Հայաստանի ԲՏԱ նախարարությունը մշակել է նոր օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը նպատակ ունի աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ տրամադրելով հարկային և ֆինանսական արտոնություններ։
Հիշեցնենք, որ նախկինում կար երկու արտոնություն՝ շահութահարկի 0% տոկոսադրույքը և եկամտային հարկը՝ 20%-ի փոխարեն 10%: Այդ արտոնությունների ժամկետը լրացավ 2023թ-ին, իսկ 2024-ին արտոնությունների գործունեությունը երկարաձգվեց մեկ տարով, սակայն պահպանեց միայն եկամտային հարկի 10% արտոնությունը:
Իրականում նախորդ կարգավորումների գործածության ընթացքը ցույց տվեց, որ կան բազմաթիվ բացեր, և նոր արտոնությունները եկել են դրանք լրացնելու: Առաջարկվող նախագծի շահառուները կլինեն ոչ միայն մինչև 30 աշխատակից ունեցող ընկերությունները, այլ բոլոր կազմակերպությունները, որոնք գործում են ոլորտում:
Ներկայացնենք նախագծով առաջարկվող օժանդակության տեսակները։
- Աշխատանքային միգրանտների եկամտային հարկի 50%-ի վերադարձ
- Նոր աշխատակիցների եկամտային հարկի վերադարձ 50%-ից մինչև 100%:
- Վերապատրաստման ծախսերի մասով փոխհատուցում 25%-ից մինչև 50%
- Ավելի ցածր շրջանառության հարկ՝ 5%-ի փոխարեն 2%
- Շահութահարկի դեպքում հավելյալ նվազեցումների հնարավորություն
Հիմա խոսենք ավելի մանրամասն և օրինակներով.
1. Աջակցություն՝ աշխատանքային միգրանտների ներգրավման համար
Եթե ձեր ընկերությունը ներգրավում է օտարերկրյա մասնագետների, ովքեր աշխատում են որպես վարձու աշխատողներ, ապա պետությունը կտրամադրի եկամտային հարկի 50%-ի փոխհատուցում նրանց աշխատավարձի համար։
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող երկքաղաքացիները այս իմաստով աշխատանքային միգրանտ չեն համարվում:
Օրինակ՝ ենթադրենք, որ ձեր ընկերությունը ներգրավում է մի օտարերկրյա մասնագետի, որի համար ամեն ամիս վճարում եք 300,000 դրամ եկամտային հարկ։ Այս դեպքում պետությունը ձեզ կվերադարձնի 150,000 դրամ, ինչը կնվազեցնի աշխատակիցների ներգրավման ընդհանուր ծախսերը։
2. Նոր աշխատակիցների ներգրավման համար հարկային արտոնություններ
Նախագիծը նաև նախատեսում է հարկային արտոնություններ նոր աշխատակիցների ներգրավման համար՝ կախված աշխատակիցների ընդհանուր քանակից։ Նոր աշխատակիցների ներգրավման դեպքում աջակցությունը տրամադրվում է մինչև երեք տարի՝ սկսած աշխատակցի աշխատանքի անցնելու օրվանից։
Այս իմաստով նոր աշխատակից են համարվում առաջին անգամ ՏՏ ոլորտ մուտք գործած և Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված մասնագիտական աշխատանք կատարող աշխատողները:
- Մինչև 30 աշխատակից ունեցող ընկերությունների համար նոր աշխատողների աշխատավարձի եկամտային հարկը կվերադարձվի ամբողջությամբ՝ 100%։
Օրինակ՝ եթե ձեր ընկերությունը ներգրավում է նոր աշխատակցի, և նրա աշխատավարձի եկամտային հարկը կազմում է 200,000 դրամ, ապա պետությունը կվերադարձնի այդ ամբողջ գումարը՝ դարձնելով նոր աշխատակիցների ներգրավումը ավելի շահավետ։ - 31 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար նոր աշխատողների աշխատավարձի եկամտային հարկի փոխհատուցումը կլինի 50%։
Օրինակ՝ եթե ընկերությունում վարձու աշխատողների քանակը գերազանցում է 30-ը, և նոր աշխատակցի եկամտային հարկը կազմում է 200,000 դրամ, ապա պետությունը կվերադարձնի այդ գումարի կեսը՝ 100,000 դրամ։
3. Աջակցություն՝ աշխատակիցների վերապատրաստման համար
Կառավարությունը նաև նախատեսում է աջակցություն աշխատակիցների վերապատրաստման համար։ Ընկերությունները կարող են ստանալ եկամտային հարկի փոխհատուցում՝ կապված վերապատրաստման ծախսերի հետ՝ կախված աշխատակիցների քանակից։ Աջակցությունը ներառում է նաև կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով կատարված գործուղման ծախսերի փոխհատուցումը։
- Մինչև 30 աշխատակից ունեցող ընկերությունների համար պետությունը կվերադարձնի մասնագիտական աշխատանք կատարող աշխատողների համար հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 %-ի չափով
- 31 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար փոխհատուցումը կկազմի 25%։
4. Այլ հարկային արտոնություններ
Բացի վերոնշյալ աջակցություններից, օրենսդրական նախագծով սահմանվում են նաև մի շարք այլ հարկային արտոնություններ՝ նպաստելով ընկերությունների զարգացմանը և շահութաբերության բարձրացմանը։ Նշենք նաև, որ պետական աջակցությունը չի կարող գերազանցել նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով տվյալ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 50%-ը։
- Շրջանառության հարկի նվազեցում՝ 5%-ի փոխարեն սահմանվում է 2%, ինչը կթեթևացնի ընկերությունների հարկային բեռը։
- Շահութահարկի արտոնություններ. Գիտահետազոտական և փորձարարական մշակումների համար նախատեսվում են հարկվող շահույթից հավելյալ նվազեցումներ, ինչպես նաև ակտիվների արագացված ամորտիզացիա, ինչը թույլ կտա ընկերություններին էականորեն ավել քիչ շահութահարկ վճարել:
Կարևոր տարբերություն՝ սա քեշբեք է
Նախագծով սահմանված եկամտային հարկի փոխհատուցման կետերից օգտվելու համար ընկերությունը նախ պետք է վճարի բոլոր հարկերը, հետո միայն դիմում ներկայացնի և ստանա փոխհատուցում: Իսկ նախկինում միանգամից սահմանվում էր եկամտային հարկի ավելի ցածր տոկոս, ու կարիք չկար վճարել ավել հարկ, և հետո այն վերադարձնել:
Շահութահարկի դրույքաչափը մինչև 2023թ.-ը 0 տոկոս էր, այնուհետև այդ արտոնությունը վերացավ, և 2024թ-ի համար ընկերությունները պետք է վճարեին 18% շահութահարկ, սակայն այս նախագիծը նախատեսում է հետին ուժ, այսինքն 2024թ-ի համար շահութահարկ հաշվելիս բիզնեսները հնարավորություն կունենան կատարել հավելյալ նվազեցումներ, այսինքն՝ ավելի քիչ հարկ մուծել, որոնք նախատեսվում են այս օրենքով:
Եթե ձեր ընկերությունը գործում է այս ոլորտում, ցանկալի է խորհրդակցել հարկային խորհրդատուի հետ՝ առավելագույնս օգտվելու այս արտոնություններից։ Կարևոր է իմանալ, որ որոշակի պայմաններ չպահպանելը կհանգեցնի նրան, որ ընկերությունը կզրկվի այս օրենքով սահմնված արտոնություններից: Այդ ամենին և մինչև օրենքի վերջնական ընդունումը կատարված փոփոխություններին կանրադառնանք օրենքի վերջնական ընդունումից անմիջապես հետո:
Ինչքանո՞վ է աջակցության նոր փաթեթը ձեռնտու ոլորտի ընկերություններին
Կատարենք իրական համեմատություն, թե ինչ է տեղի ունենում: Մենք ունենք ոլորտում գործող ընկերությունների մի քանի խմբեր.
Խումբ 1. Մինչև 30 աշխատակից ունեցող ընկերություններ
Կան բազմաթիվ փոքր ընկերություններ կամ Ա/Ձ-ներ, որոնք ծառայություններ են մատուցում արտասահմանյան ընկերություններին: Նման ընկերությունները մինչև 2023թ-ը ներառյալ գործում էին հարկման ընդհանուր դաշտում և օգտվում էին շահութահարկի 0%, ԱԱՀ-ի 0% դրույքաչափերից, ու փաստացի բիզնես հարկ չէին վճարում: Վճարում էին միայն աշխատավարձերի համար հաշվարկված եկամտային հարկը, այն էլ ավելի ցածր դրույքաչափերով:
2024-ին նրանք սկսեցին վճարել հարկ շրջանառությունից, այսինքն՝ ընդհանուր մուտքերից 5%, իսկ նոր փոփոխությունների ուժի մեջ մտելուց հետո կվճարեն 5%-ի փոխարեն 2%: Ստացվում է, որ արտոնությունների նոր փաթեթը հենց այս պահին գործողից ավելի լավն է, սակայն ավելի վատն է, քան կար մինչև նախորդ տարի:
Հարկ ենք համարում նշել, որ, օրինակ, Վրաստանում կա «վիրտուալ գոտի» հասկացությունը, ու նման կարգավիճակ ունեցող բիզնեսները վճարում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և ներմուծումից հարկի 0 տոկոս հարկ և գույքահարկ՝ 1 տոկոս: Նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանում հարկային բեռը 1տոկոս էր, իսկ մեզ մոտ՝ 0, բազմաթիվ ռելոկանտներ նախընտրենցին հենց Հայաստանում գրանցել իրենց բիզնեսները, այդ թվում՝ հենց այդ փոքրիկ առավելության համար:
Խումբ 2. Ավելի մեծ ընկերություններ
Հաջորդ խումը 30 և ավել աշխատակիցներ ունեցողներ ընկերություններն են, որոնք նախկինում հնարավորություն չունեին օգտվել օրենքով սահմանված արտոնություններից, իսկ հիմա կարող են դրանցից օգտվել, պարզապես, որոշ դեպքերում ավելի փոքր չափով: Նրանք այս նոր օրենքից քաղում են օգուտներ:
Կարևոր փոփոխություն է այն, որ նախկինում դուստր ընկերությունները, այսինքն ընկերություններ, որոնց հիմնադիրները արտասահմանյան կազմակերպություններն են, նույնպես չէին կարողանում օգտվել արտոնություններից, իսկ հայկական ստարտափների մեծ մասը հենց այդպիսին են, քանի որ ներդրում ստանալու համար մեծ մասը գրանցվում են ԱՄՆ-ում, իսկ ՀՀ-ում գործող ընկերությունը դարձնում դուստր: Նոր կարգավորումներով այս սահմանափակումը արդեն չկա, հետևաբար նրանք նույնպես կստանան արտոնության իրենց բաժինը:
Իսկ մնացած խմբերի համար պատկերը նույն է: Ընդհանուր առմամբ, ընդունված փոփոխություններով սահմանված արտոնությունները էական են, սակայն զիջում են նախկին (մինչև 2023թ. ներառյալ) գործած արտոնություններին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն դեկտեմբերի 4-ին հաստատեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցում էլ ներառված էին վերոնշյալ փոփոխությունները:
Կարդացե՛ք նաև՝