտեղ կյանքի միջին տևողությունը ծննդյան պահին 58 տարուց պակաս է, միջին դպրոցական կրթությունը՝ 6 տարուց պակաս, իսկ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը՝ ընդամենը 688 դոլար: Դրան նախորդում են Սոմալին (192-րդ), Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը (191-րդ) և Չադը (190-րդ):

Ո՞ր երկրներն ունեն կյանքի լավագույն և վատագույն մակարդակները

Զեկույցը նաև արձանագրում է, որ համավարակից հետո կենսամակարդակի վերականգնումը ամենադանդաղն է արաբական աշխարհում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: Հարուստ երկրների 97%-ը լիովին վերականգնվել է կամ գերազանցել իր նախահամավարակային ցուցանիշները, մինչդեռ աղքատ երկրների դեպքում այդ ցուցանիշը 60%-ից պակաս է: Տասնամյակներ շարունակ կանխատեսվում էր, որ աշխարհը միջինում կհասնի զարգացման շատ բարձր մակարդակի մինչև 2030 թվականը, սակայն ներկայիս դանդաղ առաջընթացի պայմաններում այդ նշաքարին հասնելու համար կարող են լրացուցիչ տասնամյակներ պահանջվել:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները