ՏՏ ոլորտի խոշոր հարկատուները նվազող դինամիկա են ցուցաբերել 2024թ. առաջին 9 ամիսներին

0
104
ՏՏ ոլորտի խոշոր հարկատուները նվազող դինամիկա են ցուցաբերել 2024թ. առաջին 9 ամիսներին

Modex-ի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 79 ՏՏ ընկերությունները պետական բյուջե են վճարել 64 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 1.4 մլրդ դրամի նվազում։

Ոլորտի ընկերությունների վճարումները կազմել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 4.1%-ը։ Շահութահարկի գծով վճարվել է 10.7 մլրդ դրամ, որից 1.3 մլրդ դրամը (12%) ապահովել է ոլորտի առաջատար Synopsys Armenia-ն։

Հատկանշական է, որ ՏՏ ոլորտի 20 խոշորագույն հարկատուներից 9-ի դեպքում գրանցվել է հարկային վճարումների անկում։ Ամենազգալի նվազումը դիտվել է Veeam Armenia, DataArt, VMware և EPAM ընկերությունների մոտ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել եկամտային հարկի, իսկ որոշ դեպքերում նաև շահութահարկի կրճատմամբ։

Ըստ ներկայացված տվյալների՝ առաջատար դիրքերը պահպանում են Synopsys Armenia-ն (4.16 մլրդ դրամ), KEH Armenia-ն (Avito, 3.54 մլրդ դրամ) և EPAM-ը (2.88 մլրդ դրամ)։

Նշենք, որ յուրաքանչյուր ընկերության հարկային ցուցանիշները հաշվարկվել են որպես պետբյուջե վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ-ի ու ակցիզային հարկի մասով միասնական հաշվին վերադարձված գումարների տարբերություն։