«Հաջողակ ստարտափ ստեղծելու համար քեզ անհրաժեշտ է երեք բան. սկսել լավ մարդկանց հետ, ստեղծել պրոդուկտ, որը հաճախորդներն իրապես ցանկանում են ունենալ, ծախսել հնարավորինս քիչ գումար: Շատ ստարտափներ ձախողվում են, քանի որ չունեն սրանցից որևէ մեկը: Իսկ եթե ստարտափն ունի երեք կետերն էլ, մեծ է հավանականությունը, որ կհաջողի»:
Այսպես է սկսում իր էսսեներից մեկը Փոլ Գրեհեմը՝ Y Combinator-ի հիմնադիրներից մեկը: Փոլի էսսեները յուրահատուկ դպրոց են կամ, կոչենք, full-time դասընթաց բոլոր նրանց համար, ովքեր երբևէ ցանկացել կամ ստեղծել են ստարտափ:
Բայց մինչ Փոլի դասերին անցնելը՝ եկե՛ք ծանոթանանք Y Combinator-ին՝ հարթակի, որտեղ երազում են հայտնվել բոլոր ստարտափները՝ անկախ իրենց գտնվելու վայրից: Y Combinator-ն է ճանապարհ հարթել այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Airbnb-ն, Stripe-ը, Coinbase-ը, Reddit-ը, Dropbox-ը և շատուշատ այլ ընկերություններ:
Եվ այսպես, ովքե՞ր են նրանք, ինչո՞վ են օգնում ու ինչու՞ է ստարտափների երազանքը «որքան հեռու, այնքան մոտ»:
Ի՞նչ է Y Combinator-ը
Ստարտափների աքսելերատոր՝ հիմնված 2005 թվականին Փոլ Գրեհեմի, Ռոբերտ Մորիսի, Թրևոր Բլեքուելի և Ջեսիկա Լիվինգսթոնի կողմից: Տարիների ընթացքում YC-ն հասցրել է դառնալ համաշխարհային ստարտափ էկոհամակարգի առանցքային խաղացողներից մեկը: Ինչպիսի՞ն է այն, ինչպե՞ս է աշխատում ու ի՞նչ է տալիս: Կքննարկենք ստորև:
Y Combinator-ը՝ թվերով
Ներդրում կատարած ստարտափների թիվ | 4000 |
Գումարային արժեք | $600 մլրդ |
A սերիայի ներդրում ստացած ընկերություններ | 39% |
$100մլն+ արժեք ունեցող ընկերություններ | 18% |
Միաեղջյուրներ | 4% |
YC-ին մասնակցելուց հետո արժեքային աճ | 2,5x |
Մարդիկ՝ YC-ի գլխավոր շարժիչ
Պատահական չէր, որ հոդվածը սկսեցինք Փոլ Գրեհեմի տողերով: Y Combinator-ի գլխավոր ուժը մարդիկ են: Եվ այս դեպքում, երբ քննարկենք մարդկանց, պետք է անդրադառնանք ինչպես ստեղծողներին ու տնօրեններին, այնպես էլ մարդկանց, ովքեր ամենատարբեր տարիների եղել ստարտափերների ու խորհրդատուների շարքում:
Զուր չէ ասելը, որ գրեթե բոլոր ստարտափները երազում են հայտնվել YC-ում: Որովհետև գումարից ու մեծ հնարավորությունների զատ՝ YC-ն տալիս է մարդկանց՝ մենթորների, որոնց փորձի ու գիտելիքի շրջապատը միայն բավարար է լավագույն արդյունքներ գրանցելու համար:
Միակ և անկրկնելի Փոլ Գրեհեմ
Կցանկանայի ասել, որ այստեղ իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց կարդալով ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների մեկնաբանությունները՝ Փոլ Գրեհեմի՝ անկրկնելի լինելը դարձավ օբյեկտիվ 😀
Telegram-ի և VKontakte-ի համահիմնադիր Պավել Դուրովը իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմում է. «Ինձ շատ է օգնել Փոլ Գրեհեմի «How To Start a Startup» հոդվածը. ես այն կարդացի 2005-ի սկզբին կամ 2006-ի վերջին: Թվում էր, որ ես այդ տեքստը շուտով մոռացա, սակայն դարձա այլ մարդ: Մեծ կազմակերպությունում աշխատել այլևս չէի ցանկանում, իսկ շրջապատի կարծրատիպերը դադարել էին անհանգստացնել»:
Ընդհանրապես, Y Combinator-ը բաց է սկսնակ ստարտափերներին հնարավորինս շատ ռեսուրսներով օգնելու հարցում: Այդ թեմային կանդրադառնանք քիչ ուշ: Բայց եթե նույնիսկ բացեք Փոլի կայքը և ուղղակի հերթով կարդաք իր էսսեները, գիտելիքների մի ամբողջ պաշար կհավաքեք: Հեռուն չգնալու համար. ահա այստեղ Փոլի էսսեների կայքն է: Նրա «Hackers and Painters» գիրքն էլ հիանալի լրացում կլինի վերը նշված էսսեներին:
Y Combinator-ից ChatGPT՝ մեկ քայլով
ChatGPT-ի հայր OpenAI-ի համահիմնադիր և ներկայիս տնօրեն Սեմ Ալթմանը 2011-ից ներկա է եղել Y Combinator-ի կյանքում՝ սկզբում որպես գործընկեր, ապա որպես YC-ի, հետո և YC Group-ի նախագահ ու միայն 2020-ին հեռացել՝ «կենտրոնանալու OpenAI-ի գործունեության վրա»:
Այստեղ կգտնեք նրա հետ կապված բոլոր հոդվածներն ու հոլովակները:
Փոլ Գրեհեմը, Սեմ Ալթմանը մեծ թվով մարդկանց այն քիչ տոկոսն են, որոնք իրապես մեծ փոփոխություններ են կատարել տարիներ շարունակ ինչպես Y Combinator-ում, այնպես էլ համաշխարհային ստարտափ էկոհամակարգում:
Բացահայտելով ChatGPT-ն. նրա հնարավորություններն ու տարբեր ոլորտներում կիրառումը
Հակառակ կողմում էլ՝ ստարտափերները
Y Combinator-ը 2005 թվականից սկսած ներդրում է կատարել ավելի քան 4000 ստարտափների մեջ: Վերջիններս ամենատարբեր ոլորտներից, երկրներից ու ազգություններից են՝ ամենատարբեր մոտեցումներով ու պատկերացումներով:
Եվ ինչպես կարող եք ենթադրել, նրանց միավորողը մեկ բան է՝ ստեղծել երևույթ, որն իրապես մարդիկ ցանկանում են ունենալ:
2009-ին Mixpanel-ով, իսկ 2019-ին Mighty ստարտափով YC-ին մասնակցած Սուհաիլ Դոշին հենց այդ ստարտափերների լավագույն օրինակներից մեկն է: Եվ տարիների YCombinator-յան փորձը նա ամփոփում է այսպես. «Ցանկացած ստարտափի ամենաունիվերսալ չափորոշիչը արագությունն է՝ նոր տարբերակների թողարկման արագությունը, սպառողական ինտերֆեյսի արագությունը, հավելվածի բեռնման արագությունը, որոշումների կայացման արագությունը, աշխատողներ ընդունելու և ազատելու արագությունը: Արագությունը Ձեր լավագույն պաշտպանությունն է, երբ չունեք ապահովագրություն»:
Որքա՞ն է YC-ում հայտնվելու հավանականությունը
Կա մի տերմին՝ «acceptance rate» («ընդունման գործակից»), որը ցույց է տալիս, թե որքան է տվյալ ինկուբատորում հայտնվելու հավանականությունը: Պարզ ու ցավոտ մաթեմատիկա, եթե անկեղծ լինենք: Ամեն տարի մոտ 20.000 ստարտափ դիմում է YC-ում հայտնվելու համար, որոնցից միայն 400-ն են այդ հնարավորությունը ստանում: Ստացվում է, որ դիմորդների միայն 1,5-2%-ը հնարավորություն ունի YC-ում ուսումնառություն, փորձ, ապա և ներդրում ստանալու: Ասում են՝ շատ բարդ է հենց առաջին անգամից YC-ում հայտնվելը, սակայն ոչ ոք չի էլ խանգարում նոր փուլերին դիմել, զարգանալ, փոփոխվել ու վերջապես վաստակել բաղձալի հնարավորությունը:
Հայտնվեցինք, իսկ ներդրումնե՞րը
Y Combinator-ը յուրատեսակ մշակույթ է ձևավորել ստարտափներում ներդրումներ կատարելու ոլորտում: Կանոնակարգեր ու հստակ մշակված գործընթացներ, որոնք ներդրում ստանալու գործընթացը հասկանալի ու հեշտ են դարձնում կողմերից յուրաքանչյուրի համար:
SAFE՝ անվտանգ ու պարզ
Այդ մշակույթի գլխավոր տարրերից մեկը SAFE պայմանագրերն են: Եթե թարգմանենք բառը՝ «անվտանգ», եթե բացենք հապավումը՝ «simple agreement for future equity»՝ «ապագա կապիտալի մասին պարզ համաձայնագիր»: Միայն «պարզ» բառը բավարար է՝ բնութագրելու այն, թե որքան է նման համաձայնագիրը հեշտացնում ստարտափերների կյանքը:
YC-ն ներկայացրել է SAFE-ը 2013-ին, և մինչ օրս օգտագործվում է ինչպես YC-ի, այնպես էլ այլ ստարտափների կողմից՝ որպես «վաղ շրջանում միջոցներ ներգրավելու հիմնական գործիք»:
SAFE համաձայնագրերն այն փաստաթղթերն են, որոնք ընկերություններն օգտագործում են վաղ շրջանում pre-seed և seed կապիտալ ներգրավելու համար: Ըստ էության, SAFE-ը գործում է որպես իրավաբանորեն պարտադիր խոստում, որը թույլ է տալիս ներդրողին համաձայնեցված գնով ձեռք բերել բաժնետոմսերի որոշակի քանակ ապագայի որոշակի պահին: Կամ որ նույնն է՝ ներդրողը գումար է տալիս ստարտափին և խոստում ստանում՝ որոշակի փուլեր անց ձեռք բերելու բաժնետոմսեր՝ սովորաբար նախապես որոշված գնով:
SAFE-ի մասին մանրամասն կպատմենք մեկ ուրիշ անգամ, իսկ մինչ այդ անցնենք ամենակարևորին՝ ինչպես են SAFE-ը որոշում ներդրումները:
Որքա՞ն է ներդնում Y Combinator-ը
Բոլոր ներդրումների համար արժեքը մեկն է՝ $500,000՝ հատկացվող յուրաքանչյուր ընկերությանը ստանդարտ պայմաններով:
$500 հզր ներդրումը բաժանվում է 2 առանձին SAFE-երի՝
- $125,000 ներդրում SAFE՝ տվյալ ստարտափի 7% վերադարձով,
- $375,000 բաց SAFE՝ Առավելագույն Բարենպաստ Դրությամբ (Most Favored Nation):
Մանրամասն գլխավոր գործարքի մասին այստեղ է:
Հաջողության գործակցի մասին
Մի՞թե բոլորը, ովքեր Y Combinator-ի հետ այս կամ այն կերպ առնչվում են, կարողանում են հաջողության հասնել: Իհարկե, պատասխանը բացասական է: Սակայն հեշտ է հաշվարկել «հաջողության գործակիցը»: 2022-ին Y Combinator-ը թողարկեց իր պատմության 271 ամենահաջողակ ստարտափների ցանկը: Եթե հաշվի առնենք, որ այդ պահի դրությամբ ներդրում ստացած ընկերությունների թիվը 3000 էր, կստացվի, որ «հաջողության գործակիցը» 9-10% է:
YC-ին մասնակցելը ամենևին չի երաշխավորում հաջողություն ունենալը, սակայն այն տալիս է հիմք, որի ճիշտ կիրառումը այդ հաջողության աղբյուր կարող է լինել:
Անվճար ռեսուրսների մասին
«Ընդունման գործակցի»՝ բավականին ցածր լինելու պատճառով շատ ստարտափներ ուղղակի հնարավորություն չեն ունենում՝ ստանալու YC-ում առկա գիտելիքներն ու փորձը: Մեկ այլ խնդիրն էլ ծագում է այն ժամանակ, երբ հասկանում ես, որ եթե ինքդ չդնես դեռևս միայն գաղափարներում դեգերող մարդկանց կրթելու ու դեպի ստարտափ տանող ճիշտ ուղին ընտրելու սկիզբը, ոչինչ էլ չի ստացվի:
Ստարտափերներն էլ դպրոց ունենում
Եվ հե՛նց այս պատճառներից ելնելով՝ Y Combinator-ն ունի Startup School-ը: Եթե Y Combinator-ին մասնակցելը երազանք է, ապա Startup School-ից պատմեմ՝ ելնելով սեփական փորձից: Նոր եք սկսում ստարտափ կամ մտածում եք այդ ուղղությամբ, կա՛մ էլ կան բացեր, որոնք անհրաժեշտ է լրացնել: Բոլոր այս հարցերում գալիս է օգնելու Startup School-ը՝ անվճար ռեսուրս, որտեղ YC-ի գործընկերներն ու ոլորտի ամենավառ դեմքերը կիսվում են իրենց փորձով: Այս ռեսուրսից հնարավոր է օգտվել աշխարհի ցանկացած ծայրից: YC-ի թիմն էլ միայն նպաստում է լավագույն արդյունք ձեռք բերելուն:
Նախորդ տարի մասնակիցները բաժանվել էին նաև ըստ երկրների: Ամենատարբեր քաղաքներում հավաքվում էին՝ քննարկելու անցած դասն ու կիսվելու սեփական ստարտափների պատմություններով: Երևանում ևս Startup School-ային հանդիպումներ էին տեղի ունենում՝ ընդհուպ մինչև դպրոցի ավարտից հետո Y Combinator-ի հիմնական ծրագրին մասնակցության դիմումը միասին լրացնելը:
Արդյո՞ք սկսել ստարտափ, ինչպե՞ս գնահատել գաղափարները, ինչպե՞ս «լեզու գտնել» հաճախորդների հետ և, ի վերջո, ինչպե՞ս ներդրում գտնել: Այս հարցերի պատասխանները Startup School-ի օրակարգում էին: 2022-ի Startup School-ի հոլովակների հղումն այստեղ է:
Գտնել համահիմնադի՞ր
Եթե երբևէ ներկա եք եղել որևէ հաջողակ ստարտափերի ելույթի ու լսել «հարցուպատասխանը», անպայման լսած կլինեք. «Իսկ ինչպե՞ս գտնել համահիմնադիր»: Այս հարցը պարտադիրների շարքից է: Միշտ: Ի՞նչ է արել Y Combinator-ը: Իրավացի եք, ստեղծել է համահիմնադիր գտնելու հարթակ՝ Co-Founder Matching:
Այստեղ կլինի սարսափելի համեմատություն, սակայն առաջին անգամ, երբ հայտնվում ես այս հարթակում, տպավորություն է՝ տեսնում ես Թինդերը: Ուղղակի ստարտափերների համար: Նշում ես մի քանի տվյալ քո մասին և թե ինչպես/որ ոլորտում կարող ես օգտակար լինել այլ համահիմնադիրների, հետո թերթում նրանց անկետաները՝ համապատասխան տարբերակը գտնելու համար:
Վերևում էլ իմ «ձեռքբերումներն» են այս հարցում՝ 1 ակտիվ և 28 չպատասխանած հարցում: 1 ակտիվն էլ ծանոթ էր 😀
Մինչ սա փնտրում էի, YC-ի կայքը հուշեց, որ ավելի քան 100 հզր «համահիմնադրային հանդիպում» է եղել, ինչը միայն կարող է հիացնել:
Ընդամենը 1 նախադասությամբ՝ բիզնեսները ստիպված կլինեն տարեկան մոտ 10 մլրդ դրամ հավելյալ հարկ վճարել
Կին հիմնադիրները՝ YC-ի թույլ կողմ
Հոդվածը գրելու ընթացքում հարցում արեցի ChatGPT-ին՝ պարզելու իրեն հայտնի այն բացասական կողմերը, որոնք կարելի է դիտարկել Y Combinator-ի «կյանքը» քննարկելիս: Առաջին կետով նշված էր կին հիմնադիրների՝ քիչ լինելը բոլոր ստարտափերների թվում: Իհարկե, սա խնդիր է, որն առկա է ոչ միայն Y Combinator-ում, այլ նաև ստարտափային ընդհանուր էկոհամակարգում:
Y Combinator-ի $600 մլրդ ներդրում ստացած 4000 ստարտափներից կանանց բաժին է հասնում $8,4 մլրդը՝ ընդհանուր $45,5մլրդ արժողությամբ: 2020 թվականի դրությամբ ընկերությունների 16%-ը ունի կին հիմնադիր, իսկ 9%-ի դեպքում էլ հիմնադիրներից գոնե մեկն է կին:
Այս թվերի համար YC-ն շատ անգամներ քննադատության է ենթարկվել, բայց, եկեք անկեղծ լինենք, առանձին միջոցառումներ՝ հօգուտ խնդրի լուծման դեռևս չեն նկատվում:
Y Combinator-ն ու նոր ժամանակները
Տեխնոլոգիական ոլորտի վայրիվերումները, Sillicon Valley Bank-ի սնանկացումն ու անդունդային իրավիճակը ՏՏ-ում, իհարկե, չէին կարողա չանդրադառնալ Y Combinator-ի կյանքի վրա: Մարտին YC-ի ներկայիս տնօրեն Գերի Թենը հայտարարեց, որ աշխատանքից ազատվելու է ընկերության աշխատակիցների 20%-ը: Դրանից էլ զատ՝ նա նշեց, որ YC-ն հայտնի է վաղ շրջանում գտնվող ստարտափների ֆինանսավորմամբ, իսկ «առավել ուշ փուլերում ներդրումները նվազեցվելու են, քանի որ դա ընկերության հիմնարար առաքելությունից շեղում է»:
Ի դեպ, գրեթե մեկ տարի առաջ Y Combinator-ն իր ստարտափներին նամակ էր ուղարկել՝ նշելով, որ նրանք «պետք է պատրաստ լինեն վատագույնին»: Իսկ թե ինչպես դա անել, կարդացե՛ք ամբողջական նամակում:
Հայերը Y Combinator-ում
Y Combinator-ի անդրանիկ ստարտափների թվում էր Reddit-ը, որի համահիմնադիրը Ալեքսիս Օհանյանն է: Հետագայում նա դարձավ Y Combinator-ի գործընկերներից մեկը: Իսկ YC-ից հետո էլ՝ հաջողակ կազմակերպություն, որը, ասում են, այս տարի վերջապես IPO դուրս կգա:
YC-ում հայտնի ստարտափներից մեկը Wakie-ն է: Հիմնադիրները Թաթուլ և Հրաչիկ Աջամյաններն են: Wakie-ն սոցիալական հարթակ է և կայք, որը թույլ է տալիս օգտատերերին կապ հաստատել պատահական անծանոթների հետ ողջ աշխարհից՝ ամենատարբեր զրույցներ ունենալու համար. լինի դա ընկերական չատ, խնդրանք խորհրդի համար կամ ժամանակ սպանելու միջոց: Հավելվածը օգտատերերին միավորում է անանուն կերպով և պատահականորեն այնպես, որ օգտատերերը չկարողանան կառավարել մեկ ուրիշի հետ կապվելու գործընթացը:
Այս տարի ևս հայկական մեկ այլ ստարտափ՝ Cloudchipr-ը, մասնակցում է Y Combinator-ի նոր փուլին: Cloudchipr-ը AWS որակավորված SaaS հարթակ է, որն ապահովում է հզոր գործիքների փաթեթ՝ ծախսերին հետևելու, ռեսուրսների կառավարման և ավտոմատացման համար:
Անկախ գտնվելու վայրից՝ Y Combinator-ի դռները բաց են լավ գաղափարների ու պրոդուկտների առաջ:
Ավարտի փոխարեն
«Ծրագրերը, ինչպես գեղանկարչությունը, ստեղծված են մարդկանց համար: Եվ դա է պատճառը, որ ինչպես ծրագրավորողները, այնպես էլ նկարիչները պետք է կարողանան ապրումակցել: Նայել պրոդուկտներին օգտատերերի աչքերով»:
Ավարտենք YC-ի ուսումնասիրությունը, ինչպես սկսել էինք՝ Փոլ Գրեհեմի տողերով: Եվ եթե ունեք ստարտափ, անկախ Y Combinator-ում հայտնվելուց՝ սիրե՛ք Ձեր օգտատերերին ու ինչպես YC-ի կարգախոսում է ասվում՝ «Ստեղծե՛ք պրոդուկտ, որը ցանկանում են ունենալ մարդիկ»:
Կարդացե՛ք նաև՝
- Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը Ինստագրամի սթորիների օգնությամբ
- 10 միֆ ստարտափների մասին՝ ըստ Արմեն Ավագյանի
- Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով
Բաժանորդագրվե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին ևս՝ ամենահետաքրքիր հոդվածները և արդիական նորությունները բաց չթողնելու համար: