Չհեռանալով չաթից. Հայկական Text’n Pay Me ստարտափը հեշտացնում է ֆինանսական փոխանցումները

Messanger-ում, Viber-ում, WhatsApp-ում և այլ սոցցանցերում հաճախ ենք շփվում ծանոթների ու ընկերների հետ և ուղարկում տարբեր հաղորդագրություններ, իսկ երբևէ պատկերացրե՞լ եք, որ տարբեր չաթերում կարող եք հավաքել հաղորդագրություն, ենթադրենք՝ «փոխանցել 100 հազար դրամ Վարդանին» և այս պարզ մեթոդով իրականացնել բանկային փոխանցումներ: Այո, այս ամենը վերաբերում է մոտ ապագային, ինչի համար այժմ վերջին աշխատանքներն են ընթանում: Text΄n Pay Me-ն հայկական ստարտափ է, որը գալիս է թեթևացնելու ձեր ֆինանսական կյանքը: 

Text΄n Pay Me-ն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով, որն ունի մուտքագրման դաշտ։

- Advertisement -

Ստարտափի համահիմնադիրները Արթուր Կարապետյանը և Միհրան Բաբայանն են:

2019 թվականին համահիմնադիրները միասին մասնակցել են հաքաթոնի, որի ժամանակ ստացել են առաջադրանք՝ ստեղծել նմանօրինակ նախագիծ։ Հաքատոնը տևել է երկու օր, ինչից հետո ծնվել է նախագիծը բիզնեսի վերածելու գաղափարը:

Չհեռանալով չաթից. Հայկական Text'n Pay Me ստարտափը հեշտացնում է ֆինանսական փոխանցումները
Text’n Pay Me-ի հիմնադիրները՝ ձախից՝ Միհրան Բաբայան, աջից՝ Արթուր Կարապետյան:

«Հաքաթոնից հետո հասկացանք, որ այս գաղափարը պետք է «ապրի» միջոցառման շրջանակներից դուրս և այն կարող ենք վերածել հեռանկարային բիզնեսի: 2021 թվականին արդեն ունեինք պատրաստի հավելվածը»,- նշում է համահիմնադիր Միհրան Բաբայանը։

Հավելվածն իրականում բանկային ստեղնաշար է և աշխատելու է երկու սկզբունքով.

Առաջինը՝ մարդիկ հնարավորություն են ունենալու գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածում՝ Messanger, Viber, WhatsApp կամ այլ հավելվածներում` պարզապես հավաքելով համապատասխան տեքստը:

Ամեն անգամ գումար ուղարկելուց առաջ քննարկում է ընթանում այս կամ այն նամակագրական հավելվածում կամ զանգով: Իսկ դրանից հետո մարդիկ պետք է մուտք գործեն իրենց բանկային հավելված, կատարեն միջինում 5-7 քայլ, որից հետո կկատարվի գործարքը:

«Մենք առաջարկում ենք արագացնել փոխանցում կատարելու գործընթացը, չօգտագործելով բանկային հավելվածները, այլ պարզապես տվյալ նամակագրական հավելվածում մուտքագրել տեքստը և կատարել փոխանցումը»,- մանրամասնում է Միհրան Բաբայանը:

Չհեռանալով չաթից. Հայկական Text'n Pay Me ստարտափը հեշտացնում է ֆինանսական փոխանցումները

Buildern. Հայկական ստարտափ, որն օգնում է կազմակերպել շինարարությունը

Երկրորդ սկզբունքը՝ Text’n Pay Me-ն լինելու է որպես անկախ էլեկտրոնային դրամապանակ, բայց համագործակցելու այլ բանկի հետ: Հիմնական թիրախները լինելու են բանկերն ու ֆինանսական հաստատությունները: Գործակցելու են b2b սկզբունքով՝ բիզնեսը բիզնեսի համար:

«Այսինքն մենք կտրամադրենք բանկերին մեր լուծումը, իսկ իրենք էլ իրենց օգտատերերին: Հիմա Ամերիկայում ու Չինաստանում մեծ սոցիալական ցանցերը ստեղծում են իրենց վճարման համակարգերը, օրինակ Չինաստանում Wechat-ը, որի միջոցով արդեն տասնյակ տրիլիոն դոլար գումար է փոխանցվել: Բոլորս գիտենք, որ բանկերի հիմնական եկամուտը փոխանցումների միջոցով է տեղի ունենում: Իսկ մեր լուծումը կօգնի բանկերին, որ իրենց ծրագրերը շուկայից դուրս չմղվեն: Մենք լուծում ենք տրամադրում բանկերին ու ֆինանսական հաստատություններին, որոնք կինտեգրեն այն իրենց առկա համակարգեր»,- ասաց համահիմնադիրը:

Բանկային փոխանցումներ անելու համար հարկավոր է ունենալ ԿԲ-ի կողմից տրամադրված հատուկ լիցենզիա: Ցանկացած տարածաշրջանում հատուկ վճարահաշվարկային լիցենզիա է անհրաժեշտ, որպեսզի ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունը հնարավորություն ունենա փոխացումներ կատարել:

«Քանի որ մենք չունենք այդ լիցենզիան, բանկերին կառաջարկենք համագործակցություն: Առաջին սցենարով մենք մեր լուծումը կտրամադրենք որևէ բանկի և տեխնիկական ինտեգրացիայից հետո բանկի հաճախորդները, որոնք ունեն բանկի հավելվածը, ավտոմատ կունենան ստեղնաշար իրենց հեռախոսների մեջ, այսինքն հավելյալ ծրագիր ներբեռնելու կարիք չի լինի»,- ասաց համահիմնադիրը:

Հավելվածի անունն ընտրելիս փորձել են այնպես անել, որ առավելագույն ձևով ըմբռնելի ու բնութագրական լինի։

«Ստարտափի գաղափարը հենց անվան մեջ է՝ տեքստ գրել և վճարել»,- ասաց Միհրան Բաբայանը:

Ծրագիրն անվճար է, և հասանելի Google extention տեսքով, ինչը նշանակում է, որ ցանկացողները ծրագիրը կարող են ներբեռնել Google Chrome-ից և բոլոր գործողությունները կատարել նաև համակարգչի միջոցով։

Հայկական Hexact-ն առավել հասանելի է դարձնում Big Data-ն ու AI-ը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում: