Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով

Մարքեթինգի գրեթե բոլոր մասնագետները աշխատանքային հարցազրույցի ընթացքում գոնե մեկ անգամ լսել են «Ինձ վաճառի՛ր այս գրիչը» արտահայտությունը։ Արհեստական բանականության դարաշրջանում լավագույն պատասխանը կլինի՝ «Այս գրիչը արհեստական բանականության վրա է հիմնված»։ 

Այսօր արհեստական բանականության (AI) վրա հիմնված տեխնոլոգիաները գերակա դիրք են գրավում բազմաթիվ ոլորտներում․ արհեստական բանականության տարրերն առկա են գրեթե բոլոր ծրագրային արտադրանքներում և ծառայություններում։ AI (artificial intelligence)-ը դարձել է ներդրումային առաջնահերթություն աշխարհի ընկերությունների գրեթե մեկ երրորդի համար։ Եվ AI-ի արագ աճող տեմպերին զուգընթաց, գրեթե բոլոր մարքեթինգային հարթակները և գործիքները ևս շտապում են ավելացնել AI իրենց գործիքակազմում։  

- Advertisement -
Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով

Առաջադրանքները, որոնց վրա մարդիկ սովորաբար ծախսում են ժամեր, օրեր, երբեմն նույնիսկ ամիսներ, արհեստական բանականությունը կարող է կատարել հաշված վայրկյաններում։ Ուստի ավելի ու ավելի շատ ընկերություններ են ներդրումներ կատարում արհեստական բանականության վրա հիմնված մարքեթինգում։

AI-ի և Մարքեթինգի Կապը

Ի՞նչ է Արհեստական բանականությունը

Արհեստական բանականությունը բարդ հարթակ կամ ծրագրաշար է, որը կարող է մշակել մեծ քանակությամբ տվյալներ: Տվյալները, որոնք AI-ն մշակում է, պատմական և փորձարարական տեղեկատվության խառնուրդ են: Համակարգն այնուհետև կարող է բացահայտել օրինաչափություններն ու շեղումները և նույնիսկ կանխատեսումներ անել: 

Եթե AI-ն իր ձևավորման սկզբնական փուլում հիմնված էր պարզապես ավտոմատացված առաջադրանքների վրա (weak AI), ապա այսօր այն կարողանում է մտածել (Strong AI),  ընդօրինակում է մարդու ինտելեկտը, խնդիրներին անհատական լուծումներ է առաջարկում և աստիճանաբար նոր հմտություններ ձեռք բերում։ 

Ըստ վիճակագրության, AI տեխնոլոգիաների կիրառումը կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը մինչև 40%-ով: Պատահական չէ, որ դեռևս 2018 թվականին McKinsey-ի ավելի քան 400 վերլուծությունների արդյունքները ցույց են տվել, որ մարքեթինգն այն տիրույթն է, որտեղ AI-ն մեծագույն արժեք կարող է դառնալ։ 

Եվ իրոք դա այդպես է․․․

AI-ի ազդեցությունը մարքեթինգում կարող է հսկայական լինել։ 

Հաճախորդների 76%-ն ակնկալում է, որ ընկերությունները կկանխատեսեն իրենց նախասիրությունները, կարիքները, ակնկալիքները և մտահոգությունները:

Ինչը գալիս է ապացուցելու վերջին ժամանակներում ChatGPT-ի սահուն մուտքը մեր կյանք և համատարած կիրառումը հատկապես մարքեթոլոգների, ծրագրավորողների և թարգմանիչների շրջանում։ 

Բացահայտելով ChatGPT-ն. նրա հնարավորություններն ու տարբեր ոլորտներում կիրառումը

AI-ի Կիրառումը Մարքեթինգում. Առավելությունները

AI-ի որոշակի առավելություններից օգտվելը կարող է դրականորեն ազդել մարքեթինգային գործընթացների և արդյունքների վրա: Մարքեթինգային ռազմավարություն մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել AI-ի ընձեռած լայն հնարավորությունները, առավելություններն ու թերությունները։

Ընդ որում, AI Մարքեթինգի ամենաառանցքային առավելությունն ամենօրյա կրկնվող գործընթացների ավտոմատացման հնարավորությունն է, ինչպիսիք են՝ ամենօրյա թասքերը, վերլուծությունները, արշավները։ Նման աշխատանքների ավտոմատացման շնորհիվ հնարավոր է դառնում կենտրոնանալ առավել ռազմավարական որոշումների և ստեղծագործական աշխատանքների վրա։ 

Առավելություն #1 . Գործընթացների ավտոմատացում

Մարքեթինգում առավել հաճախ ավտոմատացման են ենթարկվում են հետևյալ ուղղությունները՝

  • Քոնթենթի ստեղծում և օպտիմիզացիա
  • Ուղղագրական, շարահյուսական և քերականական սխալների վերհանում և ուղղում
  • Մեկնաբանությունների և էլ․նամակների վերլուծություն, դասակարգում և պատասխանում
  • Մարքեթինգային արշավների ավտոմատացում (լենդինգ էջերի ստեղծում և հաճախորդների սեգմենտավորում)
  • Մարքեթինգային տարատեսակ վերլուծությունների իրականացում և զեկույցների կազմում
  • Ապրանքների և ծառայությունների խիստ անհատականացված և թիրախավորված առաջարկներ
  • Սոցիալական մեդիայի պլանավորում, իրականացում և արդյունքների վերլուծություն
  • Կայքի գործարկում, օպտիմիզացում և նույնիսկ թեստավորում

Առավելություն #2․ Վարքային կանխատեսումներ

Տվյալների վերլուծությունների վրա հիմնված կանխատեսումները թույլ են տալիս ընկերություններին հասկանալ/կանխատեսել օգտատերերի նախասիրությունները, խնդիրները և կարիքները, այնուհետև այդ տվյալների հիման վրա կատարել համապատասխան առաջարկներ: 

Այսպես, օրինակ Netflix-ը արդյունավետ կերպով օգտագործում է այս մոտեցումը ֆիլմերի առաջարկներ կատարելիս, իսկ Amazon-ը՝ ապրանքների: 

Այս մոտեցումը որդեգրելու շնորհիվ՝ կարելի է մշակել տվյալների մի շարք դրույթներ, որոնք կօգնեն օգտվողներին ուղղորդել դեպի որոշակի ապրանք կամ ծառայություն:

Առավելություն #3․Ծախսերի խնայողություն

Թեև AI-ը մարքեթինգում ինտեգրելը պահանջում է որոշակի ներդրումներ, սակայն դա բերում է մեծ ծախսերի խնայողության հետագայում։

Առաջադրանքների ավտոմատացման և արդյունավետության բարելավման միջոցով AI կարող է օգնել ընկերություններին խնայել մարքեթինգային այնպիսի ծախսեր, ինչպիսիք են հավելյալ մասնագետների ներգրավվումը և գովազդային ծախսերը:

Առավելություն #4․ Արագություն և ճշգրտություն

AI֊ի շնորհիվ անհամեմատ կարճ ժամանակում կարելի է ունենալ հսկայական քանակությամբ տվյալների վերլուծություն՝ վերցված տարբեր աղբյուրներից՝ սոցիալական մեդիայից, Email Marketing-ից, վեբկայքերից, գովազդային արշավների արդյունքներից և այլն:  

Ի հավելումն, AI ալգորիթմները կարող են վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ և բացահայտել օրինաչափություններ, որոնք կարող են բաց թողնվել մարդկանց կողմից: Սրա շնորհիվ կարելի է կայացնել տվյալների վրա հիմնված արագ և ճշգրիտ որոշումներ: Ահա թե ինչու AI մարքեթինգը նախապայման է յուրաքանչյուր բիզնեսի համար:

Առավելություն #5․ Արդյունավետ թիրախավորում

AI-ն կարող է օգնել առավել արդյունավետ կերպով բացահայտել և թիրախավորել հաճախորդներին՝ մեծացնելով կոնվերսիայի հավանականությունը և բարելավելով ROI-ն (ներդրումների վերադարձը): Արհեստական ինտելեկտի միջոցով հնարավոր է նաև կանխատեսել, թե հաճախորդների որ սեգմենտն առավել արագ կփոխակերպվի գնորդի: Նման կանխատեսումները թույլ կտան մարքեթոլոգներին նպատակաուղղել թիրախավորման ջանքերը և շոշափելի արդյունքներ  արդյունավետ։ 

AI-ը աշխատում է 24/7

Եվ իհարկե AI-ի ամենամեծ առավելությունը նրա հասանելիությունն է՝ այն  հանգստի կարիք չունի, չի հոգնում, արձակուրդ չի գնում։ 

Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով

AI-ի Կիրառումը Մարքեթինգում. Թերությունները

Թեև AI-ն մարքեթինգում ինտեգրելու բազմաթիվ առավելություններ կան, այն ունի նաև իր բացասական կողմերը, որոնք ևս մասնագետները պետք է հաշվի առնեն:

Թերություն #1․ Զգացմունքների բացակայություն

Թեև AI-ը կարող է անհատականացնել մարքեթինգային արշավները՝ օգտագործելով արդի տվյալներ, դա բնավ չի նվազեցնում մարդկային կապերի անհրաժեշտությունը: Օրինակ, չաթ-բոտերը արհեստական ինտելեկտի կիրառման ամենատարածված ձևերից են, որոնք կիրառվում են հիմնականում հաճախորդների հետ հաղորդակցությունն ավտոմատացնելու նպատակով:

Այնուամենայնիվ, ի տարբերություն մարդկանց, չաթ-բոտերը չեն կարող զգացմունքներ դրսևորել և դժվար թե հաճախորդի հարցմանը վերաբերվեն կարեկցանքով:

Բացի այդ, չաթ-բոթերն ունեն սահմանափակ պատասխաններ և երբեմն չեն տիրապետում տվյալների, որոնք անհրաժեշտ են հաճախորդի հարցին բավարար պատասխան տալու համար:

Արդյունքում հաճախորդները զգում են, որ իրենց մտահոգությունները լուրջ չեն ընդունվում, որը կարող է բացասական հետևանքներ թողնել բրենդի հետ հարաբերությունների վրա։  

Համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ սպառողների 53%-ը կրճատել է ծախսերը անհաջող փորձառության արդյունքում:

Որակյալ սպասարկումը կարևոր նախապայման է հաճախորդների պահպանման համար, ուստի չպետք է հաճախորդների հետ հաղորդակցությունը չափից ավելի վստահել AI-ին։

Թերություն #2․ Սխալվելու հավանականություն

Գրեթե անհնար է ամբողջությամբ ապավինել AI գործիքների անսխալականությանը: Ինչպես ցանկացած տեխնոլոգիա, AI գործիքները ևս ունենում են խնդիրներ, որի արդյունքում ունենում ենք օրինակ ոչ ճշգրիտ վերլուծություններ:

Թերություն #3․ AI-ին անհրաժեշտ է հսկայածավալ թարմ դատա և մարդկային միջամտություն

Արհեստական բանականության խելացի և ընդունակ լինելը անմիջական կապ ունի տրամադրված դատայի որակի և արդիականության հետ: Սահմանափակ կամ հին դատան հանգեցնում է AI-ի թերի կամ սխալ կատարման։ Աշխարհն անընդհատ շարժման մեջ է և սահմանափակ տվյալներով «կերակրված» AI-ը անսովոր և անկանխատեսելի իրավիճակի հանդիպելիս պարզապես ձախողում է։ 

Օրինակ, բոլորին քաջածանոթ ChatGPT գործիքում առկա տվյալները մինչև 2021 թվականի են։ Այս ժամանակային սահմանափակումը հաճախ նվազեցնում է նրա հնարավորությունները՝ ընդհուպ մինչև ժամանակավրեպ տեղեկություններ տրամադրելը։  

Թերություն #4․ AI-ի Հնարավորությունների գերագնահատում

Շատ անգամ մարդիկ՝ ունենալով բավական բարձր կարծիք AI-ի վերաբերյալ և գերագնահատելով են նրա ունակությունները, ունենում են խիստ անիրատեսական ակնկալիքներ AI-ից։ 

AI-ն ունի բազմաթիվ ապացուցված օգտագործման դեպքեր մարքեթինգի համար, բայց կարևոր է, որ հաճախորդները, վաճառողները, մատակարարները, խորհրդատուները հստակ սահմանեն իրականության և ակնկալիքների սահմանները։

Թերություն #5․ AI-ն զուրկ է ստեղծագործական մտքից

Մարքեթոլոգի կարևորագույն հատկություններից է ստեղծարար միտքը՝ նորարարական և տարբերվող լուծումներ առաջ քաշելու, ռազմավարություններ մշակելու, բրենդի առանձնահատկություններին համապատասխան բովանդակություն ստեղծելու համար, որոնք ավելի հասու կլինեն թիրախային լսարանին և կխթանեն մարդային կապերի հաստատմանը և ամրապնդմանը։ 

Օրինակ, AI-ի կողմից ստեղծված բովանդակությունը երբեմն կտրված է լինում ընդհանուր համատեքստից, ուստի կարող է ձանձրալի կամ անհետաքրքիր լինել: 

Ի վերջո, AI-ն կարող է հիանալի գործիք լինել մարքեթինգային որոշակի գործընթացներ  ավտոմատացնելու և պարզեցնելու համար, սակայն AI-ն չի կարող փոխարինել մարդուն և կայացնել որոշումներին։ 

Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով

Նախագիծն է թելադրում իր ռազմավարությունը և AI գործիքակազմը

Արհեստական բանականությունը կազմակերպություններին հնարավորություն է տալիս բարելավել իրենց ընդհանուր մարքեթինգային գործունեությունը՝ ավտոմատացնելով ամենօրյա մարքեթինգային առաջադրանքները, ինչպես օրինակ էլեկտրոնային նամակների պլանավորումն ու ուղարկումը, նպաստում է կանխատեսումների ճշգրտության բարձրացմանը, տրամադրում է տվյալների վերլուծություն և այլն: 

Մարքեթինգային ռազմավարություններ մշակելիս պետք է հաշվի առնել մի շարք կարևոր գործոններ, ինչպիսիք են՝ 

  • բիզնեսի առանձնահատկությունները 
  • թիրախային շուկայի խորը վերլուծությունը
  • մրցակցային առավելությունների ճշգրիտ սահմանումը
  • լսարանի հստակ թիրախավորումը
  • սեգմենտավորումը և վերաթիրախավորումը
  • առկա ռիսկերը
  • առաջարկվող լուծումները և այլն կախված բիզնեսի ոլորտից և շուկայից։

Նաև շատ կարևոր է ընդգծել, որ հաջողված մարքեթինգային ռազմավարության հիմքում ընկած է համապատասխան մարքեթինգի ուղղությունների, հարթակների, գործիքների համադրումը և կիրառումը, ինչպես նաև ճիշտ մարքեթինգային ավտոմատացումը ՝ AI գործիքների ներդրմամբ։ 

Որևէ մոտեցում կարող է լավ աշխատել տվյալ բիզնեսի դեպքում, սակայն մեկ այլ բիզնեսի համար ձախողել՝ անկախ նրանից, թե որքանով նման կարող են լինել երկու տարբեր նախագծերը։ Ուստի յուրաքանչյուր բիզնեսի մարքեթինգային ռազմավարություն կազմելիս պետք է ունենալ անհատական մոտեցում՝ հիմնվելով վերլուծությունների, հետազոտությունների և կանխատեսումների վրա։

Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ ես ակտիվորեն ներգրավված էի AI-ի վրա հիմնված կողմնակի աղմուկը խլացնող Krisp ընկերության մարքեթինգային արշավների ստեղծման և իրականացման աշխատանքներում, AI մարքեթինգային գործիքները դեռևս լայն տարածում չունեին։ 

Իսկ այսօր, երբ որպես CMO պատասխանատու եմ Manot ընկերության (որը ևս հիմնված է AI տեխնոլոգիաների վրա) մարքեթինգը որպես առանձին ուղղություն հիմնելու և զարգացնելու համար, ապա պետք է նշեմ, որ այն յուրահատուկ մոտեցում է պահանջում։ Շատ կարևոր է, նախ ամենայն խորությամբ հասկանալ տեխնոլոգիայի առանձնահատկությունները և մարտահրավերները։ Այն, ինչ հաջողվել է նախորդ նախագծի դեպքում, հաջորդի դեպքում կարող է սխալ ընտրություն լինել և հակառակը։

Տեսականից անցում կատարելով գործնականին, ստորև AI-ի մի քանի գործիք կառանձնացնեմ, որոնք կարելի է կիրառել մարքեթինգային արշավներում։ 

Ինչպե՞ս չափել մարքեթինգը․ ոչ միայն փողով, այլ նաև KPI-ներով

AI գործիքակազմ (Վճարովի և Անվճար)

Մարքեթինգային արշավի յուրաքանչյուր կետում AI-ն առաջարկում է պատրաստի լուծումներ։ Օրինակ, արհեստական բանականությունը կարող է տարատեսակ քոնթենթ գեներացնել, մուտքագրված տեքստի հիման վրա նկարներ, վիդեոներ և այլ վիզուալներ ստեղծել, առաջարկել կայքերի դիզայնի և կառուցվածքի տարբերակներ, օպտիմիզացնել գովազդային արշավները և այլն։ 

Բազմագործառույթ AI գործիք

Հեղափոխական ChatGPT-ն կարող է օգտակար լինել մարքեթինգային գրեթե յուրաքանչյուր աշխատանք կատարելիս, պարզապես անհրաժեշտ է ճիշտ ձևակերպել պահանջները և վայրկյանների ընթացքում ստանալ ՝ էլ. նամակներ, բլոգային գրառումներ, պրոդուկտի նկարագրություններ, գովազդային տեքստեր, վերնագրեր, կայքի կառուցվածքային ձևանմուշներ, սոցիալական լրատվամիջոցների ենթագրեր և այլն: 

Հնարավոր է նրան խնդրել, օրինակ որպեսզի փոփոխի քոնթենթի հնչերանգը՝ դարձնելով ավելի պաշտոնական կամ ըստ կիրառության համապատասխանեցնի որևէ  նպատակի, օրինակ՝

«Բարելավել առկա բովանդակությունը SEO նպատակի համար»:

Նույնիսկ կարելի է մուտքագրել որևէ բիզնեսի մասին մանրամասներ և խնդրել, որպեսզի այն համապատասխան մարքեթինգային ռազմավարություն մշակի։
Իհարկե այս ամենը չափազանց գայթակղիչ է, բայց, ի վերջո, բիզնեսի լավագույն մարքեթինգային ռազմավարությունները կախված են յուրահատուկ նպատակներից և մարտահրավերներից, ինչպես նաև առկա ռեսուրսներից։ 

Միշտ պետք է հիշել, որ ChatGPT-ն չի տրամադրում real-time տվյալներ և ունի սահմանափակ տեղեկություններ։ 

Նկարների գեներացում

Այսպիսի հնարավորություն է առաջարկում DALL-E ծրագիրը․ անսխալ համադրում է հասկացությունները, վերարտադրում է տեքստը և փոխակերպում գոյություն ունեցող պատկերները։ 

Որպես AI պատկերների գեներատոր գործիք՝ կարելի է դիտարկել նաև Midjourney մշակումը։ 

Քոնթենթի գեներացում

Տեքստեր գեներացնելու համար օգտակար կլինի Copy.AI-ը։ Այն օգնում է որակյալ քոնթենթ ստեղծել, բլոգի հոդվածներ, լենդինգ էջերի և սոցիալական ցանցերի համար նախատեսված  տեքստեր, ինչպես նաև պրոդուկտի նկարագրություններ։ Պարզապես անհրաժեշտ է մուտք գործեք Copy.Ai և փնտրել անհրաժեշտ ձևանմուշը։ 

Նաև կան մի շարք AI գործիքներ, որոնք նախատեսված են ոչ միայն քոնթենթի ստեղծման, այլ նաև օպտիմիզացիայի համար։ Այդ գործիքներից է նաև Article forge ծրագիրը։ Այն կպահանջի միայն բանալի բառը և հաշված րոպեների ընթացքում կունենաք ամբողջական հոդված։ 

Տեքստերի խմբագրում

Պատրաստի տեքստերը կարելի է կատարյալ տեսքի բերել Grammarly կամ Hemingway APP ծրագրերի օգնությամբ,  ստուգելով շարահյուսական, ուղղագրական և քերականական սխալները, ինչպես նաև առաջարկում է ճիշտ տարբերակներ։  

AI հիմքով SEO գործիքներ 

SE օպտիմիզացիայի գործիքակազմում կարելի է ավելացնել  Surfer SEO-ն կայքի բովանդակության, բանալի բառերի վերլուծության, կայքի աուդիտ իրականացնելու նպատակով։ 

Frase AI կօգնի ուսումնասիրել, գրել և օպտիմալացնել բարձրորակ SEO բովանդակություն րոպեների ընթացքում: 

Վիդեոների գեներացում

Հնարավորությունները բազմաթիվ են նաև տեսանյութերերի դեպքում. Synthesia-ն կստեղծի AI տեսանյութեր, պարզապես անհրաժեշտ է մուտքագրել տեքստը։ Արդյունքում՝ բարձրորակ տեսանյութ՝ պարզ և ինտուիտիվ ինտերֆեյսով։

AI-ի առաջարկած գործիքակազմը բազմազան է։ Մնում է յուրաքանչյուր իրավիճակի և աշխատանքին համապատասխան գործիք գտնել և ճիշտ համադրել այ մարքեթինգային ռեսուրսների հետ։

Ամփոփում

Այսպիսով, AI-ը կտրուկ դարձավ մեր առօրյայի անբաժան մաս և աստիճանաբար անհրաժեշտություն է առաջանում, որ յուրաքանչյուր մասնագետ տիրապետի համապատասխան AI լուծումների և ներդնի AI-ը իր գործիքակազմում։ Այնուհանդերձ, AI-ը երբևէ չի կարող փոխարինել մարդուն, եթե մարդը վերահսկում է AI-ը։ Ի վերջո, AI-ն ընդամենը գրիչ է, իսկ գրիչը չի կարող դառնալ բանաստեղծ:

Կարդացե՛ք նաև՝

Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով

Տաթև Հակոբյան

Թվային մարքեթինգի փորձագետ, մարքեթինգի խորհրդատու՝ 10 + տարիների փորձով` SEO, Growth Marketing, Acquisition Marketing, Generative AI Marketing

CEO & Co-Founder at GrowthHub

CMO at Manot

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով

Վերջին նորությունները

Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: