2026 թվականի մարտի 17–18-ը Երևանում՝ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, կանցկացվի Հանրային ոլորտի նորարարության III համաժողովը (Public Sector Innovation Forum III)։ Համաժողովի կազմակերպիչն է ՄԱԶԾ Հայաստանի ԿԶՆ նորարարության կենտրոնը։
Այս տարվա համաժողովը կառուցված է մի առանցքային հարցի շուրջ․ ինչպե՞ս կարող են պետությունները ձևավորել այնպիսի կառավարման համակարգեր, որոնք ունակ են ապահովել ոչ թե կարճաժամկետ արդյունքներ, այլ երկարաժամկետ, համակարգային և կայուն փոփոխություն։ Այս համատեքստում համաժողովի օրակարգը կկենտրոնանա այն ինստիտուցիոնալ պայմանների, կառավարման նորարարական մոտեցումների և համագործակցության մոդելների վրա, որոնք թույլ են տալիս պետական համակարգերին գործել որպես փոփոխության ակտիվ դերակատարներ՝ զարգացնելով ինստիտուցիոնալ կարողությունները, խթանելով միջոլորտային և բազմաշահառու համագործակցությունը և ձևավորելով հանրային արժեք ստեղծելու ավելի արդյունավետ և պատասխանատու մեխանիզմներ։
Երկօրյա համաժողովի շրջանակում կանցկացվեն հիմնական ելույթներ, քննարկումներ և աշխատարաններ՝ միավորված մի քանի թեմատիկ ուղղություններով։ Օրակարգը կանդրադառնա առաքելահեն, մարդակենտրոն և ճկուն կառավարման մոտեցումներին, պետական ռազմավարությունների իրականացման մարտահրավերներին, հանրային ֆինանսների և ազդեցության ֆինանսավորման նոր մեխանիզմներին, հանրային ծառայությունների արդիականացմանը, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաների՝ մասնավորապես արհեստական բանականության ռազմավարական կիրառմանը պետական կառավարման մեջ։
Համաժողովի օրակարգում ներառված են նաև կառավարման համակարգերում վստահության վերականգնմանը և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, քաղաքականությունների մշակման և իրականացման միջև առկա բացերի հաղթահարմանը, արժանապատվության և բարեկեցության վրա հիմնված սոցիալական քաղաքականությունների զարգացմանը, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով համակարգային փոփոխությունների ֆինանսավորման նոր մոտեցումներին վերաբերող թեմաներ։
Հանրային ոլորտի նորարարության III համաժողովին կմասնակցեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ։ Մասնակիցների թվում են ներկայացուցիչներ Demos Helsinki-ից, University College London-ից, միջազգային նորարարական լաբորատորիաներից և առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններից։
Համաժողովը նպատակ ունի ստեղծել բաց և համագործակցային հարթակ՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և գործնական լուծումների մշակման համար՝ նպաստելով Հայաստանում ավելի ճկուն, արդյունավետ և մարդակենտրոն կառավարման համակարգի ձևավորմանը։ Համաժողովի օրակարգին և գրանցման մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ forum.sdglab.am












